Այսօր ՀՀ երրորդ նախագահի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է։ «Պետական-քաղաքական գործիչ, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ Հայաստանի և ազատ ու ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը: Չնայած բոլոր փորձություններին, արժանապատվորեն ընդունելով կյանքի բոլոր հարվածները, իր գաղափարակից ընկերների ու աջակիցների հետ նա այսօր էլ շարունակում է առաջ նայել, հավատալ և պայքարել: Շնորհավորում և լավագույն բարեմաղթանքներ ենք հղում Ձեզ, մեծարգո՛ պարոն նախագահ: Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, արևշատություն, ամենայն բարիք: Թող Աստված Ձեզ անսպառ եռանդ, ուժ ու կորով պարգևի Ձեր առաքելության իրականացման ճանապարհին»,-ասված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի հրապարակած շնորհավորական խոսքում։ Կենսագրություն Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական: 1989 թվականից ղեկավարել է ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, իսկ 1992 թվականից` դրա հիման վրա ձևավորված և ԼՂՀ պաշտպանության բանակի հիմքը դարձած ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեն: 1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր: 1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար: 1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար: 1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար: 1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար: 1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար: 2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ: 2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը: 2008 թվականի փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008 ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2013 թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013 թվականի ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը: 2018 թվականից ապրիլի 17-ին ԱԺ-ի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում և Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել վարչապետ: 2018 թվականի ապրիլի 23-ին ներկայացրել է իր հրաժարականը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչև 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ: 2006- 2018 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը: 2004 թվականից Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգեւներ: Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է: Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և հինգ թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը, Ռիտան և Տիգրանը:

Լրահոս