Գլխավոր Քաղաքականություն Այս ղեկավարությունը համարժեք չէ ՀՀ-ի ու Արցախի դեմ կանգնած մարտահրավերներին, ՀՀ...

Այս ղեկավարությունը համարժեք չէ ՀՀ-ի ու Արցախի դեմ կանգնած մարտահրավերներին, ՀՀ հիմնական մարտահրավերը ՀՀԿ-ն էր. բանավեճ

Ի թիվս բազմաթիվ թերությունների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի հստակ ընդգծված բացթողնումներ արտաքին քաղաքականության ու  անվտանգության ոլորտներում։ «Հանրային» Հ/Ը եթերում հեռուսատբանավեճի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀԿ համամասնական ցուցակի 5-րդ համար Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ այս 2 ոլորտները՝ արտաքին քաղաքականության ու անվտանգությանը, որքան կենսական են ՀՀ-ի պետականության ու ժողովրդի  համար, այնքան ավելի թույլ ու անգիտակցորեն են ներկայացված այսօրվա կառավարության կողմից։

«Այս կառավարությունը մսխում է ՀՀ-ի արտաքին քաղաքական կապիտալը, այս կառավարությունը որևէ նոր հավելյալ արժեք արտաքին քաղաքականության, անվտանգության ոլորտում չի ստեղծել։ Այս ղեկավարությունը համարժեք չէ Հայաստանի և Արցախի դեմ եղած բազմաթիվ աշխարհաքաղաքական մարտահրավերներին, այս կառավարություն ունակ չէ պայքարել Արցախի ու ՀՀ անվտանգությունը պահելու համար, այդ թվում՝ դիվանագիտական գործիքներով։ Այս կառավարությունը նաև թուլացրել է ՀՀ-ի դիմադրողականությունը որպես պետություն արտաքին մարտահրավերների հանդեպ։ Վստահեք ձեր ձայնն այն մարդկանց, որոնք լավագույնս կներկայացնեն մեր երկիրը ՀՀ սահմաններից դուրս, որոնք ունեն փորձ, գիտելիք ու հավատք դա անելու»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Մանե Թանդիլյանն էլ գտնում է, որ Արցախի  անվտանգության գրավականն Արցախի ու ՀՀ տնտեսության  զարգացումն է։ Նա նշեց, որ այսօր մեծ շեշտադրում կա սպառազինության վրա, սակայն ակնհայտ է, որ այդ մրցավազքն անհրաժեշտ, բայց բավարար չէ։ Նրա համար ակնհայտ է, որ այսօր ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսը խախտված է, սակայն կարևորում է, որ բալանսը վերականգնելու զուգահեռ տնտեսություն պետք է զարգացվի։

«Անվտանգության առումով մենք տեսնում ենք ՀԱՊԿ-ի գործողությունների շրջանակում Հայաստանի մասնակցության անարդյունավետությունը՝ կապված այն բանի հետ, որ ժառանգել ենք նախորդ իշխանություններից։ Ակնհայտ է՝ Ղազախստանի և Բելառուսի հետ մենք ունենք ոչ գործընկերային հարաբերություններ»,- նշեց նա։

Մանե Թանդիլյանն առանձնացրեց նաև արտաքին տնտեսական քաղաքականության բլոկը․ «Մենք հայտնվել են մի կառույցում՝ ԵԱՏՄ-ում, որ անգամ այս պայմաններում մենք չեն կարողանում մեր ներուժն օգտագործել, որը մենք քննադատել ենք, և փորձը ցույց է տալիս, որ նախորդ իշխանությունների քաղաքականության արդյունքում չենք կարողանում արտահանում կազմակերպել, ինչպես նաև ներդրումներ ապահովել։ Ակնհայտ է, որ բացի արտաքին քաղաքականությունը, նաև տնտեսական ապահովություն է պետք է փոքր երկրներին, ինչպիսն որ ՀՀ-ն է»,- շարունակեց Մանե Թանիդիլյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանն էլ կարծում է, որ Հայաստանը պետք է վարի շատ ճկուն ու կառուցողական քաղաքականություն, քանի որ գտնվում ենք մի տարածաշրջանում, որտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան։

