Գլխավոր Հիմնական Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու վերածվեց Հայաստանը, և պատճառված ամենամեծ վնասը...

Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու վերածվեց Հայաստանը, և պատճառված ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք շարժվեցին դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող`Ամենափրկիչ եկեղեցու տարածք։ Ժամը 11:41-ին` 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին հնչեցին եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից մատուցվեց հոգեհանգստի կարգ, որից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ելույթով:

«Երկրաշարժի զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը և հոգեբանական ու բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդին: Բայց, այնուամենայնիվ, այս աղետը նաև ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ և աշխարհի հարյուրհազարավոր հայեր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և դրա ամենավառ օրինակը համարեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով անմիջապես արձագանքեց և երկրաշարժից հետո այցելեց աղետի գոտի:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ երկրաշարժը նաև մի յուրօրինակ հումանիտար համաշխարհային համախմբման պատճառ դարձավ և Խորհրդային Միության, աշխարհի բարեկամ ժողովուրդներն իրենց օգնության ձեռքը մեկնեցին հայ ժողովրդին` համամարդկային համախմբման մի բացառիկ օրինակ ցույց տալով:

Նա նկատեց, որ, այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ և բացի այն, որ «աղետի գոտի» ասելով՝ հասկանում են բնակարանային կարիքները, դպրոցների շինարարությունը, այնուամենայնիվ պետք  է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց Հայաստանի արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական տնտեսական սեգմենտ:

 Այսպիսով՝ նա ասաց, որ երբ ասում են՝ աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաև վերականգնումը այն ողջ տնտեսական պոտենցիալի, որը եղել է աղետի գոտու ամբողջ տարածքում:
«Բայց աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն են: Երկրաշարժից շատ չանցած՝ սկսվեցին աղետու գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ շենքերին զուգընթաց վերականգնվում էին մարդկանց հույսը, վստահությունը և լավատեսությունը, և երբ ասում ենք՝ աղետի գոտի,  առաջին հերթին հենց սա պետք է նկատի ունենանք, թե ինչքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, լավատեսությունը` վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերը և երազանքները կդառնան իրականություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգ է անհրաժեշտ:

Նա համոզմունք հայտնեց, որ  Հայաստանում տեղի ունեցող գործընթացները առաջին հերթին պետք է ծառայեն հենց այս նպատակին: Ըստ նրա`թևակոխել են մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն շաբաթ պետք է լրջորեն վերականգնել մարդկանց հավատը և վստահությունը իրենց, երեխաների ապագայի նկատմամբ:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ սա է կառավարության ամենակարևոր առաքելությունը: «Երկրաշարժից հետո մի մեծ աղետի գոտու Հայաստանը վերածվեց, և մեր մեծագույն խնդիրն է այդ քաղաքացիական աղետը հաղթահարելը, և ես համոզված եմ, որ մենք ազգովի այսօր վստահ ենք քայլում այդ ճանապարհով: Հիմա այստեղ, այս սրբազան օրը, վայրից դիմելով ՀՀ բոլոր քաղաքացիներին և առավել ևս 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժից տուժած հայրենակիցներին, ուզում եմ ասել՝ սիրելի հայրենակիցներ, ձեր ցավն իմ սրտում է, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու:

Եվ ուրեմն կեցցե Գյոււմու, Վանաձորի, Սպիտակի հերոսական ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարով հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ»,-ասաց նա և մեկ րոպե լռությամբ կրկին հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:

Comments
SHARE