Գլխավոր Տնտեսություն Որքան ներդրում է կատարվել Հայաստանում ընտրություններից հետո. 168.am

Որքան ներդրում է կատարվել Հայաստանում ընտրություններից հետո. 168.am

168.am-ը գրել է. ՀՀ իշխանությունները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարում էին, որ բազմաթիվ ներդրողներ սպասում են խորհրդարանական արտահերթ ընտրություններին, որպեսզի ներդրումներ կատարեն Հայաստանի տնտեսության մեջ: Նրանք հենց դրանով էին հիմնավորում շտապ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իրենց ցանկությունը՝ վստահեցնելով, որ ընտրություններից անմիջապես հետո բազմաթիվ ներդրումների ականատես կլինենք բոլորս:

Օրերս 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ ճշտելու համար, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո քանի՞ ներդրող է հետաքրքրվել մեր երկրում ներդրումներ անելու համար, հիմնականում ո՞ր ոլորտների նկատմամբ են ներդրողները հետաքրքրություն ցուցաբերում, և մինչև օրս քանի՞ ներդրում է եղել և ո՞ր երկրներից։

Ի պատասխան մեր հարցման՝ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը պատասխանել է, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի նկատմամբ ներդրումային հետաքրքրության բարձրացման տեսանկյունից, ինչը շարունակում է մնալ բարձր։

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկարատև քաղաքական կայունության սկիզբ դրեցին, ինչը ներդրումներ իրականացնելու համար էական նպաստավոր պայման է»,- նշել է փոխնախարարը։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումների ծավալին, Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը լիազորված չէ մասնավոր հատվածից հավաքագրելու տեղեկություններ, այդ թվում՝ իրենց կողմից իրականացրած ներդրումների վերաբերյալ։

«ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը հավաքագրվում և հրապարակվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից։ Համաձայն այդ հրապարակումների՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 59,9 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,8 մլրդ դրամով։ Ընդ որում՝ ուղղակի ներդրումները հիմնականում կատարվել են Ջերսիից՝ 20,6 մլրդ դրամ, Գերմանիայից՝ 14,4 մլրդ դրամ, Ռուսաստանից՝11, 7 մլրդ դրամ, Լիբանանից՝ 3,5 մլրդ դրամ, և Միացյալ Նահանգներից՝ 1,8 մլրդ դրամ։ Միաժամանակ հայտնենք, որ համաձայն ՀՀ վիճակագրական ցուցանիշների թողարկման օրացույցի՝ 2018 թվականի տարեկան տվյալները հրապարակվելու են այս տարվա ապրիլի առաջին տասնօրյակում»,- հավելել է  փոխնախարարը։

Նա միաժամանակ տեղեկացրել է, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշտադիտարկվում են այն բոլոր ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացվում են ՀՀ կառավարության հավանությանը տարբեր արտոնություններ տրամադրելու նպատակով։

«Մասնավորապես՝ 2018 թվականի չորրորդ եռամսյակում տարբեր արտոնությունների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 26 ներդրումային ծրագրեր՝ 350 մլն դոլար ընդհանուր ներդրումներով։ Մինչդեռ 2017 թվականի համապատասխան ժամանակահատվածում հաստատվել են 12 ընկերությունների ներդրումային ծրագրեր՝ 60,3 մլն դոլար ընդհանուր ներդրումներով»,- ասել է Ավագ Ավանեսյանը։

Նշենք, որ 168.am-ը միաժամանակ հետաքրքրվել էր, թե ՀՀ-ում լոգիստիկ կենտրոնների և Մոսկվայում պարարտանյութի գործարանի կառուցման համար, որտեղ Հայաստանը պետք է ունենար իր մասնաբաժինը, Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ նախարարությունում բանակցություններ եղե՞լ են, կա՞ն որոշակի արդյունքներ։

Հիշեցնենք, որ Ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կառավարությունը կարծես այնքան էլ լուրջ չի վերաբերվում այս ծրագրին։

Փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ հունվարին նախարարությունում կայացել է հանդիպում Հրաչ Բերբերյանի ուղեկցությամբ Ռուսաստանից ժամանած պատվիրակության հետ։

«Հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր մտադրությունը Մոսկվայում շուրջ 940 մլն դոլար գազաքիմիական կոմպլեքս հիմնելու առնչությամբ, որի միջոցով նախատեսվում է նաև արտադրել պարարտանյութ։ Հայկական կողմի մասնակցությունն այդ աշխատանքներում ապահովելու համար ռուսական կողմն առաջարկել է կատարել շուրջ 50 մլն դոլարի ներդրում։ Ըստ էության, հայկական կողմին առաջարկվել է բիզնես առաջարկ, որի նպատակահարմարության դիտարկման համար հայկական կողմը ռուս գործընկերներին խնդրել է տրամադրել գործարար ծրագիր կամ մանրամասն նախագիծ՝ ուսումնասիրելու և ներկայացնելու մասնավոր հատվածին։ Համապատասխան տեղեկատվությունը ստանալուն պես՝ նախարարությունն այն կտրամադրի շահագրգիռ մարմիններին»,- եզրափակել է Ավագ Ավանեսյանը։

Comments
SHARE