Այն, որ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն ու ընդլայնումն իրադրությանը նոր լարվածություն և անկանխատեսելիություն է հաղորդել, արդեն տեսանելի է. Տիգրան Աբրահամյան

Մեր տարածաշրջանում իրադարձությունները բավականին բարդ փուլ են մտել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ այս զարգացումները պայմանավորված են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կիսափակուղային հանգամանքով, այլև ռեգիոնալ, աշխարհաքաղաքական բախումների ու կոշտ դիմակայությունների պատճառով: «Երկրորդ հանգամանքը կտրուկ սրվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից անմիջապես հետո: Սրա դեմ ոչ միայն Ադրբեջանն է հանդես գալիս, այլև հարևան Իրանն ու ՌԴ-ն: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է` սահմանագծին լրացուցիչ «աչքերի» ներկայությունն արդեն խնդիր է, հատկապես, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառման իր ավանդական մոտեցումներից: ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ: Իրանն էլ նշում է, որ տարածաշրջանում երրորդ երկրների նման ներկայությունն անթույլատրելի է` սպառնալիք տեսնելով, որ մի փուլում դա իր դեմ կարող է ուղղվել: Երբ սրան գումարվում է ՀՀ իշխանությունների անկանխատեսելի և ոչ ընկալելի արտաքին քաղաքականությունը, պատկերն առավել ամբողջական է դառնում: Թե ի՞նչ է տալիս կամ ի՞նչ կտա ԵՄ դիտորդական առաքելությունը` հարցի միայն մի կողմն է, բայց այն, որ նրանց տեղակայումն ու ընդլայնումը իրադրությանը նոր լարվածություն և անկանխատեսելիություն է հաղորդել, արդեն տեսանելի է»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Լրահոս