Գլխավոր Տնտեսություն Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմքում ներդրումային գրավչության ու ստվերի կրճատման գաղափարն է, սակայն...

Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմքում ներդրումային գրավչության ու ստվերի կրճատման գաղափարն է, սակայն այս փոփոխությունները դրան չեն նպաստի․ Ս. Սահակյան (տեսանյութ)

Հարկային օրենսգրքի մեջ իշխանությունները տրամաբանություն դրել են։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը՝ նկատելով, որ իր համար այդ տրամաբանությունն այդքան էլ հասկանալի չէ, քանի որ ամեն բան կախված է նրանից, թե ինչ արդյունքի ես ցանկանում հասնել։

«Հնչել է 2 նպատակ՝ ներդրումային գրավչություն, ստվերի կրճատում։ 2 նպատակն էլ այս փոփոխություններով հասանելի չեն, քանի որ նախ փորձագետների ավելի արժանահավատ ուսումնասիրությունն ապացուցում է, որ ստվերից դուրս չի գալու պահված աշխատավարձը, և ստվերի կրճատումն ընդհանրապես հարկերի հետ կապ չունի։ Ինչպես նաև միանշանակ չէ, որ այս փոփոխությունները կհանգեցնեն ներդրումների աճի, քանի որ, եթե մենք խոսում ենք աշխատավարձից, հարկման բեռի մասին, ապա ՀՀ-ն աշխարհի համեմատ նվազ հարկեր ունի։ Օրինակ, Գերմանին բավականին բաձր հարկեր ունի, սակայն ներդրումային գրավչության տեսանկյունից ինքն առաջատար երկրների ցանկում է, իսկ ՀՀ-ում բեռը ցածր է, բայց ներդրումային գրավչության տեսանկյունից նվազ դիրքերում է»,- ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ եթե փորձ է արվում էժան աշխատուժի միջոցով ներդրող գրավել, ապա դա այդքան էլ լավ տարբերակ չէ, այսինքն՝ հարկային այս փոփոխությունները որևէ տեղաշարժի չեն բերի այս առումով։ Սահակյանի խոսքով՝ Հարկային օրենսգիրքն ունի նաև ընդգծված բացասական կողմեր, որոնց մասին բարձրաձայնել են օրենքը մշակողների մոտ, սակայն  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ինչպես ինքը որակեց, «անադեկվատ արձագանք է տվել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

SHARE