Գլխավոր Քաղաքականություն Խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային...

Խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով. Ա. Աշոտյան

Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավարության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով:

Նիկոլական զլմ-ները կարող են շարունակել ներքին սպառման էժանագին շոուները, սակայն հետիշխանափոխական ֆիասկոն այլևս իրականություն է:

2017 թվականի նոյեմբերին ստորագրված և 2018 թվականի հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը:

Առանց այդ էլ զգալի ուշացումով, սիրողականությամբ և դանդաղկոտությամբ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը անցյալ տարի ևս չկարողացավ հաստատել այդ համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը, ինչը իրենց իսկ օրոք նախատեսված էր իրականացնել անցյալ տարի դեկտեմբերին կառավարության որոշման տեսքով:

ԵՄ-ում ունեցած իմ աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանի կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագիծը ենթարկվել է անխնա քննադատության Բրյուսելում և լրացուցիչ լրամշակման անհրաժեշտություն է առաջացել: Դրա մասին է վկայում նաև Նիկոլ Փաշինյանի ելույթը համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի անցյալ տարվա դեկտեմբերի նիստին:

Ի դեպ այդ նիստին զավեշտալի պատճառաբանությամբ ինձ չէին հրավիրել, թեպետ ես դեռ ի պաշտոնե հանդիսանում էի այդ հանձնաժողովի անդամ:

Չէին հրավիրել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ստիպված չլինի պատասխանել իր համար տհաճ և կառավարության անաշխատունակությունը մերկացնող հարցադրումներին»,-գրել է Արմեն Աշոտյանը: 

Comments
SHARE