Գլխավոր Հասարակություն Մհեր Ենոքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ ատելության, հետապնդման քարոզի...

Մհեր Ենոքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ ատելության, հետապնդման քարոզի և խտրականության վերաբերյալ

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինը, Զարուհի Մեջլումյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ), 111-րդ հոդվածի (ինքնասպանության հակելը), 143-րդ հոդվածի (Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը), 144 հոդվածի (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածել) մասով:

Նրա խոսքով՝ այսօր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել նաև Մհեր Ենոքյանը՝  ատելության, հետապնդման քարոզի և խտրականության մասով:

«Ես սարսափելի վիճակում եմ, նույնիսկ 911 եմ դիմել, հոգեբանները աջակցել են: Իմ 14-ամյա երեխան դպրոց չի հաճախում, չնայած դպրոցում դասերը սկսվել են: Ինքը վախենում է ինձ համար, հոգեբանորեն ընկճված վիճակում է, տնից դուրս չի գալիս»,-նշեց Մեջլումյանը:

Իրավաբան.net-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնում են, որ երեկ հաղորդում ստացել են Զարուհի Մեջլումյանից՝ համացանցի միջոցով արժանապատվությունը ոտնահարելու փաստով, նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ 20 տարեկանում` 1996 թ-ին Մհեր Ենոքյանը դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու` Իոսիֆ Աղաջանովի սպանության համար /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003 թ-ի հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ներում շնորհել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին: Իոսիֆ Աղաջանովի հարազատները դեմ են, որպեսզի Մհեր Ենոքյանին ներում շնորհվի: Սպանվածի ընտանիքին է աջակցում նաև գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը, որը ակտիվ գործունեությունը է վարում՝ Մհեր Ենոքյանի ներման գործընթացը կասեցնելու համար:

Նշենք նաև, որ օրեր առաջ Մալյանը հրապարակել էր Մհեր Ենոքյանի և Արամ Հարությունյանի (գործով մյուս դատապարտյալ)՝ ոստիկանություն ներկայանալուց հետո արված տեսանյութը, որտեղ վերջինս նշում է, որ նա իր ընկերոջ հետ մարդ է սպանել:

Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում: Մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանը դատապարտվել էր նույն գործով, սակայն 15 տարի ազատազրկման: Նա այժմ ազատության մեջ է:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net
Comments
SHARE