Գլխավոր Uncategorized Վարչապետի մակարդակով անդրադառնալու առիթ չէր. լրատվական ոլորտի ներկայացուցիչները՝ Փաշինյանի կողմից մամուլի հրապարակումները...

Վարչապետի մակարդակով անդրադառնալու առիթ չէր. լրատվական ոլորտի ներկայացուցիչները՝ Փաշինյանի կողմից մամուլի հրապարակումները մեկնաբանելու մասին

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձան հարցին, թե ինչպես են գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը «Հրապարակ» թերթի հրապարակումներից մեկի վերաբերյալ:

Գրառման մեջ վարչապետը նշում է, որ լրատվամիջոցներին «կոնտրոլի տակ չեն առնում»՝ ի տարբերություն ՀՀԿ-ի: Հարցին, թե արդյոք սա անուղղակի ճնշում չէ՞ լրատվամիջոցների նկատմամբ` հաշվի առնելով, որ առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է հրապարակումներին, Երևանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ գուցե այս հարցին վարչապետի մակարդակի արձագանքի անհրաժեշտություն չկար, սակայն չի կարծում, որ դա որպես ճնշում է ընկալվում:

«Հայաստանում լրատվամիջոցների գործունեությունն այնպիսին է, որ վարչապետի՝ այդ կարգի մեկնաբանությունից հաստատ չեն կաշկանդվելու, մանավանդ այնպիսի լրատվամիջոցները, որոնք արդեն հայտնի են իրենց քննադատական դիրքորոշմամբ»,-ասաց նա:

Ըստ նրա` վարչապետի մեջ շատ դեպքերում խոսում են լրագրողը և թերթի խմբագիրը: «Միշտ չէ, որ ինքը մոռանում է իր նախկին գործունեությունը և շատ դեպքերում արձագանքում է այնպիսի հարցերին, որոնք իր մակարդակին չեն համապատասխանում, բայց երևի դա կանցնի ժամանակի հետ: Կարևորը որ առայժմ մենք չենք տեսել որևէ հետևանքներ այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, և ցանկացած այդ կարգի քննադատական մեկնաբանությունից հետո որևէ բան չի փոխվել համապատասխան լրատվամիջոցների գնահատականների մեջ»,-ասաց նա:

Համեմատելով մամուլի ազատությունը մինչ հեղափոխությունը եղած վիճակի հետ՝ Բորիս Նավասարդյանը նշեց, որ փոփոխությունն ակնհայտ է, որովհետև եթե նախկինում պետության առաջին դեմքի կողմից հնչեր այդ կարգի մեկնաբանություն, ապա հաստատ հետևանքներ կունենար այդ լրատվամիջոցի համար: «Ներկայումս լրատվամիջոցների խոսքի ազատության մակարդակը շատ ավելի բարձր է, և դա չի կարելի չգնահատել, այստեղ նաև լրատվամիջոցների հաղթանակն է, որոնք անկախ քաղաքական փոփոխություններից շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը»,-ասաց նա:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, նշեց, որ «Հրապարակը» թերթը պարզապես արել է իր գործը, քանի որ եթե ինֆորմացիան հասել է խմբագրություն, բնական է, որ պետք է անդրադառնային: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի արձագանքին, ապա նա ասաց. «Առհասարակ հասարակությունը պետք է սովորի, որ այս ղեկավարը, օգտագործելով ֆեյսբուքյան իր էջը, ժամանակ առ ժամանակ անդրադառնալու է հրապարակումներին: Ես կարծում եմ, որ սա այն առիթը չէր, որ վարչապետը պետք է անդրադառնար, բայց ինչպես ասում են, վարչապետի ընտրությունն է անդրադառնալ, թե չանդրադառնալ»:

Նա այստեղ թիրախավորման խնդիր չի տեսնում: Նա նշեց, որ եթե լրագրողական կազմակերպությունների նկատմամբ ճնշում նկատում են, ապա իրենք այդ հարցին անդրադառնում են: «Այս պարագայում, կարծում եմ, որ պետք է շատ ավելի թեթև մոտենալ, որովհետև սա ընդամենը արձագանք էր և հիշեցում, որ այս իշխանությունը մտադրություն չունի միջամտելու լրատվամիջոցների աշխատանքին»,-ասաց նա:

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նախ նշեց, որ կարելի էր ակնկալել, որ թերթի նախկին խմբագիրը, ում ղեկավարած լրատվամիջոցը տարիներ շարունակ եղել է ազատ խոսքի առաջատարներից մեկը, որտեղ գրվել է ամեն ինչ և բոլորի մասին, այսօր գալով իշխանության պետք է հրաժարվի մամուլն ու ազատ խոսքը ճնշելու քաղաքականությունից, որը տարիներ շարունակ կիրառվել է մեզանում։

«Ցավոք սրտի, պարզվեց՝ իշխանական աթոռներին նստողներն արագ են մոռանում ժողովրդավարության կանոնները, և բռնապետական հակումներից ոչ ոք զերծ չէ։ Իրականում խոսքի ազատության ճնշումները հենց հոգեբանական ճնշումներն են, որոնք կիրառվել են մշտապես և այժմ էլ փաստորեն, կիրառվում են երիտասարդ, հեղափոխական իշխանությունների կողմից։ Բայց սա մի նոր երևույթ է, երբ փոքրիկ, շարքային լուրը դառնում է վարչապետի՝ մեկ հրապարակման ծավալը քանիցս գերազանցող, զայրացած արձագանքի պատճառ, երբ երկրի հոգս ու ցավով զբաղվելու փոխարեն երկրի թիվ մեկ պաշտոնյան փորձում է փակել լրագրողների բերանը։ Եվ նրան զայրացրած լուրն էլ ոչ թե ապատեղեկատվություն է, այլ իրենց հերթական խնջույքի մասին սովորական մի լուր, ինչպիսիք հարյուրներով գրել ենք նախկինների մասին»,-ասաց նա:

Արմինե Օհանյանը նշեց, որ եթե չեն ուզում համեմատվել հանրապետականների հետ, չպետք է նրանց նման ապրեն, գործեն։ «Առավել ևս չպետք է պայքարեն մամուլի և լրագրողների ազատության դեմ։ Եթե չեն ուզում մամուլը տարանջատել յուրայինների և օտարների, չպետք է առանձնացնեն մի լրատվամիջոց և սեփական համակիրների բանակն ուղղորդեն նրա դեմ։ Եթե չեն ուզում հասարակությունը բաժանել սևերի ու սպիտակների, պետք է հանդուրժեն ու «սիրեն» ինչպես իրենց համակիրների զանգվածին, այնպես էլ իրենց քննադատողներին ու իրենց գործունեությունից դժգոհներին»,-ասաց նա:

SHARE