Գլխավոր Քաղաքականություն Շոու՝ առանց օրակարգի․ ի՞նչ սպասել Փաշինյանի այցից Բրյուսել․ «168 Ժամ»

Շոու՝ առանց օրակարգի․ ի՞նչ սպասել Փաշինյանի այցից Բրյուսել․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հայաստանյան կողմի նախաձեռնությամբ մարտի սկզբին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել։ Եվրոպական հանձնաժողովը  Եվրոպական խորհրդարանի ընտրություններին  ընդառաջ, որը տեղի կունենա այս տարվա մայիսի 23-26-ը, բազմաթիվ ներքին խնդիրներով խառն է և Հայաստանի հետ քաղաքական որևէ օրակարգ այս պահին հետաքրքրված չէ քննարկելու։

ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը հունվարին այստեղ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում բազմիցս ակնարկեց, որ զբաղված են ընտրություններով, և նույնիսկ ընդգծեց, որ ԵՄ-ն մինչև Եվրախորհրդարանի ընտրությունները չի քննարկի նաև ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման հարցը։

Եվ ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանն այս ընթացքում ցանկանում այցելել Բրյուսել։ Ըստ ամենայնի, նա ցանկանում է հերթական «ֆոտոսեսիան» ունենալ, այս անգամ՝ Բրյուսելից, ինչպես մինչ այդ ստացավ Բեռլինից։

Հիշեցնենք, որ Գերմանիա կատարած նրա այցի և Անգելա Մերկելի հետ հանդիպումների միակ, այսպես ասած՝ արդյունքն ընդամենը միջբուհական համագործակցության համաձայնագիրն էր։ Ներդրումային, տնտեսական, քաղաքական նշանակության որևէ այլ փաստաթուղթ չի եղել։

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը, թերևս,  ակնկալում է հերթական գովազդային արշավն ունենալ, որովհետև եվրոպական քաղաքական վերնախավը զբաղված է միայն և միայն գալիք իր ընտրություններով. Հայաստանի հետ քննարկման առաջնահերթ խնդիրներ այս պահին չկան՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն այդպես էլ կյանքի չի կոչում Հայաստան-ԵՄ  2017թ. նոյեմբերին ստորագրված նոր համաձայնագիրը։

Ավելին, հիշեցնենք, որ վերջնականացված չէ նաև Հայաստանի գործողությունների ծրագիրը կյանքի կոչելու ճանապարհային քարտեզը, որի՝ ուշացումով ներկայացրած տարբերակը Բրյուսելում անխնա քննադատության ենթարկվեց, և այդ փաստաթուղթը, որը դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին պետք է կառավարության որոշման տեսք ստանար, արդեն փետրվար ամիսն է՝ դեռևս պատրաստ չէ։ Ավելին,  դժվար թե մոտակա ամիսներին պատրաստ լինի։

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի հավաստմամբ՝ ՀՀ Արտգործնախարարությունը ևս տարակուսանքով է վերաբերվում Փաշինյանի՝ Բրյուսել այց կատարելու այս ցանկությանը, որովհետև իրականում օրակարգ չկա։ Հատկապես նաև 2018թ. հուլիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ղեկավարության հետ որոշ հանդիպումներից մեծ «նստվածք» մնաց, որը մինչ այսօր դեռ վերացված չէ։ Եվրոպացի պաշտոնյաները միանշանակ չընդունեցին Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններ։

Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում իր հնչեցրած որոշ մտքեր Փաշինյանը նույնիսկ ստիպված եղավ պարզաբանել ֆեյսբուքյան իր էջում.

«ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի։ Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»։

Եվրոպացի պաշտոնյաներին, մեղմ ասած, զայրացրել էր Փաշինյանի՝ «փողային» այս պահանջները։ Եվ այդ էր պատճառը, որ ՀՀ-ում ԵՄ դեսպանի շուրթերով պատասխան հնչեց, որ ԵՄ-ն հենց այնպես՝ առանց իրական ծրագրերի, գաղափարների, գումար չի տալիս։

Ի՞նչ կարելի է ակնկալել Փաշինյանի՝ Բրյուսել հերթական այս այցից, բացի շոու հատվածից։ Գործնական արդյունավետ որևէ բան ԵՄ-ի հետ հարաբերություններում այս այցից կարելի՞ է ակնկալել։ Ըստ վերլուծական շրջանակների՝ Փաշինյանի՝ եվրոպական մայրաքաղաքներ այցելելու ցանկությունը՝ Բեռլին, հիմա էլ՝ Բրյուսել, պայմանավորված կարող է լինել նաև այն հանգամանքով, որ Մոսկվայից նա այդպես էլ երկկողմ հանդիպման հրավեր չստացավ, ինչի մասին խոստովանեց նաև Եվրասիական տնտեսական միության նախագահությունը ստանձնելու օրը՝ հունվարի 25-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման փոխարեն հանդիպում կայացավ ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևի հետ։

Չի բացառվում, որ պրոտոկոլային ռևերանսներ անելով եվրոպական մայրաքաղաքներում՝ Փաշինյանն ինչ-որ բան է փորձում հասկացնել ռուսական կողմին՝ դուք ինձ չընդունեցիք, իսկ ահա Բեռլինում և Բրյուսելում ընդունում են։

Այս հանգամանքն ուշագրավ է նրանով, որ փաստորեն նույնիսկ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու փաստը չի նպաստել Ն. Փաշինյանին Մոսկվա հրավիրելու գործին»։

Լուսանկարը՝ Սպուտնիկ Արմենիայի

Comments
SHARE