Գլխավոր Հասարակություն Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները բացեցին օդանավակայան տանող ճանապարհը՝ պայմանավորվելով, որ ակցիաները...

Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները բացեցին օդանավակայան տանող ճանապարհը՝ պայմանավորվելով, որ ակցիաները կշարունակվեն

16:23

Ի վերջո ակցիայի մասնակիցները որոշեցին դադարեցնել այսօրվա ցույցն ու հանդիպել երկուշաբթի և բողոքի ակցիա կազմակերպել Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստի ընթացքում: Նրանք բացեցին օդանավակայան տանող ճանապարհը:

16:11 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բողոքը պետք է լինի թիրախային: Նա նշեց, որ եթե մարդիկ դեմ են Մանվել Գրիգորյանի ազատ արձակմանը, ապա բողոքը պետք է անցկացնեն դատարանի շենքի դիմաց:

Նա նշեց, որ երկուշաբթի դատարանը քննելու է հարցը, ուստի ակցիան պետք է շարունակել երկուշաբթի: «Դուք ձեր բողոքի ակցիան կազմակերպեք դատարանի դիմաց, որ թիրախային լինի ձեր բողոքը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենք բացելու են փողոցը, բայց երբ, իրենք կորոշեն:

Պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ դատական համակարգը պետք է առողջացվի, իրենք քննարկելու են հարցն ու գտնելու են լուծման ուղիներ:

15:47

Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը տեղյակ է, թե ինչ է կատարվում օդանավակայան տանող ճանապարհին: Այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը:

«Տեղյակ է և հորդորում է, որ ճանապարհը բացեն»,- ասաց Աղասի Կիրակոսյանը՝ նշելով, որ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որ մարդիկ բացեն ճանապարհը: Նա նշեց, որ ցույցին մասնակցող պատգամավոր Հայկի հետ էլ քննարկել են հարցը, թե ինչպես համոզեն բացել ճանապարհը:

Ցուցարարների մոտ է եկել «Իմ քայլը» դաշինքի ևս մեկ պատգամավոր՝ Վիկտոր Ենգիբարյանը: Ակցիայի մասնակիցները նշեցին, որ ցանկանում են Մանվել Գրիգորյանի գործը քննող դատավորի նկատմամբ հայտնել անվստահություն:

Ենգիբարյանն ասաց, որ իրենք ներկա չեն որպես գործող պատգամավորներ, քանի որ լիազորություններն ուժի մեջ չեն մտել: Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ օրենսդիր իշխանությունը չի միջամտում դատական իշխանությանը:

«Մենք հանգամանորեն քննարկել ենք դատական իշխանության բարեփոխումների խնդիրները: Մենք մտածում ենք նույն կերպ»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:

Comments
SHARE