«4 հարևան ունենք, որոնցից 2-ի հետ որևէ դիվանագիտական հարաբերություն չունենք, Ադրբեջանի հետ առկախված պատերազմական գործողությունների մեջ ենք։ Մենք պետք է կարողանանք ՀՀ ներսում ունենալ այնպիսի զարգացող տնտեսություն, նախադրյալներ ու ռազմական արդյունաբերություն, որ, ի վերջո, կարողանանք տնտեսությունն այնպիսի հենքի վրա դնել, որ հարևանը տեսնի ու հասկանա, որ գործ ունի այն պետության ու ժողովրդի հետ, որն իր պատմական ճշմարիտ գործողություններից հետ չի կանգնելու»,- շեշտեց Էֆիաջյանը։

Վերջինս, անդրադառնալով Արցախի հակամարտությանը, հիշեցրեց, որ հայ ժողովուրդն իր կամքն արդեն իսկ ասել ու արտահայտել է. «Մնում է, որ քաղաքական գործիչներս ու լեգիտիմ իշխանությունը, միջազգային ամենտարբեր հարթակներում, ամենաբարձ ամբիոններում կարողանանք մեր ժողովրդի ու Արցախի շահերն այնպես մեկանաբանել ու քայլերի հաջորդականություն մշակել, որ ունենանք հաջողություն։ Սա կարող են անել փորձառու մարդիկ ու լեգիտիմ իշխանությունները»,-շարունակեց Վահե Էնֆիաջյանը։

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյան էլ նկատեց, որ այս օրերն խոսվում է ՀՀ-ի առջև կանգնած մարտահրավերների մասին, և գրեթե բոլոր քաղաքական ուժերը նույն բան են ասում։ Նա, համակարծիք է, որ ՀՀ-ն ունի տնտեսական ու անվտանգային լուրջ մարտահրավերներ, սակայն գտնում է, որ ՀՀ-ի համար ամենամեծ մարտահրավերն ու սպառնալիք եղել ՀՀԿ-ն։ Միևնույն ժամանակ, նա փաստեց, որ հայ ազգն ազատվել է ՀՀԿ-ից, և գնալով ավելի է ազատվում։

«Մեր գործընկերը նշեց, որ մսխել ենք իրենց հաղթանակները ու ձեռքբերումները, ասաց, որ իրենք հմուտ ու բանիմաց են, որ շահեր են պաշտպանել։ Անկեղծ ասած՝ համակարծիք չեմ, համոզված եմ՝ դուք էլ։ Իրենք մսխել են 800 հեկտար հող հայոց աշխարհից, մսխել են բանակը, որի հետևանքով մեր զինվորները կռվել են 80-ականների զենքով, մսխել են ամեն ինչ, ինչ հնարավոր է եղել։ Կարող ենք ասել, որ իրոք մեր նախկին իշխանությունները հմուտ են ու տարիներ շարունակ բոլոր միջազգային կազմակերպություններում արդարացրել են կեղծված ընտրությունները, արդարացրել են այն, ինչ տեղի է ունեցել ընտրություններից հետո, օրինակ՝ Մարտի 1-ը։ Վերջ ի  վերջո, շահի մասին խոսելիս, այո, իրենք տարիներ շարունակ պաշտպանել են Սերժ Սարգսյանի շահերը, և այսօր էլ շարունակում են պաշտպանել Սերժ Սարգսյանին։ Հիմա ձև են անում, թե Սերժ Սարգսյանը չկա, չի մասնակցում, բայց Սերժ Սարգսյանը դեռ կա ու մասնակցում է պրոցեսներին, պարզապես չի մասնակցում իր դեմքով, ինչ պատճառները հասկանալի են»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Comments
SHARE