Արագածոտնում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ 5 վիրավորներից 1-ը 5 ամսական երեխա է

Երեկ՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում 32-ամյա Վարազդատ Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Վ․ Գասպարյանը, նրա ուղևորներ՝ 55-ամյա Ավետիք Գասպարյանը, 25-ամյա Լուսինե Կարապետյանը, 27-ամյա Սամվել Կարապետյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Թալինի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը՝ 5-ամսական Արմինե Կ․-ն, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Պատկան մարմիններին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի բարձրացրած խնդիրները. հայտարարություն

Կանանց աջակցման կենտրոնը հայտարարություն է տարածել Լիանա Մարգարյանի կողմից հրապարակված տեսանյութի վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Հունիսի 8-ին, սոցիալական ցանցերով և մեդիահարթակներով տեսանյութ է տարածվել, որում երիտասարդ կինը պատմում է ամուսնու կողմից հետապնդումների և սպառնալիքների մասին։ Լիանա Մարգարյանի խոսքերով, իր և երեխաների լուսանկարները տարածվում են «որոնվում են» վերտառությամբ, սակայն կինը չի կարող բացահայտել իրենց գտնվելու վայրը ամուսնու՝ Գոռ Տեր-Եսայանի սպառնալիքների պատճառով։ Նա նաև հայտարարում է, որ 2020 թվականին, Գոռ Տեր-Եսայանը, որը ոստիկանության 6-րդ վարչության աշխատակից է եղել, լինելով ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ, հրազենի գործածմամբ կյանքից զրկել է կնոջ հորը։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով, սակայն սպանություն կատարած անձը՝ երկու տարի գտնվելով Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, այժմ ազատության մեջ է։ Կինը բարձրաձայնում է Գոռ Տեր-Եսայանի հոգեբուժական փորձաքննությունների մասին, որոնք երկու անգամ նրան անմեղսունակ են ճանաչել, իսկ երրորդ փորձաքննությունը ոչ միայն հիմնավորել է տղամարդու մեղսունակությունը՝ հանցանքը կատարելիս, այլև՝ հիմնավոր կասկածներ հարուցել նախորդ երկու փորձաքննությունների վերաբերյալ։

Փաստացի, ազատության մեջ հայտնվելով, տղամարդը շարունակում է կնոջ նկատմամբ բռնությունները, ինչպես նաև, ամուսնալուծության գործընթացում դատարանի կողմից ստացել է երեխաների հետ տեսակցության իրավունք։ Դատարանը բավարարել է նաև կնոջից խոշոր ֆինանասական գումար բռնագանձելու ամուսնու պահանջը։ Կինն այս իրավիճակում ստիպված է եղել թաքնվել և հանրային ուշադրությունը սեևեռում է խնդրի վրա՝ միաժամանակ ահազանգ հնչեցնելով տևականորեն ընտանեկան բռնության ենթարկվելու փաստի վերաբերյալ։

Կանանց աջակցման կենտրոնը, տարիներ շարունակ աշխատելով ընտանեկան բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների հետ, իր աշխատանքային պրակտիկայում բախվել է բազմաթիվ դեպքերի, երբ իրավապահ մարմիններում աշխատող ամուսինները բռնություն են գործադրել կնոջ և երեխաների նկատմամբ։ Բռնությունից տուժած կանայք՝ դիմելով մեզ բարձրաձայնել են իրենց վախերի մասին, միաժամանակ ընդգծելով, որ իրավապահ համակարգում աշխատող ամուսիններն իրենց զգում են վստահ և անպատժելի, քանի որ կնոջ բողոքը հիմնականում ընթացք չի ստանում։ Քիչ չեն նաև դեպքերը, երբ կանայք նշում են, որ իրենց ամուսիններն ունեն հրազեն և այդ զենքով սպառնում են իրենց։

