Գլխավոր Հիմնական Խնդիրների լուծման մեխանիզմներ իշխանությունները չունեն

Խնդիրների լուծման մեխանիզմներ իշխանությունները չունեն

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը օրակարգից հանեց գյուղնախարարության ԾԻԳ-ը ՓԲԸ-ով փոխարինելու հարցը՝ դժգոհելով, որ առանց լուծումների է ներկայացված խնդիրը։
Նախորդ տարի հայաստանյան հասարակությունը, ինչպես և յուրաքանչյու հասարակություն, աջակցելով ընդդիմությանը իշխանափոխություն իրականացնելիս՝ որոշակի ակնկալիքներ էր առաջ քաշել։ Այդ ակնկալիքները էմոցիոնալ ֆոնի միջոցով մեծ ընտրազանգվածի վերածելու նպատակով Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ տարբեր ամբիոններից հայտարարում էր, որ ինքն ունի այն բաղձալի կախարդական փայտիկը, և որ իր օրոք իշխանությունները բոլոր խնդիրներին արագ լուծումներ են տալու։
Իր այս հայտարարություններից դեռ մեկ տարի չանցած՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում, բնականաբար, վերընտրված Փաշինյանը «փոխեց» իր դիրքորոշումը։ Նա հայտարարեց, որ «աղքատությունը մարդկանց գլխում է»։ Այս արտահայտության մեջ գուցեև ճշմարտության հատիկ կա, սակայն ակներև է, որ վարչապետը այդ կերպ հանել է կառավարության վրայից խնդիրները լուծելու անկարողության համար պատասխանատվությունը։
Բազմիցս է խոսվել, որ մինչ օրս չկան մեծ ծավալի ներդրումներ։ Նույն Փաշինյանը Բրյուսելում նախորդ տարվա ամռանը եվրոպացիներին ասել էր, որ «եվրոպական ներդրումները պետք չեն, քանի որ իրենք կարող են բյուջեն լցնել տեղական օլիգարխների գրպանները թափ տալով», կամ, ինչպես ներքին լսարանի համար էր ասում՝ «ասֆալտին փռելով ու պատերին տալով»։ Արդյոք արե՞լ է Փաշինյանը քայլեր այդ ուղղությամբ։ Միգուցե օլիգարխների գրպանները թափ տվել են, բայց, համենայն դեպս, դա ո՛չ տնտեսությունն է իր վրա զգացել, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիները։
Ավելին՝ կառավարությունը պետական ապարատի օպտիմալացման ծրագիր էր ներկայացրել, ըստ որի՝ նախատեսվում է կրճատել շուրջ 10․000 աշխատակցի։ Ըստ այդ փատաթղթի՝ դա արվում է ի շահ պետության, բայց թե ինչպե՞ս է այդ պետությունը լուծելու 10․000-ով գործազուրկների թվի աճի խնդիրը, սրա մասին ծրագրում բառ իսկ չկար։
Նախորդ աշնանը նախընտրական քարոզարշավին Փաշինյանը խոստանում էր լուծել աշխատատեղերի խնդիրը Լոռու մարզում, արդյունքում՝ փակվեց Ալավերդու պղնձաձուլարանը, և շուրջ 1000 մարդ դարձան գործազուրկ։ Իսկ հիմա էլ Երևանի քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել Օպերայի հարակից տարածքում գտնվող որոշ սրճարաններ, առանց հաշվի առնելու բազմաթիվ աշխատակիցների՝ գործազուրկ դառնալու փաստը։ Եվ այստեղ հարցն այն է, որ Երևան քաղաքի կանաչապատման տեսանկյունից կարելի է ինչպես վիճարկել, այնպես էլ համաձայնել տվյալ որոշմանը, սակայն նախքան գործազուրկների հարցը կարգավորելը, այլ կերպ ասած՝ նոր աշխատատեղերի բազա չստեղծելը, եթե ավելի պարզ՝ խոշոր ներդրումներ չբերելը, նման որոշման կայացումը անպատասխանատու մոտեցում է։
Այդպիսով, օրեցօր առավել, քան ակնհայտ է դառնում հասարակության լայն զանգվածների համար, այդ թվում՝ նրանց, ովքեր նպաստել են իշխանափոխությանը, որ ներկայիս իշխանությունները բացարձակապես որևէ մտադրություն և կարողություններ չունեն պետության, մայրաքաղաքի, քաղաքացիների առջև ծառացած խնդիրներին լուծումներ տալու։

SHARE