«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության և հատուկ նշանակության բաժնի ծառայողները, նույն վարչության «Արմավիր» տարածքային բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ ապրիլի 18-ին իրականացրել են հերթական հատուկ միջոցառումները, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։

Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ, ինչպես նաև՝ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող այլ իրեր։

Ազատազրկված անձանց կողմից արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարը կրում է պարբերական բնույթ։

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 19-ին, մավան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Վահե Ա․-ն իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում, «CPC» բենզալցակայանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 61-ամյա Եղիսապետ Տ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վրաերթի հիմնական պատճառներից մեկը արտաքին լուսավորության բացակայությունն է եղել։

Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում․ ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին Միջազգային հանրապետական ինսիտուտի հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Կին առաջնորդների թիրախավորումն առցանց հարթակներում» թեմայով պանելային քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:

Միջոցառմանը մասնակցել են պետական տարբեր գերատեսչություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին պաշտոնյաներ, ինչպես նաև մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակի ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանրային համերաշխության, իսկ հանրային համերաշխության տեսանկյունից բացառիկ կարևորություն ունի իրավահավասարության և հանդուրժողականության երաշխավորումը։ Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է լուրջ աշխատանքներ իրականացնել կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ, քանի որ հենց կրթական համակարգի միջոցով են շատ հաճախ փոխանցվում կարծրատիպային մոտեցումները, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքներին վերաբերելի ժամանակակից միտումներին։

«Ցավոք, անհանդուրժողականությունն առկա է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Սա հանգեցնում է տարատեսակ բացասական երևույթների, այդ թվում՝ կանանց թիրախավորման։ Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդականերում: Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների ու դառնում ատելության խոսքի, այդ թվում՝ առցանց ատելության խոսքի թիրախ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ վերջիններս գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Այս առումով առավել խոցելի են հատկապես հանրային գործունեություն իրականացնող այն կանայք, ովքեր իրենց գործունեությունը ծավալում են իրավահավասարության, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ոլորտում կամ բարձրացնում են իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնք կոնկրետ հասարակական միջավայրում պոպուլյար չեն։ Ընդ որում, հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք, քան տղամարդիկ: Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հաղթահարել գոյություն ունեցող կարծրատիպերը, ձևավորել կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում, ինչպես նաև խթանել հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը»,- ասել է Պաշտպանը։

Ավարտելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը, ոչ միայն բացառի թիրախավորում ենթադրող որևէ վարքագիծ, այլ նաև հակազդի նման ցանկացած դրսևորման։

Պանելային քննարկումը կազմակերպվել էր Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հետ համագործակցությամբ:

Ավարտելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստենք համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը՝ ոչ միայն բացառելով թիրախավորում ենթադրող որևէ վարքագիծ, այլ նաև հակազդելով նման ցանկացած դրսևորմանը։

Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում` ապրիլի 22-ին և 23-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաթումի, Բանյո, Դեմիրճյան, Լազյան, Խորենացու, Գր.Լուսավորիչ, Տիգրան Մեծի, Տերյան և Ղուկասյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դիմացի, Էմինի, Աղայան, Չերնիշևսկու, Պարոնյան, Իսակովի, Ծատուրյան, Կուրղինյան, Կոմիտասի, Մանուշյան, Մռավյան, Նար-Դոսի, Նիզամիի փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Լոռու մարզի Օձուն բնակավայրի «Փուշկի» թաղամասի գազասպառողների,

ժամը 9։00-ից մինչև ժամը 18։00-ն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու, Նեկրասովի, Ալավերդյան, Չեռնիշևսկու, Բելինսկու, Ն. Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանովի, Սպենդիարովի, Նիզամիի, Դեկաբրիստների, Ջամբուլի, Փանյան, Ռ. Մելիքյան, Կոմիտասի փողոցների, Այգաբաց 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ շարքերի, Արևելյան շրջանցող ճանապարհի, «Օդանավակայան» թաղամասի, «Մսի կոմբինատ» թաղամասի, Լալայան, Լիսինյան փողոցների, «Կազաչի պոստ» թաղամասի, Ղարիբջանյան խճուղու, Բանկի բանավանի, «Սևեռսկի» թաղամասի, Օզանյան, Պլեխանովի փողոցների, «Մեծ բերդ» թաղամասի, «Նոր Առափի» թաղամասի (մասնակի), Մ. Խորենացու փողոցի, «Ուրալսիբ» թաղամասի, Վասիլյան (Կոմսոմոլի), Եսայան փողոցների, Գերցենի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ շարքերի, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ շարքերի, Շիրակացու փողոցի, 8-րդ զինվորական թաղամասի, Կ. Դեմիրճյան փողոցի, Կ. Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ շարքերի, Գրիբոեդովի, Մնջոյան փողոցների, Աբովյան 1-ին նրբանցք, Խնկոյան փողոցի, Խնկոյան նրբանցների, Շչեդրին փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 129, 130, 131, 132, 133, 134, 135, 136, 137, 138, 139, 140, Լուչևայա Ա, Բ, Անդրանիկի փողոցի թիվ 121/8 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

«Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել։

«Արդեն 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից երեկ կրկին մերժվեց իմ նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի կողմից ներկայացված միջնորդությունը:

Միջնորդության ներկայացումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում քննվող եւ հանրությանը որպես «հրթիռների գործ» մատուցվող քրեական գործով դեռևս 09.04.2024 թվականին ավարտվեց եւս մեկ դատավարական փուլ և դատարանի կողմից հայտարարվեց դատաքննության ավարտ:

Դեռևս նախաքննության սկզբնական փուլում նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից տարածած հայտարարություններով հանրության մոտ նպատակաուղղված ձևավորվել է մեղադրական տպավորություն հրթիռների վիճակի, ձեռքբերման արժեքի և գործի այլ հանգամանքների վերաբերյալ, ինչը հանգեցրել է իմ և գործով անցնող մյուս անձանց մեղավորության` որպես հաստատված փաստի վերաբերյալ հանրային ընկալման ձևավորմանը:

Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդման մեջ նշված իրավիճակին տրված այն գնահատականը, որ կատարված առերևույթ հանցագործության և անձի մեղավորության առնչությամբ ձևակերպումները չպետք է ձևավորեն կանխակալ ընկալում արարքի կատարումը անձի կողմից որպես հաստատված փաստ ներկայացնելու տեսանկյունից՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում, ինձ իրավունք եմ վերապահում արդեն իսկ հրապարակված տեղեկատվության սահմաններում անդրադառնալ մի քանի կարևոր հանգամանքների:

Մինչ այս պահը դատաքննության ընթացքում հետազոտված եւ ներկայացված մեղադրանքի հետ որեւէ աղերս չունեցող ապացույցներին ավելացան նաեւ վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում դատավորի կողմից հանրային մեղադրողի եւ մեղադրյալների մասնակցությամբ զննված գործով 3 տարի առաջ իրեղեն ապացույց ճանաչված անթերի վիճակում գտնվող ռուսական արտադրության հրթիռները, որոնց վիճակը էապես տարբերվում է հանրությանը դրանց վերաբերյալ ներկայացված տպավորությունից:

Զննության ընթացքում դատավորի կողմից անտեսվել է իմ կողմից հայտնված մեղադրական եզրակացության մեջ նշված հրթիռների ամբողջ քանակը զննելու վերաբերյալ դիրքորոշումը: Դատավորի կողմից անտեսվել է նաեւ իմ կողմից ներկայացված միջնորդությունը` տեղում զննել նաեւ նույն խմբաքանակով ներմուծված եւ ԶՈՒ հաշվեկշռում լինելու հանգամանքով պայմանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով օգտագործման ժամկետները երկարաձգված հրթիռները եւ դրանք համեմատել սույն գործով իրեղեն ապացույց ճանաչված հրթիռների հետ:

Դատարանի կողմից չապահովվեց նաև փորձագետի մասնակցությունը զննության գործընթացին, որի մասնակցությամբ իրեղեն ապացույցները զննելու նպատակով իմ կողմից մտածածին հնարավոր ապօրինի ազդեցությունը զսպելու ռիսկը դատարանի կողմից առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում շարունակաբար դրվել է ինձ կալանքի տակ պահելու որոշումների հիմքում: Մինչդեռ, շուրջ երկու ամսվա ընթացքում դատարանին այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել ԶՈՒ-ից զորացրված փորձագետին:

Զննության արդյունքներով հոդս ցնդեցին հայտնի շրջանակների կողմից նշված հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» եւ «ժամկետանց» որակումները, իսկ դատավորի վերոնշյալ վերաբերմունքից կարելի է մեկ հետեւություն անել. հրթիռների միայն մի մասի զննությունն էլ վերջինիս համար բավարար էր դրանց իրական վիճակի վերաբերյալ ներքին համոզմունք ձեւավորելու համար:

Հաշվի առնելով վարչապետի կողմից ինձ հետապնդելու համոզմունքս, ինչպես նաեւ տեղյակ լինելով, որ Փաշինյանը մասնագետներին վստահելու հետ կապված խնդիրներ ունի, առաջարկում եմ նրան անձամբ իմ հետ խնդրո առարկա հրթիռների եւս մեկ զննություն իրականացնել եւ լրատվամիջոցների ներկայությամբ անձամբ ինձ ուղղել իրեն հետաքրքրող հարցերը՝ ինչպես սպառազինության, այնպես էլ հանրային հետարքրքություն ներկայացնող այլ թեմաների վերաբերյալ: Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ ԶՈՒ Ռազմաօդային ուժերի մարտունակության ապահովման համար անհրաժեշտ հրթիռները «զննելու» համար»:

Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին իր դիրքորոշումը հայտնելու համար խոշտանգված ու ձերբակալված Սամվել Վարդանյանի նկատմամբ դատարանի սահմանած գրավի գումարը՝ 7 միլիոն դրամը, հավաքվել է 5-6 ժամվա ընթացքում։

Հիշեցնենք՝ դրամահավաք էր հայտարարվել՝ անհրաժեշտ գումարը 2 օրվա ընթացքում վճարելու համար։ Երեկ դատարանը, քննելով Վարդանյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրա նկատմամբ կիրառել տնային կալանք ու 7 միլիոն դրամի գրավ։ 2 օր կար՝ գրավի գումարը վճարելու համար։

«Գումարը հավաքվեց։ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք։

Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 միլիոն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։

Բոլորին շնորհակալություն։ Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում»,- գրել է փաստաբանը։

Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հատված հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքից՝ News.am-ին տված հարցազրույցի շրջանակում․

«Սա իրական Հայաստանը չէ, սա Հայաստանի խայտառակությունն է։ Սա հայ ժողովրդի խայտառակությունն է։

5 000-ամյա բնիկն ժողովուրդն այստեղ ունենա ամենափոքր երկիրը և սեղմված լինի Ադրբեջանի և Թուրքիայի միջև՞ և կենսունակ չլինի՞․ բնիկ ժողովուրդը։

Թե՞ դուք բնիկ չեք, թե՞ բնիկները թուրքերն են, որ համարում են, թե Ադրբեջանը Բաքվից ձգվում է մինչև Բաթում։ Իսկ Թուրքիան էլ համարում է, որ Թուրքիան ձգվում է Ստամբուլից մինչև Բաքու։ Որտե՞ղ է ձեր Հայաստանը․ ձեր Հայաստանը որտե՞ղ է՝ «իրական Հայաստանը» որտե՞ղ է։

Դուք բնիկ ժողովու՞րդն եք այս լեռնաշխարհի, Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովու՞րդն եք, թե՞ ոչ։ Դուք պահանջ ունե՞ք, թե՞ ոչ։ Խոսքն ա՛յս մասին է։

Ի՞նչ է նշանակում՝ «իրական Հայաստան»։ Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական սահմաններով․ բնական, աստվածատուր սահմաններով։

Եթե ամբողջ դարերի ընթացքում տեր չեք եղել, էլի էսպես մանր առևտրականի հոգեբանությամբ, «առևտուր կանենք» հոգեբանությամբ ծախծխել եք հայրենիքը, թուրքն էլ մնացածը ոչնչացրել և բնաջնջել է, հայի ներկայությունը վերացրել է, սա նշանակում է, որ իրական Հայաստանը սա՞ պիտի լինի։ Էդպես է՝ գնացեք, 10 000 քառակուսի կիլոմետրի վրա կենտրոնացեք՝ Ալեքսանդրապոլի պայմանագրով, ասեք՝ սա է «իրական Հայաստանը»։ 10 000 քառակուսի կիլոմետրն էլ է «բավարար»՝ լիուլի երջանիկ ապրելու համար՝ փողի իմաստով։

Ի՞նչ պետք ունեք․ 30 000 քառակուսի կիլոմետրի էլ պետք չունեք, 10 000-ի էլ պետք չունեք․ Երևանի մեջ պարփակվեք, Երևանի սահմանները գծեք, «գոհ ու երջանիկ»՝ ապրեք։

Չի՛ կարելի ազգի պատմությունը ջնջել։

Որ ուրիշ ազգեր մեր պատմությունը ջնջում են, հասկանալի է, բայց որ մենք մեր ձեռքով մեր պատմությունը ջնջում ենք, սա ինչպե՞ս կարելի է հասկանալ»։

Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հաղորդավարուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» սիրտ-անոթային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք:

Նա սրտի հետ կապված խնդիրների ունի։

ArmLur.am-ը կապ է հաստատել Զառա Արամյանի հետ՝ հետաքրքրվելով՝ ինչպես է այժմ առողջական վիճակը։

«Սուր վիճակը ստաբիլացել է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ, բայց դեռ բարդ է վիճակս և թթվածնի տակ եմ, բժիշկները ամեն ինչ անում են»,- պատասխանել է Զառա Արամյանը:

«Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր իմ համար անհանգստացել են, աղոթել են»,- ասել է նա։

Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է մամուլի խոսնակի մեկնաբանությունն՝ ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․

— Լրատվամիջոցներում լուրեր են տարածվում ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ, վերջերս էլ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են թուղթ, որն իբրև ապրիլի 5-ին համաձայնեցվել է Բրյուսելում: Ի՞նչ կասեք սրա մասին:

— Իրականում Բրյուսելյան հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել, որը և չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:

Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին: