Գլխավոր Հասարակություն Գեղամ Գևորգյանը և ԱՀ գյուղնախարարության ներկայացուցիչները քննարկել են երկու երկրի գյուղատնտեսության զարգացմանն...

Գեղամ Գևորգյանը և ԱՀ գյուղնախարարության ներկայացուցիչները քննարկել են երկու երկրի գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետությունում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նախօրեին հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, առաջին հանդիպումը կայացել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության ղեկավար կազմի հետ, որին հաջորդել է ընդլայնված հանդիպում նախարարության աշխատակազմի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առաջնահերթ ուղղություններն ու զարգացման միտումները: Առանձին անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարներին:

Հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում  Գեղամ Գևորգյանը, մասնավորապես նշել է. «Հստակ երկու կողմն էլ պատկերացնում է, որ պետք է ունենանք ամուր համագործակցություն, համատեղ ծրագրեր իրականացնենք թե’ անասնաբուծության և անասնաբուժության, թե’ պտղաբուծության ոլորտներում, մենք մեկ միասնական ուժով պետք է կարողանանք զարգացնել երկու երկրների գյուղատնտեսությունը»:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու հայկական պետություններում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում բարեհաջող և դրական արդյունքներ գրանցած ծրագրերը:

ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանն իր հերթին նշել է, որ հանդիպմանը քննարկվել է երկուստեք հետաքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` անասնաբուծության ոլորտի կանոնակարգմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի ընդհանուր ծրագրի մշակմանը և երկու հանրապետություններում անասնահակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր:

Այնուհետև Գեղամ Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Զրույցի ընթացքում կողմերը, մասնավորապես, անդրադարձել են ագրարային բնագավառում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Այցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին ընդունել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Comments
SHARE