Ակտիվացնել երիտասարդներին, օգտագործել նրանց ներուժը

«Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ նախագահ Արման Ղուկասյանը Արտաշատում հանդիպել է երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել են մարզի հետ կապված խնդիրներ, թե ինչպիսի խնդիրներ են տեսնում երիտասարդները կոնկրետ Արտաշատում, Արարատի մարզում, նաև երիտասարդության դերը երկրի ու մարզի զարգացման հարցում: Հատկապես մարզի հետագա զարգացման հետ կապված երիտասարդները բազմաթիվ խնդիրներ են մատնանշել, առաջ քաշել լուծումներ: Կողմերը քննարկել են դրան ուղղված հնարավոր նախագծերի մշակման հարցեր, դրանք կյանքի կոչման ուղիներն ու տարբերակները: «Խնդիրները բազմաթիվ են ու բազմապիսի և դրանց հաղթահարման գործում շատ կարևոր է նաև երիտասարդության դերը և հատկապես այսօրվա իրողությունների պայմաններում: Եվ շատ կարևոր է, որպեսզի երիտասարդությունը լինի շատ ակտիվ, քանի որ այն մեր ներկան ու ապագան է, և երիտասարդները պետք է պարտադիր իրենց դերն ունենան երկրի կայացման ու զարգացման գործում, երկրին վերաբերող բոլոր հարցերում»,- իր խոսքում նշեց Արման Ղուկասյանը: Նա նշեց, որ նման հանդիպումները լինելու են բոլոր մարզերում, պարբերական բնույթ են կրելու, քանզի երիտասարդների ձայնը, կարծես, լսելի չէ բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են երկրի զարգացմանը: Հանդիպումների արդյունքներով գեներացվելու են տարբեր նախագծեր, ծրագրեր՝ երիտասարդական նախագծեր, մարզի զարգացման ռազմավարություններ և այլն: «Մենք երիտասարդության կողմից մեծ հետաքրքրություն ենք տեսնում, ինչպես նաև նախաձեռնողականություն լինել ավելի ակտիվ, ավելի ներգրավված թե՛ մարզային կյանքում, թե՛ հանրապետական մասշտաբի նախագծերում, մշակել տարբեր ծրագրեր՝ մշակութային, հումանիտար զարգացման ուղղված և այլն: Մեր կողմից պատրաստ ենք հնարավորինս նրանց աջակցել, ուղորդել և օգնել»,- շեշտեց Ղուկասյանը: Նշենք, որ հանդիպումը, որին մասնակցել է մի քանի տասնյակ երիտասարդ, տեղի է ունեցել Զարգացման առաջնորդների համաժողով նախագծի շրջանակներում:

Լրահոս