Գլխավոր Uncategorized Մհեր Ենոքյանը՝ կեղծ բարեպաշտության ու պատերազմող բթամտության հատման կետ

Մհեր Ենոքյանը՝ կեղծ բարեպաշտության ու պատերազմող բթամտության հատման կետ

Արդեն երրորդ օրն է, ինչ Ֆեյսբուքի թիվ մեկ քննարկման թեման մարդասպան Մհեր Ենոքյանին հնարավոր ներում շնորհելու հարցն է։ Մինչ բուն թեմային անցնելը ես ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել իմ դիրքորոշումը․ Մհեր Ենոքյանը դաժան, հաշվենկատ, ցինիկ մարդասպան է, որը ցմահ ազատազրկում է կրում ԱՊԱՑՈՒՑՎԱԾ սպանության համար և ով արել է ամեն ինչ՝ մեդիա մանիպուլյացիաներից մինչև բանտից փախչել՝ բացի մեկ բանից՝ իր կատարած դաժան սպանության համար զղջալուց։ Առհասարակ, Մհեր Ենոքյանն աղաղակող օրինակ է նրա, թե ինչու է, այնուամենայնիվ, անհրաժեշտ ունենալ մահապատիժ։

Սրա նմանները բացարձակ չարիք են, ու կապ չունի, թե քանի տարի կանցկացնեն բանտում։ Նրանց ֆիզիկական գոյությամբ այս աշխարհն ավելի վատն է ու նաև անիմաստ ծախս է պետբյուջեի համար։ Էլ չասեմ, որ եթե սրան ժամանակին գնդակահարեին, ինչպես սահմանված էր դատավճռում, ապա 23 տարի անց չէինք հայտնվի մի տխմար իրավիճակում, երբ պետք է հասարակության առողջ անդամներով համոզենք, որ հանկարծ ներում չշնորհեն մեկին, ով անգամ իր գործած սպանության համար չի զղջացել։

Հիմա՝ բուն թեմայի մասին։ Մհեր Ենոքյանը դարձավ լակմուս, որը ցույց տվեց, թե ինչ աստիճան է այլասերվել մեր հանրային գիտակցությունը տարիների ընթացքում, և ինչպես է հնարավոր պատերազմող բթամտությամբ ու աննախադեպ զոռբայությամբ հանրային նոր օրակարգ ձևավորել։ Ես ուզում եմ իմ լուման ունենալ այս աղճատվածությունը շտկելու հարցում, ուստի կխոսեմ իրողություններով։

Մհեր Ենոքյանի այն լոբբիստները, որոնք հղում են անում մարդասիրության վրա, բոլորն անխտիր կեղծ բարեպաշտությամբ են զբաղվում կամա թե ակամա։ Հանցագործությունների դեպքում ու առավել ևս՝ սպանությունների դեպքում, մարդասիրության գլխավոր հասցեատերերը պետք է լինեն ոչ թե ոճրագործները, այն էլ՝ իրենց հանցանքի համար չզջացած ոճրագործները, այլ այդ հանցագործությունների զոհերն ու նրանց իրավահաջորդները։ Այնպես որ, երբ դուք մի տիեզերական սիրով եք լցվել մարդասպանի նկատմամբ, բայց մոռացել եք, որ մարդասպանի զոհն ընտանիք ուներ, ու չեք զգում, թե ինչ ծանր բարոյական հարված կլինի այդ մարդկանց համար իրենց միակ որդուն սպանողին ներում շնորհելը, ապա ձեր այդ տիեզերական սերը գրոշի արժեք չունի։ Դա սեր էլ չէ։ Դա ինչ-որ հիվանդագին դրսևորում է, որը մեծապես պայմանավորված է տարիներ շարունակ ձգվող ինտենսիվ քարոզչությամբ։

Հիմա՝ պայքարող բթամտության մասին։ Ինչ-որ մասսա կա, որ, բացի Մհեր Ենոքյանի լիրիկական զեղումներից ու վերջինիս լոբբիստների մուտիտներից, ոչինչ չգիտի ո՛չ գործի մանրամասների, ո՛չ դատավարության, ո՛չ իրեղեն ապացույցների մասին, բայց իր սուրբ պարտքն է համարում կասկածի տակ դնել նախաքննության ու դատավարության արդյունքները։ Ու, չգիտես ինչու, իրենց թվում է, որ էդ ոլորտում իրենք կոմպետենտ են այնքան, որ հերիք չէ՝ կարծիք ունենան, մի բան էլ արտահայտեն այն։ Տիկնայք ու պարոնայք բթամիտներ, երբ դուք կոմպետենտ չեք, չեք տիրապետում փաստագրական բազային, բայց վստահ դեմքով պնդում եք անում, որ գործն էս չի, դատավճիռն էն չի, ու առհասարակ, սաղ սարքած ա ու սխալ, դա նույնքան անհեթեթ է, որքան կլիներ ձեր փորձագիտական կարծիքը, ասենք, սրտի ստենտավորման վիրահատության նրբությունների կամ էլ օրգանական կենսաքիմիայի ոլորտում լուրջ գիտափորձի դետալների մասին, եթե դուք նշված ոլորտներում լինեիք նույնքան ոչ կոմպետենտ, որքան քրեական իրավունքի ու արդարադատության ոլորտում եք։

Ամփոփենք․ Մհեր Ենոքյանին պաշտպանելը դեմ է բարոյականությանը ցանկացած մարդու պարագայում՝ բացի իր փաստաբաններից։ Նրանք, ովքեր ակամա են հայտնվել այդ սխալ ընթացքում, իրավիճակի զոհ են, որոնց պետք է դարձի բերել, իսկ նրանք, ովքեր գիտակցելով են անում դա, սրիկաներ են, որոնց պետք է պատժել օրենքի ու հանրային պարսավանքի ողջ գործիքակազմով։

SHARE