Գլխավոր Հիմնական Մայիսին սպասելիս․․․

Մայիսին սպասելիս․․․

Նախորդ շաբաթ «Ժամանակ» օրաթերթը, բացահայտելով նախաքննական գաղտնիք, հրապարակել էր «մարտի մեկի» գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքի սղագրությունը։ Նույն օրը ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց հանցագործության հատկանիշներով՝ նախաքննական գաղտնիք բացահայտելու առթիվ։ Սակայն դա չխոչընդոտեց թերթին կայքում հրապարակել սղագրության երկրորդ մասը։
Կարելի էր միայն ենթադրել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում նույնիսկ հարուցված քրեական գործի պարագայում օրենքի խախտմամբ ցուցմունքի հրապարակումը, եթե այսօր լրատվականներից մեկում չհայտնվեր Հանրապետական կուսակցությունում վերաթարմացման պրոցեսի մասին հոդվածը։
Ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններում Ազգային ժողով չանցնելը ոչ թե բացասաբար ազդեց ՀՀԿ-ի վրա՝ կազմաքանդելով այն, ինչպես կանխագուշակում էին շատերը, այլև արտախորհրդարանական ուժի կարգավիճակում ավելացան կուսակցության համախոհները։ Կուսակցության շրջանակներում շարունակում է գործունեություն ծավալել Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը, որը վերջերս տվեց իր հերթական շրջանավարտներին։
Մայիս ամիսը կարծես թե շրջադարձային է լինելու Հայաստանի ներքաղաքական ոլորտում, ընդ որում՝ դա ուղիղ կերպով կապված է լինելու արտաքին գործոններից։ Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունից երևում էր հակամարտության կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստելու գործընթացն արագացնելու ենթատեքստը։ Միևնույն ժամանակ Ադրբեջանն ամեն ինչ անում է կոնֆլիկտի լուծման իր տեսլականը՝ ռազմական ճանապարհով խնդրի կարգավորումը, ի ցույց դնելու համար, չնայած որ մեր իշխանությունները համառորեն դա չտեսնելու են տալիս, ավելին՝ խոսում են խաղաղության մասին, առանց միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանի գործողություններին հրավիրելու ջանքերի։
Մյուս կողմից՝ մայիսը բեկումնային է լինելու նաև Հայաստանի տնտեսության համար։ Լուրեր են շրջանառվում, որ Հայաստանը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ վարկային գիծ բացելու խնդրանքով, մինչդեռ ԱՄՀ-ում հարցի քննարկումը հետաձգել են մինչ մայիս։ Այդ նույն ժամանակահատվածում կրկին ակտիվանալու է «Լիդիան Արմենիան» ընկերությունը․ ընկերությունը հայտարարություն էր տարածել, որը ենթադրում էր, որ եթե աշխատանքների վերականգնման ուղղությամբ կառավարությունը որևէ քայլ չձեռնարկի, ապա ընկերությունը դիմելու է Լոնդոնի արբիտրաժային դատարան։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2մլրդ $ փոխհատուցում տալու մասին։
Այսպիսով, պետք է փաստել, որ մեզանում միշտ որպես հաղթանակների ամիս ընկալվող մայիսն այս տարի բեկումնային է լինելու Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության շրջանում։

SHARE