Ուստի, պատկան մարմիններին կոչ ենք անում․

Ուշադրության կենտրոնում պահել Լիանա Մարգարյանի կողմից բարձրացրած խնդիրները։

Կիրառել պաշտպանական միջոց՝ կնոջ և երեխաների անվտանգության ապահովման համար։

Ավելացնենք նաև, որ Լիանա Մարգարյանը երբևէ չի դիմել Կանանց աջակցման կենտրոն և չի եղել մեր շահառուն, սակայն պատրաստ ենք աջակցություն տրամադրել թե՛ նրան, թե՛ նմանատիպ իրավիճակում հայտնված բոլոր կանանց»։

Ղազախստանի ԱԻ նախարարը զրկվել է պաշտոնից խոշոր բնական հրդեհի պատճառով

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը պաշտոնից ազատել է արտակարգ իրավիճակների նախարար Յուրի Իլյինին՝ երկրի արեւելքում տեղի ունեցած զանգվածային բնական հրդեհի ֆոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հանրապետության արեւելքում գտնվող Աբայսկի շրջանի Բաթպաեւի անտառտնտեսությունում հրդեհը սկսվել է հինգշաբթի կայծակի հարվածներից հետո: Հրշեջներին չի հաջողվել օպերատիվորեն մարել կրակը, քանի որ տեղանքն անանցանելի է եղել տեխնիկայի համար։ Հրդեհի հետեւանքով զոհվել է անտառտնտեսության 3 աշխատակից, եւս 11-ի որոնողական աշխատանքներ են ընթանում: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի նախնական մակերեսը գերազանցել է 60 հազար հեկտարը։

Այնթափում 21-ամյա վարորդը Toyota Corolla-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ հունիսի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ն իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Այնթափ գյուղի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 64-ամյա Անահիտ Ա․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։

Այսօր՝ հունիսի 10-ին, հիվանդանոցից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանները ավտոմեքենան հայտնաբերել են Այնթափ գյուղում և այն տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դավիթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ․ SHAMSHYAN

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 8-ին, քստմնելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է դիմել Երևանի բնակիչ 51-ամյա Ս․Գ․-ն և հայտնել, որ այդ օրը անհայտ անձը իր 9-ամյա աղջկան, Դավիթաշենի դպրոցներից մեկի տարածքում խաբեությամբ տարել է դպրոցի բակ և փորձել նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված քաղաքացու տուն է այցելել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի օպերլիազորի գլխավորությամբ։ Արդեն տեղում Ս․Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ երեխան սովորում է Դավիթաշենի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ստահակի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է, հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի Պն- ն, փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի յուրաքանչյուր օր արձանագրվող խախտումները, շարունակում է խեղաթյուրել իրականությունը, հերթական անգամ հայտարարելով Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին։

Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց

Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն ազատ արձակվեց։

Դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Գայանե Հակոբյանին, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել։

Նա դատապարտվեց ազատազրկման չորս տարի ժամկետով, փաստացի անազատության մեջ գտնվելու 22-օրյա ժամկետը հաշվարկվեց ազատազրկման ձևով նշանակված պատժին ու վերջնական ազատազրկում նշանակվեց 3 տարի 11 ամիս 8 օր ժամկետը։

Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Որոշվեց նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից։

Խոշոր վթար Հրազդանի կիրճում․ «Փարվանա» ռեստորանի մոտ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

Երեւանում, այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։50-ի սահմաններում Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել են 39-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի և 33-ամյա Հովհաննես Գասպարյանի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan-ի գազաբալոնի փականը և դարարեցրել գազի արտահոսքը։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Մնում է ՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը եւ արժանապատվությունը վերածվի գործողությունների

Այսօր հրապարկված հերթական սոցիոլոգիական հետազոտությունն, ինչպես լաբորատոր ախտորոշում, կրկին փաստում է Հայաստանի խորքային ճգնաժամը տարբեր ոլորտներում, հատկապես ՝ քաղաքական:

Եվ այսպես.

