Ուր է՞ գնում Հայաստանը․ դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Վերջին օրերին հիմնական քննարկումներն ու կոշտ բանավեճերն այն մասին են, թե ո՞ւր է շարժվելու Հայաստանը․ Եվրոպա՞, ԱՄՆ, թե՞ մնալու է իր տեղում, բայց արդեն՝ «կոտրած տաշտակի» առաջ:

Հայաստանի «եվրոպական ապագա»-ի որոշ նրբերանգներին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից արձագանքել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր քաղաքացիների մեծ մասը չգիտի, որ այս պահին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 10 երկիր, այդ թվում` տարիներ շարունակ վերջնական որոշմանը սպասող Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան։

Մեր քաղաքացիները չգիտեն, որ Արևմտյան Բալկանները` Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիան և, որոշ առանձնահատկություններով՝ Կոսովոն, անկախ բազում լծակներից և եվրոպական ֆինանսական միջոցներից, մոտ ապագայում անգամ չեն դառնալու ԵՄ անդամ»,- գրում է Արմեն Աշոտյանը:

Եվ իսկապես, ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. եվրոպացիները գրեթե բոլոր երկրներում դեմ են միավորման սահմանների ընդլայնմանը` կանխատեսելով բազմաթիվ նոր տնտեսական, սոցիալական, անվտանգային, միգրացիոն և այլ խնդիրներ։

Այդ դեպքում ուր է՞ գնում Հայաստանը: Դեպի անորոշություն, անկանխատեսելիություն և արկածախնդրություն»:

Վրաստանի տասնյակ քաղաքացիներ, որոնք փորձել են Մեքսիկայով հատել ԱՄՆ սահմանը, հայտնվել են տեղի կարտելի գերության մեջ

Վրաստանի մինչև 30 քաղաքացի, որոնք փորձել են Մեքսիկայի տարածքով հասնել ԱՄՆ սահման, հայտնվել են տեղի կարտելներից մեկի գերության մեջ, հաղորդել են վրացական լրատվամիջոցները:

Ինչպես նշում է newsgeorgia.ge կայքը, հարազատները պատմել են, որ առևանգողները պահանջում են 90 հազար դոլար՝ պատանդներին ազատ արձակելու համար։

«Մթավարի» հեռուստաալիքը նշել է, որ առևանգվածներից մեկին թույլ են տվել կապվել հարազատների հետ՝ գումար խնդրելու համար։ Նա ասել է, որ իրեն նկուղում են պահում 120 այլ պատանդների հետ։ Ըստ ամենայնի, նրանց թվում կան նաև այլ երկրների քաղաքացիներ։

«Ինձ վրա ատրճանակ են պահել, իսկ մյուսը դանակի բռնակով հարվածել է… Նրանք բղավել են ինձ վրա և ծեծել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անհայտ կորածների հարազատները դիմել են Վրաստանի ԱԳՆ օգնությանը։

Նախարարությունից հայտնել են, որ փորձում են լրացուցիչ տեղեկություններ ստանալ: Դեսպանատան միջոցով նրանք կապ են հաստատել Մեքսիկայի ներգաղթի ծառայության հետ։ Մինչ այժմ չի հաջողվել պարզել Վրաստանի քաղաքացիների գտնվելու վայրը։

«Փիրվելի»-ի աղբյուրները պնդում են, որ գումարի կեսը՝ 45 հազար դոլար, արդեն փոխանցվել է 15 հոգու համար։ Հիմա իբրև թե շարունակվում է մնացած գումարի շուրջ սակարկությունը։

Հեռուստաալիքի զրուցակիցը, որը ծանոթ է այդ հարցին, կարծում է, որ չպետք է հույս դնել տեղական իշխանությունների օգնության վրա։ Նրա խոսքով՝ Վրաստանի քաղաքացիներին կարտելին են փոխանցել հենց Մեքսիկայի ներգաղթի ծառայության աշխատակիցները։

«Մենք կարող ենք ազատորեն ասել, որ երկու կողմերն էլ գործում են միասին։ Շատ դժվար է ասել, որ ոստիկանությունը կգա այնտեղ ու կազատի այս մարդկանց։ Դա այդպես չէ»,- ասել է «Փիրվելի»-ի անանուն զրուցակիցը։

Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հետևանքով վնասվածք ստացած 46-ամյա աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է ծանր

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան բնակավայրում գործող ԱԳԼՃ կայանում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի բնական գազով լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով մեկ անձի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի հանգամանքները, պայթյունի պատճառները և պատճառված նյութական վնասի չափը պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, իսկ գազալցակայանի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։

Առգրավվել են տեսագրությունները, հարցաքննվել են ականատեսները և գազալցակայանի գործունեության հետ առնչություն ունեցող մի շարք անձինք։

Պայթյունի հետևանքով վնասվածք ստացած և բուժհաստատություն տեղափոխված 46 տարեկան գազալցակայանի աշխատակիցը ճանաչվել է տուժող, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Նշանակվել են դատաբժշկական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ։

Քրեական վարույթի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում պարզելու ինչպես գազալցակայանի, շահագործվող սարքավորումների և այնտեղ աշխատող անձանց գործունեության թույլտվության օրինականությունը, այնպես էլ լիցքավորվող ավտոմեքենայում եղած գազաբալոնների շահագործման օրինականությունը։

Ձեռք բերված տվյալներով բացի բնական գազի տարայից, ավտոմեքենայում տեղադրված են եղել հեղուկ գազի տարաներ և համապատասխան սարքավորումներ, որով իրականացվել է հեղուկ գազի շրջիկ վաճառք՝ առնաց թույլտվության, իսկ բնական գազի լիցքավորման ժամանակ պայթել է հեղուկ գազի տարան։

Նախաքննությունը շարունակվում է»։

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 32 վթար. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 15-ից մարտի 18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 227 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 14 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական ու կողոպուտի՝ 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 1 մարդ զոհվել է, 50-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ես ու Հայրենիքս մեկ ենք.Լյուդմիլա Գրիգորյանը

Imedia.am կայքի զրուցակիցն է կին գործարար Լյուդմիլա Գրիգորյանը։

Տիկին Գրիգորյան, ունենալո՞վ Հայկական ծագում ու ապրելով Հայաստանից դուրս, ի՞նչ է ձեզ համար Հայ լինելը։
Հայ լինելն առաքելություն է,պատիվ ու պատասխանատվություն։

Հայրենիք-Սփյուռք գործակցությունը դարերի պատմություն ունի ու Հայկական սփյուռքը մի քանի փուլով է ձավորվել ։ Կառուցել են բազում եկեղեցիներ, հայկական դպրոցներ և եղել են ինքնուրույն։ Դուք որպես Սփյուռքահայ կներկայացնեք ինչպե՞ս է դա հաջողվում ձեզ մոտ, օտար երկրում։
Գիտեք ստացվելու խնդիր չէ։
Հայ մնալն անհրաժեշտություն է։Օտարության մեջ ապրելը հետևում է ձուլվել։Անհատական,թե հավաքական պահպանելու համար է,որ կառչում ենք մեր արմատներից։Հակառակ դեպքում,մարդն առանց ինքնության ինչ է,անպատակ էակ,մոլախոտ։
Սփյուռքը կանգուն է և կայացած է իր երկարաժամկետ պատմությամբ և հաստատակամ պայքարով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Սփյուռքը Հայաստանի ապագայի կերտման հարցում։
Ինչպես,նշեցի վերևում,սփյուռքն ունի ահռելի պոտենցիալ՝ մարդկային,մտավոր,ֆինանասական։Գիտեք ինչքան գիտնականներ,բժիշկներ, իրավաբաններ ,քաղաքական պաշտոնյաներ ունենք Հայ ազգի ամբողջ աշխարհով սփռված։Այս ամենն իրենից հզորություն է ներկայացնում։Պատկերացրեք այդ ամենի 10 տոկոսն օգտագործվի Հայրենիքի համար։Հեղափոխությունները՝ այսպես ասած,նեո լիբերալ ծրագրեր։Բայց արևի տակ չկա,որևէ նորություն,որի միջով մարդկությունը չի անցել արդեն,նամանավանդ մենք է հայերս։Մի շատ կարևոր բան սրանք չեն հասկանում,մարդը ծնվել է ազատ կամքով ու վերջ։Մենք համախմբվելու ենք,մենք պետք է համախմվենք։Մենք արթնանալու ենք ու դա անխուսափելի է։

