Իրանը այս պահին մտադիր չէ շարունակել իր գործողությունները

Իրանի Իսլամական Հանրապետությունն այս պահին մտադիր չէ շարունակել իր գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ։

«Օրինական պաշտպանության իրավունքի իրականացումն արտացոլում է Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ»,– X-ի իր էջում գրել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Հռոմի Պապը 11-օրյա այց կկատարի ասիական երկրներ

Հռոմի Ֆրանցիսկոս Երկրորդ Պապը սեպտեմբերի սկզբին երկարատև շրջագայության կկատարի Ասիայի երկրներով, կայցելի Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա, Արևելյան Թիմոր և Սինգապուր:

Ինչպես հայտնել է Սուրբ Աթոռի քարտուղարությունը, այցը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կտևի մինչև սեպտեմբերի 13-ը։

Հռոմի պապը Ջակարտայում կլինի սեպտեմբերի 3-6-ը, Պորտ Մորսբիում և Վանիմոյում՝ սեպտեմբերի 6-9-ը, Դիլիում՝ սեպտեմբերի 9-11-ը, Սինգապուրում՝ սեպտեմբերի 11-13-ը։

87-ամյա Ֆրանցիսկոս Պապը, առողջական վիճակի վատթարացման պատճառով, դադարեցրել էր օտարերկրյա այցերը։ Սեպտեմբերին նախատեսված 11-օրյա ուղևորությունն ամենաերկարն է լինելունրա հովվապետության ընթացքում։ Մինչ այդ Հռոմի Պապն այցելելու է նաև Բելգիա։

Պեսկովը չի բացառել՝ ՌԴ նախագահի երդմնակալությանն ընդառաջ կարող են նոր սադրանքներ լինել

Ռուսաստանի Դաշնության նախագահի երդմնակալությունը և նման խոշոր իրադարձությունները թշնամիները դիտարկում են որպես նոր սադրանքների «հարմար» առիթ ու պատճառ, բայց Մոսկվան սովորել է դրանց դիմակայել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի երդմնակալության նման նշանակալից և խորհրդանշական իրադարձությունները, իհարկե, մեր թշնամիները միշտ դիտարկում են որպես Ռուսաստանում իրավիճակը ապակայունացնելու նոր փորձեր ձեռնարկելու ևս մեկ առիթ։ Մենք սովորել ենք՝ ինչպես պայքարել դրա դեմ և ինչպես դիմակայել դրան։ Սովորել ենք՝ բոլորով միասին»,- այս առնչությամբ ասել է Պեսկովը։

Նորից խոշոր հրդեհ Թուրքիայում, այս անգամ՝ Անկարայի արդյունաբերական գոտում

Անկարայի արդյունաբերական գոտում գտնվող անվադողերի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, ծուխը պատել է քաղաքի հարավ-արևելյան հատվածը։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ անվադողերի պահեստից ու այլ ձեռնարկություններից բացի, այդ հատվածում են գտնվում նաև թափոնների պահեստներ։

Տեղում հրշեջների միանգամից մի քանի ջոկատ է աշխատում, փորձում են այնպես անել, որ հրդեհը տեղայնացվի, չտարածվի կից ձեռնարկությունների վրա, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում են հրդեհվող օբյեկտի մոտ առկա հրակայուն նյութերը, փորձում են ճանապարհ բացել նոր ժամանող հրշեջների համար։

Վիրավորների ու մահացածների առկայության մասին տվյալներ դեռևս չեն հրապարակվում։

Հիշեցնենք՝ երեկ էլ խոշոր հրդեհ էր բռնկվել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում, ինչի հետևանքով մահացածների թիվը 29-ն է։

Բելառուսը չի ցանկանում, բայց պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը թեև չի ցանկանում, բայց պատրաստվում է պատերազմի։

«Ոչ մեկին մի հավատացեք այն հարցում, որ մենք ուզում ենք պատերազմել, մենք պատրաստվում ենք պատերազմի, ես անկեղծորեն ասում եմ այս մասին: Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի. սա ես չեմ հորինել, բայց սա շատ ճիշտ է ասված», — ասել է Բելառուսի ղեկավարը:

Նրա խոսքով, երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում են զենքեր ու տեխնիկա։

«Եթե այնտեղից ինչ-որ մեկը ոռնում և քննադատում է մեզ, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում: Եթե այնտեղ սկսեն գովել մեզ, դա աղետ է», — ասել է Բելառուսի ղեկավարը:

Պետության ղեկավարն ընդգծել է, որ Բելառուսը ոչ մեկին չի սպառնում։

«Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք: Մենք ուրիշի հողը չենք ուզում: Տա Աստված, մեր հողը մշակենք», — ասել է Լուկաշենկոն:

ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել շարժական հրահանգիչների խումբը. ՊՆ-ում փորձի փոխանակման վարժանքներ կլինեն

Պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության շրջանակում ապրիլի 1-ին ԱՄՆ շարժական հրահանգիչների խումբն այցելել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

ՊՆ վարչական համալիրում ապրիլի 1-5-ը հրահանգիչները ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության և «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի ծառայողների հետ անցկացնելու են հանրային կապերի և հաղորդակցության ոլորտում փորձի փոխանակման վարժանքներ:

Ծրագրի մեկնարկին խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի արևելքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Երկրաշարժի օջախը գտնվել է 13,83 կմ խորության վրա։

Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ավագ հինգշաբթիի ծեսը կատարել է Հռոմի բանտի կանանց բաժնում։ Ինչպես հայտնում է Vatican News-ը՝ իրականացնելով Ոտնլվայի կարգը՝ նա լվացել է 12 բանտարկված կանանց ոտքերը։

Ծեսը կապված է աստվածաշնչյան այն դրվագի հետ, որում Հիսուս Քրիստոսը լվանում է իր աշակերտների ոտքերը: Պոնտիֆիկոսը, կատարելով կարգը՝ ցույց է տալիս, որ Հռոմի պապը ևս «ծառա» է:

Ինչպես նշվում է, առաջին անգամ ծեսին մասնակից են դարձել բացառապես կանայք։

Անվասայլակին նստած Պապը լվացել է բանտարկյալներից յուրաքանչյուրի ոտքերը, սրբիչով չորացրել է և համբուրել: Կանանցից մի քանիսը չեն կարողացել զսպել հուզմունքն ու արտասվել են։

«Մենք բոլորս ունենք փոքր, մեծ ձախողումներ, բայց Տերը միշտ գրկաբաց սպասում է մեզ, և նա երբեք չի հոգնում ներելուց», — ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը։

Crocus City Hall-ում վիրավորների թիվը հասել է 360-ի

Crocus City Hall-ում վիրավորների թիվը հասել է 360-ի։ ՏԱՍՍ պետական ​​գործակալության տրամադրած վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության ժամանակ տուժել է ոչ թե 324, ինչպես հայտարարվել էր երկուշաբթի, այլ 360 մարդ։

Նրանց թվում կա 11 երեխա. գործակալությանը հայտնել են Աղետների բժշկության կենտրոնից։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 137 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։

«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը 139 է

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։

«Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, որոնցից այսօր պարզվել է 75-ի ինքնությունը։ Զոհվածների թվում կա երեք երեխա։ Ընդհանուր թվից ահաբեկչության վայրում զոհվել է 137-ը, երկուսը մահացել են բուժհաստատություններում», — Բաստրիկինն ասել է մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Նրա խոսքով՝ հրազենային վնասվածքներից զոհվել է 40 մարդ, իսկ երկու հոգի մահացել է հրազենային ու կտրած-ծակած համակցված վնասվածքներից։

«Հրդեհից՝ բարձր ջերմաստիճանի և այրվող արտադրանքի ազդեցության հետևանքով մահացել է 45 մարդ։ Ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 182 մարդ», — ասել է Բաստրիկինը։

Քննչական կոմիտեի ղեկավարը հավելել է, որ մահվան պատճառները և տուժածների ինքնությունը պարզելու համար նշանակվել և իրականացվում է 160 դատաբժշկական փորձաքննություն։

Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։