Ինչ նվեր է արել Պուտինը Կիմ Չեն Ընին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին «Աուրուս» մեքենա է նվիրել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը փետրվարի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից ռուսական արտադրության ավտոմեքենա է նվեր ստացել։

«Այո, դա «Աուրուս» մեքենան է», — ասել է Պեսկովը:

Նավալնիի մարմինը փաստաբաններին և մորը չեն հանձնի ևս 14 օր

Քննիչները Ալեքսեյ Նավալնիի փաստաբաններին և մորն ասել են, որ չեն հանձնի դիակը։

Այս մասին X-ում գրել է քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Նորից կասեմ՝ Նավալնիի մարմինը թաքցրել են սպանության հետքերը թաքցնելու համար։ 14-օրյա «քիմիական փորձարկումը» բացահայտ սուտ ու ծաղր է»,- գրել է նա։

«Կանգնեցրեք այդ մսաղացը»․ Մասկը՝ Բայդենին

Բիզնես մագնատ Իլոն Մասկը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը՝ ռազմական գործողությունները բնորոշելով որպես «մսաղաց»։

«Ժամանակն է՝ կանգնեցնել այդ մսաղացը»,- X-ի իր էջում գրել է Մասկը՝ այսպես պատասխանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով ավելի վաղ Կոնգրեսին քննադատել էր Ուկրաինային «անհրաժեշտ չափով» չաջակցելու մեջ ու նշել, թե դա «հաավասարազոր է հանցավոր անգործության»։

Նշենք, որ սրանից առաջ էլ Մասկը քննադատել էր ԱՄՆ Սենատի օրինագիծը, որը նախատեսում է ավելի շատ միջոցների հատկացում Ուկրաինային, քան ԱՄՆ-ին՝ անօրինական միգրանտների հոսքի դեմ պայքարի համար։

Պուտին, Դավանկով, Սլուցկի, Խարիտոնով․ ՌԴ նախագահի թեկնածուները

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում հաստատել է Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների քվեաթերթիկի տեքստը. 2008 թվականից ի վեր առաջին անգամ քվեաթերթիկում ​​ներառված է ընդամենը չորս թեկնածու՝ «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը, ՌԴ գործող նախագահ, ինքնառաջադրված Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը։

«Որոշումն ընդունված է»,- քվեաթերթիկի բովանդակությունը հաստատելուց հետո հայտարարել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան։

Ռուսաստանի Դաշնությունում վերջին նախագահական ընտրություններում, որոնք 2018 թվականին էին, քվեաթերթիկում ներառված էին 8 թեկնածուների անուններ։

Վերջին անգամ ՌԴ նախագահության համար 4 թեկնածուներ պայքարել են 2008 թվականին․ «Միասնական Ռուսաստանից» Դմիտրի Մեդվեդևը, Կոմունիստական կուսակցությոնից՝ Գենադի Զյուգանովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից՝ Վլադիմիր Ժիրինովսկին, ինքնառաջադրված թեկնածու Անդրրեյ Բոգդանովը։ 2008-ին հաղթել էր Մեդվեդևը՝ ստանալով 70,28 տոկոս ընտրողների ձայները։

Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրություններում ամենաշատ թեկնածուներ եղել են 2000 թվականին՝ 11 մարդ։

Ղրղզստանում 4 երկրաշարժ է գրանցվել

Այսօր Ղրղզստանում չորս երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Բոլոր երկրաշարժերի օջախները գտնվել են Չինաստանում, սակայն ցնցումները զգացվել են նաև Ղրղզստանի Իսիկ-Կուլ շրջանում, գրում է sputnik.kg-ն։

Նշվում է, որ երկրաշարժերից ամենաուժեղն ունեցել է 5․9, իսկ ամենաթույլը՝ 4 մագնիտուդ ուժգնություն:

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել։ Պաշտոնը լքելու հայտարարությունը նա արել է ուղիղ եթերում։

Նշենք, որ մինչ այդ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի երկրի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի պաշտոնը, իսկ Իրակլի Կոբախիձեն, որն այսօրվա դրությամբ «Վրացական երազանք»-ի ղեկավարն է, կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։

««Իմեդի»-ի ունեցած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հունվարի 24-ին «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում որոշվել է, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը կառաջադրվի երկրի վարչապետի պաշտոնում, իսկ կուսակցության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին»,- հայտնել էր հեռուստաընկերությունը։

Փոխատեղման պատճառն, ըստ «Իմեդի»-ի, Վրաստանում այս տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն են։

Ադրբեջանն առաջիկա օրերին Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատասխան առաջարկներ․ Բայրամով

Հունվարի սկզբին մենք Հայաստանից ստացանք առաջարկների փաթեթ՝ կապված խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ընդգծելով, որ այժմ աշխատում են պատասխան առաջարկների վրա։ Հայտնում է ադրբեջանական Ապա գործակալությունը։

Նա նշել է, որ մոտ ժամանակներում Հայաստանին կփոխանցվի առաջարկների փաթեթը։

Ռուսաստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Կրասնոդարի երկրամասում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

«Մոսկվայի ժամանակով 14:19-ին Կրասնոդարից 29 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։