Տեղեկացված լինելով Հայաստանում և Արցախում տեղի ունեցած ներկայիս իրավիճակին, ինչպե՞ս կներկայացնեք այն և ինչպիսի՞ ելք եք տեսնում դուք։
Այն ինչ կատարվեց,արհեստական էր։Այն ինչ կատարվում է այսօր Հայ հասարակության հետ,այդ համատարած անտարբերությունը,տգիտությունը,դրա համար նույնպես բավականին աշխատանք է տարվել։Այդ բոլոր ձևերը այստեղ ակադեմիայում սովորեցնում են,ինչպես կոտրել գլուխ լվանալ։

Պատրաստ ե՞ք, արդյոք, գալ Հայստան և պայքարել վարչապետի աթոռը զավթած իշխանությունների դեմ։

Արդեն 28 տարի է,օտար երկրում եմ ապրում ու յուրաքանչյուր օրս անցել է Հայրենիք վերադառնալու երազանքով։Վերջին մի քանի տարին երազանքս սկսեցի իրագործել,դանդաղ բայց հաստատուն քայլերով։Շուտով վերադառնում եմ,հիմնական։
Ու, այո պատրաստ եմ պայքարելու ազգիս,Հայրենիքիս ,գաղափարներիս ու արժեքներիս համար։Հայրենիքիս համար կյանքս կտամ։
Ես ու Հայրենիքս մեկ ենք։

Չի կարելի դառնալ հավաքական Արևմուտքի քարոզչության հերթական զոհը՝ դառնալով հակառուսական պլացդարմ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Հայաստանը չպետք է դառնա միաբեւեռ աշխարհի ջատագով։

Մինչեւ մեր քաղաքական միտքը մի քանի պարզ ճշմարտություններ չգիտակցի՝ սայլը տեղից չի շարժվելու։

Ո՞րն է հետխորհրդային տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառը։

ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքը ցանկացել են միաբեւեռ աշխարհ ստեղծել ու այդ պատճառով Ռուսաստանի սահմանների երկայնքով «լարվածության օջախներ»,«գունավոր հեղափոխություններ» են կազմակերպել, իսկ որտեղ հնարավոր է՝ հակառուսական ռեժիմներ կարգել։

Դասական իմաստով չկա Ռուսաստան-Ուկրաինա հակամարտություն, այլ կա Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն, որի ավարտը չի երեւում։ Արեւմուտքը խոսում է Ուկրաինայի ինքնիշխանությունից, բայց հենց ինքն է մսխել նրա ինքնիշխանությունը՝ դարձնելով վասալ եւ հակառուսական պլացդարմ։ Բայց Արեւմուտքում նախընտրում են դա անվանել «ինքնիշխանության համար պայքար»։

Ի՞նչ ինքնիշխանություն։

Առնվազն զավեշտալի է Արեւելյան Եվրոպայի երկրների տոտալ «արեւմտականացումն» անվանել ինքնիշխանություն։ Արեւմտյան Եվրոպան վաղուց կորցրել է իր ինքնիշխանությունը՝ դառնալով ԱՄՆ փաստացի արբանյակ։

Հավաքական Արեւմուտքն ինքնիշխանության սատարող էր, թող Արցախի անկախությանը սատարեր, այլ ոչ թե սեփական քավորությամբ Պրահայում եւ Գրանադայում Արցախը հայտարարեն Ադրբեջանի մաս։

Ինտերվենցիայի դեմ պայքարող էին, թող Կիպրոս-թուրքական ինտերվենցիայի դեմ պայքարեին։

Հաջորդ քարոզչական փուչիկը հետեւյալում է, թե Հայաստանը պետք է սատարի «ժողովրդավարական Արեւմուտքին»՝ ՌԴ-ի դեմ պայքարում։ Դա դասական իդիոտիզմ է։ Չի կարելի դառնալ հավաքական Արեւմուտքի քարոզչության հերթական զոհը՝ դառնալով հակառուսական պլացդարմ։

