ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանին ու Ադրբեջանին ներգրավել բանակցություններում, նման պատրաստակամություն է տեսնում նաև այլ երկրների կողմից. Միլլեր
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, պատասխանելով փակուղում հայտնված վաշինգտոնյան բանակցությունների մասին հարցին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությանը ներգրավել և առաջարկել իր ներդրումն ունենալ տևական խաղաղության հարցում, որտեղ հաշվի են առնվում յուրաքանչյուրի շահերը:
Նա ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների կարևորությունը` հարցերի լուծման և երկարաժամկետ համաձայնության հասնելու համար:
Միլլերը նշել է, որ տեսնում են նաև այլ երկրների պատրաստակամությունը` նպաստելու այդ բանակցություններին:
Նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունները, թե Վաշինգտոնում ծրագրվում էր երկու երկրների միջև հանդիպում անցկացնել, սակայն Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել: