Գլխավոր Հիմնական Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը

Աշխատանքային օրվա ավարտի պատճառով հետաձգվեց «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու և նրան գրավով ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը:

Նիստը կշարունակվի վաղը` ժամը 11:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը` պատճառաբանելով, որ Արամ Օրբելյանի հետ իր կապերն այնքան չեն,  որ դա ազդի իր անաչառության վրա:

Մենք մեր մասով այդ միջնորդությունը արեցինք, որ եթե վաղը դատարանը կայացրեց որոշում հօգուտ Ռոբերտ Քոչարյանի,  դատախազները չշահարկեն պարոն Օրբելյանի և դատավորի այս հարաբերությունները: Մենք մեր մասով արեցինք դա, բացահայտեցինք այդ հարաբերությունների բովանդակությունը, իսկ դատախազները, դատավորը գտավ, որ անաչառության վրա դա չի ազդում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավորի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ հիմք ընդունելով նախագահող դատավորի ընտանիքի անդամի և անձամբ իր միջև առկա որոշակի ընկերական կապը:

Հայկ Ալումյանը ներկայացրեց, որ խնդրել են նաև, որ դատավորը բացատրի, թե ինչ կերպ է այս միջնորդությունների քննությունը հանձնարարվել իրեն, թե ինչ իրավական հիմքով է ինքը ընտրվել, և այդ հարցի պատասխանը սպասում են դատարանի նախագահից:

Պաշտպանը կարևորեց, որ դատավորների կազմը պետք է որոշվի օրենքի հիման վրա, որ կողմերի մոտ կասկած չմնա: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու Ռոբերտ  Քոչարյանը չի մասնակցել նիստին, նա ասաց, որ նպատակահարմար չի գտել:

Ինչ վերաբերում է նախկինում քննությունը վարող Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկին, նա ասաց, որ իր համար այնքան էլ համոզիչ չէին ինքնաբացարկի հիմքերը: «Ես տեսնում եմ, որ դատավորները բոլորովին ցանկություն չունեն այս գործը քննել ու ամեն հնարավոր տարբերակ գտնում են, որ այս գործի քննությունից խուսափեն:

Ինձ այդպես է թվում, քանի որ տեսնում եմ, թե ինչ հսկայական ճնշում կա այս գործով դատավորների նկատմամբ, և ես հասկանում եմ, որ դատավորը մի կողմից տեսնում է, որ եթե ամեն ինչ օրենքով անի, պետք է որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմից ինքը հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե որոշում կայացնի հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Այս դիլեման է, որ դատավորներին ստիպում է այս գործից խուսափել»,-ասաց նա:

Comments
SHARE