 Հայաստանի բնակչության մոտավորապես 82 %-ը մերժում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածքի մի մաս:

Սա Նիկոլի ոչ լեգիտիմության հերթական ապացույցն է՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի կողմից գործադրվող հսկայական ջանքերի:

Հարցվածների 86 %-ը չեն պատկերացնում արցախահայության ապագան Ադրբեջանի կազմում, ինչը նույնպես վկայությունն է այն բանի, որ հայ ժողովուրդը հերթական անգամ բարձրաձայնում է Արցախի խնդրի՝ նիկոլական տարբերակի լուծման բացառումը:

 Կտրուկ իջել են ԵՄ դիտորդական առաքելության հետ կապված սպասումները:

Եթե հունվար ամսին հարցվածների մոտավորապես 68 %-ից ավելին ունեին դրական սպասումներ, ապա այս չորս ամիսների ընթացքում դրական սպասումներ ունեցող մարդկանց թիվն իջել է մինչև 44:

Նման կտրուկ անկումը պայմանավորված է ԵՄ առաքելության արդյունավետության ապացույցների բացակայությամբ, ակնհայտ քաղաքականացվածությամբ, որը երևում է լրահոսից և բարձրաստիճան չինովնիկների գնահատականներից և Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում գործուն արդյունքների չգոյությամբ:

Հարցումն ապացուցում է, որ հայ ժողովուրդը չի կորցրել նաև իր բարոյական նկարագիրը:

Այսպես ՝

Հարցվածների 72 %-ն արդարացի չի համարում տիկին Գայանե Հակոբյանին կալանավորելու մասին որոշումը՝ ի հեճուկս պետական քարոզչամեքենայի գործադրած ջանքերի:

 Հարցվածների մոտավորապես 90 %-ը կարծում է, որ իշխանությունները չպետք է տուրք տան Թուրքիայի ճնշումներին և ապամոնատեժն «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողը:

Կրկին ՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կողմից այդ հուշարձանի և հուշարձանը տեղադրելու փաստի նկատմամբ տիրաժավորված բացասական գնահատականների:

 Հարցումն ապացուցում է նաև, որ հայ հասարակությունը խորապես հիասթափված է 2018 թվականի «հեղափոխությունից»:

Եթե 2018-ին հարցվածների 91 %-ը պնդում էր, որ մասնակցել է «հեղափոխությանը», ապա հիմա իրենց մասնակցությունը խոստովանողների թիվն իջել է 34.7 %-ի:

 Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար իրական մահախոսական են տվյալները, որոնք ստացվել են՝ «որքանո՞վ է «թավշյա հեղափոխությունն» արդարացրել մարդկանց սպասումները» հարցի շրջանակներում:

Եթե 2018 թ.ի սեպտեմբերին հարցվածների 78 %-ն արդեն կարծում էր, որ սպասումները արդարացվել են, ապա հիմա՝ «սպասումներն արդարացվել են» պնդման կողմնակիցները ընդամենը 25 % են կազմում:

Հարցումը եզրափակվում է Նիկոլ Փաշինյանի գործելաոճի գնահատմամբ:

* Եթե 2018 թվականի սեպտեմբերին հարցվածների 91.5 %-ից ավելին դրական էր վերաբերում Փաշինյանին, ապա հիմա այս ցուցանիշը կազմում է 18.8 %:

Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա:

Մնում է ՝ սոցհարցումներով արձանագրված հայ ժողովուրդի զայրույթը, դժգոհությունը եւ արժանապատվությունը վերածվի գործողությունների։

Եւ այստեղ, իհարկե, քաղաքական, մտավոր, հոգևոր վերանախավերն ունեն իրենց բաժին պարտականություններն ու պատասխանատվությունը:

ՀԳ. Gallup-ի հարցումն ամջողջությամբ կտեղադրեմ մեկնաբանություններում, հենց հասանելի լինի։