Գլխավոր Քաղաքականություն Նախընտրական փուլը եղել է մրցակցային, բայց արձանագրվել են որոշ խախտումներ՝ ընտրակաշառքի, բարեգործության...

Նախընտրական փուլը եղել է մրցակցային, բայց արձանագրվել են որոշ խախտումներ՝ ընտրակաշառքի, բարեգործության դրվագներ, վարչական ռեսուրսի չարաշահում. դիտորդներ (տեսանյութ)

Նախընտրական փուլը եղել է հիմնականում ազատ, մրցակցային և խաղաղ ընտրապայքարի պայմաններում, ինչը էապես տարբերվում է նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից. այսօր «Նախընտրական քարոզարշավ. միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականներն ու դիտարկումները» թեմայով հրավիրված ասուլիսին նշեց Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավար Ալեքսեյ Պետրոսյանը:

«Արձանագրվել է առաջընթաց վարչական ռեսուրսի չարաշահման և ընտրողների վրա ճնշումների խնդիրների մասով»,-ասաց նա:

Ըստ Պետրոսյանի՝ արձանագրված վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը վերաբերում են պետական համայնքային և հանրային  ծառայողների նախընտրական քարոզչությանը, նաև համայնքային կառույցներում ծառայողների կողմից քարոզչություն իրականացնելուն, ներսում աշխատանքային ժամին հանձնաժողովի անդամների կողմից քարոզարշավին մասնակցելուն և ելույթներ ունենալուն: Նա անուններ չնշեց, քանի որ ճշգրտման փուլում է:

Թրանսփարնեսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավարը շարունակեց արձանագրված խախտումները. «Դիտորդներն արձանագրել են նաև ընտրակաշառքի, բարեգործության դրվագներ, բայց դրանք չեն կրել համակարգված բնույթ, հիմնականում դրվագներ են եղել»,-ասաց Ալեքսեյ Պետրոսյանը:

Ընդհանուր մթնոլորտի տեսակետից մրցակցության որոշակի տարբերություն ու յուրահատկություն է արձանագրվել. «Շատ դեպքերում թեկնածուների նկատմամբ քննադատական խոսքը խոչընդոտ է քաղաքակիրթ ընտրապայքարի մշակույթի համար»,-ասաց նա:

Ըստ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի ղեկավարի՝ որքան էլ ԿԸՀ-ի տվյալները բաց էին, շատ բաց տվյալներ չէին հրապարակում:

Նրա կարծիքով՝ ինչ-որ կասկածելի կազմակերպություններ բավական մեծ թվով դիտորդների են գրանցել, Միացյալ երիտասարդական պալատ և Աբովյանի ուսանողական խորհուրդը, օրինակ, գրանցել է կասկածելի մեծ թվով դիտորդներ, յուրաքանչյուրը 5400-ի սահմաններում:

Ընտրական հանձնաժողովներում պրոֆեսիոնալիզմի մակարդակը ցածր է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ բավական լուրջ մարտահրավեր էր այս արտահերթ ընտրությունները թե´ ընտրողների և թե´ դիտորդների համար: «Որովհետև այս ընտրարշավին մասնակցում են կուսակցություններ, որոնք նախորդ ավտորիտար համակարգի քաղաքական համակարգի կրողներն են և բազմիցս ասում էին, թե այդ համակարգը մահացած է: Ըստ նրա՝ նախորդ ընտրություններում չկար դիսկուրս, մտքերի բախումները, որին հիմա ականատես եղանք: «Այս ընտրությունների առավել ուշագրավ առանձնահատկություններ են թեկուզ ամենասուր, ծայրահեղ դրսևորումներով մտքի ազատ արտահայտումները և իհարկե տարբեր կարծիքների բախումները»,-ասաց նա:

Սաքունցն ասաց, որ երկարաժամկետ դիտարկում են արել 84 դիտորդներով՝ բոլոր մարզերում:

«Նախընտրական շտաբների ղեկավարների դիտարկումներից պարզվում է՝ 12 տոկոսը մտահոգություն են հայտնել քարոզչանյութերի տարածման խոչընդոտների վերաբերյալ, այլ կուսակցությունների կողմից կանոնների խախտման մասին 33 տոկոսն են հայտնել, 24 տոկոսն ասել է, որ ատելության խոսք այլ կուսակցության կողմից դրսևորվել է: 149 նախընտրական հավաքներից արձանագրվել է բյուջետային հիմնարկների աշխատողների ակտիվ մասնակցություն, որը ռեսուրսների կիրառում է»,-ասաց նա:

Նախընտրական քարոզչության ընթացքում 325 կանոնների խախտումներից 16-ը վերաբերում է «Իմ քայլին», բայց նման խախտումներ արձանագրվել է ԲՀԿ-ի և «Սասնա Ծռերի» կողմից:

«Այնուամենայնիվ, չնայած իշխանությունների կողմից, ի տարբերություն նախորդների, չի եղել կազմակերպված, հրահանգված, կարգավորված վարչական ռեսուրսների օգտագործման դեպքեր ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, ոչ բարենպաստ պայմաններ ստեղծելուն ուղղված հրահանգներ, բայց այն մտահոգությունները, որ ասում էինք, թե տարածքային ցուցակները չեն կարող բարենպաստ լինել ազատ ընտրությունների ազատ և արդար անցկացնելու համար, այս ընտրություններին հաստատվեց»,-ասաց նա:

Արթուր Սաքունցը, պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ այս երկարաժամկետ փուլի գործոններն ազդեցություն կունենան քվեարկության օրը, ասաց, որ ավելի ուշ գնահատական կարող են տալ: «Բայց մեծ առումով կարող ենք արձանագրել, որ զերծ են մնացել համակարգված, կազմակերպված, շարունակական ընտրական համակարգի  խախտմամբ, որ նախորդների ժամանակ արձանագրել ենք»,-ասաց նա:

Comments
SHARE