Հայաստանը չպետք է դառնա միաբեւեռ աշխարհի ջատագով։ Հազար եմ ասել՝ Ռուսաստանի հետ դաշինքն այլընտրանք չունի։ Այլընտրանքը Թուրքիան է, որը հայ ժողովրդի գոյության ու անկախ ապրելու գլխավոր սպառնալիքն է»։

Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Տիգրան Աբրահամյան

Տարբեր մայրաքաղաքներից հնչում է արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու և անվտանգ ապրելու իրավունքը, սակայն ՀՀ իշխանություններն այս թեման ոչ միայն խնամքով շրջանցում են, այլև շատ հաճախ նյարդային արձագանք հնչեցնում, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մեծ առումով սրա մասին խոսում են և´ Մոսկվայում, և´ Բրյուսելում, և´ Վաշինգտոնում. Արցախ վերադարձի հարցը արցախցիների օրակարգի թիվ մեկ թեման է:

«Հայաստանյան իշխանությունը թեման փորձում է մշտապես պահել սոցիալական կոնֆլիկտների դաշտում, որպեսզի արցախցիների ջանքերի ու եռանդի հսկայական մասն այդ ուղղությամբ ընթանա:

Ո՞րն է խնդիրը, որ տարածաշրջանում ներկայացված բոլոր հիմնական ուժերը, դերակատարներն ընդունելի են համարում արցախցիների վերադարձի թեման, իսկ Հայաստանի իշխանության պահվածքը նաև այս հարցում համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ: Կարծում եմ` արդեն վաղուց պարզ է:

Ընդ որում, երբ խոսք է գնում Արցախ վերադարձի մասին, այստեղ պետք է հասկանալ ոչ թե մի քանի հազար արցախցու` իր տուն վերադառնալու խնդիրը, այլ տասնյակ հազարների:

Իսկ այս ամենն առանց լուրջ միջազգային երաշխիքների և արցախցիների անվտանգության ապահովման այլ մեխանիզմների չի կարող լինել»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։

«Եվրոպան» մեզ պաշտպանել չի կարող և չի ուզում. Հարավային Կովկասում բռնկված հրդեհը Բրյուսելի միզող տղան հանգցնել ի վիճակի չէ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածն է ներկայացրել։

«Իշխանությունների համառ ջանքերով Հայաստանի հանրային և քաղաքական օրակարգի մեջ ներմուծվել է մեր երկրի հնարավոր ինտեգրման հարցը Եվրոպական միությանը (ԵՄ), որին նոր թափ հաղորդեց Եվրոպական խորհրդարանի վերջին բանաձևը։ Ավելին, Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ ցանկանում է այս հարցը դարձնել հանրային լայն քննարկման առարկա։

Իրականում ինչո՞ւ է Նիկոլը ցանկանում, որ Հայաստանի եվրոպական ապագայի թեման իրենով լցնի Ֆեյսբուքը, TV-ները և համացանցը։ Նրա ակնկալիքներն ակնհայտ են.

1. Երկրի լրջագույն խնդիրներից ուշադրությունը շեղել այս «հաճելի», բայց «օդ» թեմայով` քողարկելով սեփական ձախողումները։

2. Իր պատճառով ի հայտ եկած և եկող արհավիրքները փաթեթավորել Հայաստանի «եվրոպական երազանքի» ճռճռան և գունավոր թղթով։

3. Շարունակել փորձերը Ռուսաստանին հավասարակշռությունից հանելու և ռուսական կողմի հնարավոր կտրուկ ռեակցիան դարձնել վերջնական ապահարզանի առիթ։

4. Գուցե ամենակարևորը. կրկին պառակտել հայ ժողովրդին` ստեղծելով նոր բաժանարար հաստ գիծ պոտենցիալ ռուսամետների և արևմտամետների միջև։ Այս պառակտիչ ցանկությունն ամենավտանգավորն է, որովհետև խոր սեպ է խրելու մեր մեջ` դարձնելով մեզ բզկտված քաղաքակրթություն։

Վերջին հանգամանքի ռիսկերը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից, և Նիկոլի ուզած պառակտումը տարածվելու է նաև Սփյուռքի վրա։ Իսկ դրսի խաղացողներին` թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, դաշտ են բացելու նոր բազմաթիվ ազդեցությունների համար համապատասխան բևեռների միջոցով։ Արդյունքում` անխուսափելի է, որ այս քննարկումները նոր մեխեր են մխրճելու Հայաստանի ինքնիշխանության դագաղի մեջ։

Այո՛, Հայաստանը եվրոպական երկիր է, բայց այդպիսին լինելու համար պարտադիր չէ մտնել ԵՄ, մանավանդ, որ իրականում մեզ այնտեղ ոչ մեկը չի սպասում։ Անգամ Եվրախորհրդարանի բանաձևում տեղ գտած ձևակերպումները խիստ պայմանական են, խիստ ուղենիշային, բայց, միաժամանակ, շարքային քաղաքացիների համար շատ ականջահաճո։

Մեր քաղաքացիների մեծ մասը չգիտի, որ այս պահին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունի 10 երկիր, այդ թվում` տարիներ շարունակ վերջնական որոշմանը սպասող Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդավան։

Մեր քաղաքացիները չգիտեն, որ Արևմտյան Բալկանները` Մակեդոնիան, Չեռնոգորիան, Սերբիան, Ալբանիան, Բոսնիան և, որոշ առանձնահատկություններով՝ Կոսովոն, անկախ բազում լծակներից և եվրոպական ֆինանսական միջոցներից, մոտ ապագայում անգամ չեն դառնալու ԵՄ անդամ։

Մեր քաղաքացիները նաև չգիտեն, որ ԵՄ անդամ դառնալու համար Հայաստանը պիտի բավարարի, այսպես կոչված, Կոպենհագենյան չափանիշներին, որոնք ներառում են քաղաքական, տնտեսական և իրավական լրջագույն ինդիկատորներ։

Այսօրվա Հայաստանը լիարժեք չի իրացնում նույնիսկ ՀՀ-ԵՄ գործող համաձայնագիրը` CEPA-ն, ուր մնաց՝ այս տեմպերով կարողանա բավարարել ԵՄ ստանդարտներին։

ԵՄ ներսում ընդլայնման թեման առհասարակ պոպուլյար չէ. եվրոպացիները գրեթե բոլոր երկրներում դեմ են միավորման սահմանների ընդլայնմանը` կանխատեսելով բազմաթիվ նոր տնտեսական, սոցիալական, անվտանգային, միգրացիոն և այլ խնդիրներ։ Ուստի ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ եվրոպական էլիտան կարող է շնորհել քաղաքական որոշմամբ, զուտ սեփական հաշվարկի հիման վրա, ինչպես եղավ նույն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավայի դեպքում։ Սակայն վերջնական անդամության հարցը լուծվելու է բացառապես ստանդարտներին համապատասխանության և բարենպաստ հանրային կարծիքի դեպքում:

Նույն եվրոպական արժեքներն այնքան են արժեզրկվել և դարձել գեոպոլիտիկայի զոհ, որ չեմ բացառում, որ եթե նույնիսկ Լուկաշենկոն հակառուսական հայտարարություններ սկսի անել, ապա իսկույն կհռչակվի դեմոկրատիայի Батька:

Հայտնի է, որ Բրյուսելի ամենահայտնի սիմվոլներից է միզող տղայի արձանը, ով, ըստ լեգենդի, ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում է բավարարել սեփական կարիքը` փրկելով քաղաքը վերահաս հրդեհից։ Ցավոք, Հարավային Կովկասում բռնկված հրդեհը Բրյուսելի միզող տղան հանգցնել ի վիճակի չէ»,- նշված է հոդվածում։

Ոստիկանությունը հորդորում է բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ արագության գերազանցումը մահվան ելքով ավտովթարների պատճառներից ամենատարածվածն է: Սակայն կա նաև վիճակագրություն, որ նույնիսկ արագության գերազանցման դեպքում վթարների հետևանքները մեղմվում են, եթե վարորդն ու ուղևորներն ամրակապված են, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Ոստիկանության խնդիրը ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ երթևեկության անվտանգության ապահովումը:
Կրկին հորդորում ենք բոլորին` անվերապահորեն հետևել ամրագոտու կիրառման կանոններին:

Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
Հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում ենք բարի երթ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք

Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։