Գլխավոր Քաղաքականություն «Ոլորտում հայտնի մարդ է». Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարին

«Ոլորտում հայտնի մարդ է». Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատարին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակազմին եւ պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ բուհական համակարգը չի կարող անմասն մնալ հանրապետությունում սկիզբ առած բարեփոխումների գործընթացից եւ կոնսերվատորիայում տեղի ունեցող փոփոխությունները եւս այդ համատեքստում կարեւոր են. «Նոր ռեկտորի պաշտոնակատարը պետք է եռապատկի եւ քառապատկի ջանքերը, որպեսզի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան լուրջ հաջողություններ արձանագրի: Սոնա Հովհաննիսյանը երաժշտական արվեստի ոլորտում հայտնի մարդ է եւ հավելյալ ներկայացնելու կարիք չունի: Այն հաջողությունները, որ նա ունեցել է իր ոլորտում` «Հովեր» երգչախմբի ղեկավարման ընթացքում, թույլ են տալիս վստահություն ունենալ, որ տիկին Հովհաննիսյանը կկարողանա լուծում տալ իր առջեւ դրված խնդիրներին: Մենք լիահույս ենք, որ կուտակած գիտելիքի եւ կարողությունների պաշարն ամբողջությամբ նա կներդնի կոնսերվատորիայի զարգացման համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը եւ հավելել, որ ԿԳ նախարարությունն իր լիազորությունների եւ պարտականությունների շրջանակում կանի ամեն ինչ, որպեսզի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի զարգացումը կազմակերպվի արդյունավետ: Միաժամանակ, Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Շահեն Շահինյանին` բուհում կատարած տարիների աշխատանքի համար եւ շեշտել, որ նախկին ռեկտորին հիմնականում հաջողվել է լուծում տալ ընթացիկ խնդիրներին: Ռեկտորի պաշտոնակատար Սոնա Հարությունյանը եւս շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտորին` կատարած աշխատանքի համար: Նա իր խոսքում կարեւորել է հատկապես աշխատանքային բարենպաստ մթնոլորտի ձեւավորումը. «Մենք ապրում ենք անցումային փուլում եւ այդ առումով կարեւոր է անցման գործընթացի բնականոն կազմակերպումը: Յուրաքանչյուր մարդ իր մթնոլորտն է բերում եւ իր միջավայրն է ստեղծում: Ինձ համար կարեւոր է, որ մենք կարողանանք հանգիստ վերաբերվել այդ գործընթացին եւ ուղիղ նայել միմյանց»,- նշել է Սոնա Հարությունյանը: Հիշեցնենք, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Շահեն Շահինյանը հրաժարական է ներկայացրել, եւ ԿԳ նախարարի հրամանով «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է ռեկտորի պաշտոնակատար:

Comments
SHARE