Գլխավոր Հիմնական ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԱԺ-ՈւՄ․ ԲԱՌԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՉԿԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԱԺ-ՈւՄ․ ԲԱՌԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ ՉԿԱՆ

Փաշինյանի երկարամյա լրագրողական տաղանդը բավականացնում է նրան շատ գեղեցիկ բառերով համեմված ելույթներով և ծրագրերով հանդես գալու, սակայն այս ամենը շարունակում է պահպանվել պոպուլիզմի շրջանակներում։
Պարոն վարչապետն ասում է, որ տնտեսական հեղափոխությունը պատրաստվում են իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր դարձավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը: Ո՞րն էր այդ «քաղաքական հեղափոխության» գործիքակազմը․ փողոց փակելը, նախկիններին «մերժելը», պետական պահպանության ներքո գտնվող հանրային ռադիոյի շենք ներխուժելը։ Ինչպե՞ս է հնարավոր փողոց փակելով տնտեսության աճ գրանցել։
Վարչապետն իր ելույթն ամբողջապես այնպես էր կառուցել, ասես՝ կառավարության ծրագրի բուն բովանդակային իմաստը հետևյալն էր՝ «վերափոխվեք, որ ամեն ինչ լավ լինի», բառացի՝ «յուրաքանչյուր քաղաքացու անելիքը սեփական անձի վերափոխումն է»: Այս վերափոխման մասին ասում էին նաև նախկին իշխանությունները, մասնավորապես՝ դեռևս 2012թ․ իր ելույթներից մեկում նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նաև ասել էր․ «Աշխատենք, որ փոխվենք»: Իսկ այդ ընթացքում ներկայիս կառավարության ղեկավարը, այն ժամանակ պատգամավոր Փաշինյանը, ըստ էության, զբաղված էր միայն քննադատելով, երբեմն՝ անտեղի և անհիմն։
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մ․ Մելքումյանին այն հարցադրմանը, որ կառավարության ծրագրում առկա ցուցանիշները ամենևին բավարար չեն Փաշինյանի նշած «տնտեսական հեղափոխության» հասնելու համար, վարչապետի կողմից հնչում է «հեղափոխական» այսպիսի պատասխան․ «էդ պարամետրերը տնտեսական հեղափոխության չկայացման պարամետրերն են․․․»։ Այսինքն՝ կառավարության ծրագրում իշխանությունները որպես տնտեսության աճի ապահովման ցուցանիշներ նշել են այնպիսի պարամետրեր, որոնք չեն կարող նպաստել իրենց իսկ կողմից խոստացված տնտեսության «բումին»։ Այստեղից տպավորություն է ստեղծվում, որ կառավարության ծրագրում տնտեսությանը վերաբերող ցուցանիշներին անդրադարձել է հումանիտար կրթությամբ լրագրող, այլ ոչ թե տնտեսագիտական գիտելիքներ ունեցող մասնագետները։
Ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ աղքատությունը գալիս է խղճությունից, և քանի դեռ քաղաքացիները չեն վերցնելու ՀԴՄ կտրոնները, այդ խեղճությունը շարունակվելու է։ Փաշինյանը գտնում է՝ աղքատության վերացման ճանապարհին կառավարության ուշադրությանն արժանի խոչընդոտներից մեկը, փաստորեն, այն է, որ աղքատությունը նաև մարդկանց գլխում է։ Հավանաբար այս խնդիրը լուծելու համար կառավարությանը կից հոգեբանական ինչ-որ կենտրոն կբացվի։
Ի դեպ, նախարարությունների միավորման և հետագա գործազրկության ալիքի ու դրա հետևանքով աղքատության ցուցանիշների որոշակի աճի վերաբերյալ պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս՝ վարչապետը նշեց, որ նրանք պատրաստվում են ստեղծել հարթակներ, որտեղ մարդիկ որոշակի մասնագիտական վերապատրաստում անցնելու հնարավորություն են ունենալու։
Ակնհայտ է, որ վերոնշյալը կառավարության «բարի ցանկություններից է», ոչ ավելին։ Այսպես օրինակ, նույն հարցի շրջանակներում Փաշինյանն ասում էր, որ IT ոլորտում առկա է 3000-4000 թափուր աշխատատեղ։ Իսկ պատրա՞ստ է արդյոք կառավարությունն այս ոլորտում տվյալ մարդկանց աշխատանքով ապահովելու համար, բացի մասնագիտական գիտելիքներից, նաև հոգալ օտար լեզուների ուսուցման հարցը։ Այլ կերպ ասած՝ կառավարության ծրագիրը ինչ-որ առումով նման է Սևրի պայմանագրին․ գեղեցիկ հեռանկարներով փաստաթուղթ, որի ռեալիզացման մեխանիզմները ստորագրման պահին իսկ մշուշոտ են։
Մեկ այլ դիտարկում ևս․ վարչապետ Փաշինյանն ասում է հետևյալը․ «Մենք չենք ցանկացել ու չենք ցանկանում քարուքանդ անել պետական կառավարման համակարգը եւ այն լցնել ու լցոնել մերոնցականներով»։ Հատկանշական է հատկապես վերջին հատվածը, եթե նկատի ունենանք, որ այսօր, օրինակ, ԱԺ-ում պատգամավոր են նույն վարչապետի եղբորորդի Սիփան Փաշինյանը, տիկնոջ եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանը։
Արտաքին քաղաքականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ իրենք կատարել են պարտավորությունը, թե որևէ շրջադարձեր չեն լինելու այդ ոլորտում։ Միևնույն ժամանակ, ըստ երևույթին, ինքն իրեն հակասելով՝ Փաշինյանն ասում է․ թե Արցախի հարցում իրենց դիրքորոշումը հեղափոխական է։
Ընդհանուր առմամբ, կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Փաշինյանի ելույթի շուրջ կարելի է բավական երկար ծավալվել՝ հակադարձելով նրա արտահայտած ամեն մի մտքին։ Սակայն թե՛ ծրագիրը, թե՛ ելույթը, որպես այդպիսին, լի են պոպուլիզմով, տնտեսագիտորեն չափելի ցուցանիշների հիմնավորումներն էլ առավելապես գեղեցիկ բառերն են։ Ակներև է, որ կառավարությունը չունի, չի տիրապետում այն մեխանիզմներին, որոնց միջոցով կհաջողեր իրագործել տնտեսության աճին ուղղված որևէ ծրագիր։
Եվ վերջում․ ուսուցիչների աշխատավարձերին անդրադարձած վարչապետը արդյո՞ք է տեղյակ է, որ հանրության շրջանում մտահոգություն կա նրանց աշխատավարձերը ուշացնելու խնդրով պայմանավորված։

Գրիգոր Համբարձումյան

Comments
SHARE