Գլխավոր Հասարակություն Շողշողացող լույսերի մեջ երկնքից իջել է Աստվածածինը, աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց...

Շողշողացող լույսերի մեջ երկնքից իջել է Աստվածածինը, աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց տվել արցախյան զանազան բնակավայրեր

Ե՛վ արյուն պետք է թափվի, և՛ պատերազմ պետք է լինի, և՛ պատերազմում Արցախը պետք է հաղթի և միանա Հայաստանին

Սա ոչ թե հրաշք է, այլ տեսիլք` կապված Արցախի և այն ժամանակ սարկավագ, այժմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի (Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի) հետ: Սակայն, հրաշքի նման է այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ ու նախապես հայտնվեց ստորև ներկայացվող տեսիլքով:

1985 թվականի հուլիսին երկու հավատացյալ եղբայր Երևանից մեկնել են Արցախ: Նրանք ծագումով արցախցի էին, բայց ծնվել էին Երևանում: Յոթ օր ծոմ պահելուց հետո Գանձասարի վանքում աղոթք են արել ու խնդրել Աստծուն, թե Տէր, հայտնիր մեզ, ի՞նչ է սպասվում ապագայում մեր հայրենիքին, մանավանդ, Արցախ աշխարհին: Եկեղեցիները փակված են, հավատացյալների բանակը` սակավացած: Եվ այս աղոթքին ի պատասխան, Աստված տեսիլք է տվել նրանց: Եղբայրները նախ տեսել են ողջ Արցախը մռայլ գույների մեջ: Ժողովուրդը մուգ զգեստներով է եղել ու տխուր:

Հանկարծ շողշողացող լույսերի մեջ երկնքից իջել է Աստվածածինը և աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց տվել արցախյան զանազան բնակավայրեր: Եվ ուր մատով ցույց է տվել, այնտեղ փոքր ի փոքրե արյուն է թափվել: Հետո տեսիլքի մեջ երևացել է Գանձասարը, որ պայծառացել է և այնքան է պայծառացել, որ արևի պես սկսել է լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը: Եվ ամեն մի բլրի վրա ոսկե խաչ է եղել, որն իր հերթին լուսավորել է իր մոտակա տարածքը: Իսկ տեսիլքի վերջում երևացել է, որ ամբողջ Արցախի ժողովուրդը զգեստափոխված է, ամենքն էլ սպիտակ զգեստներով են եղել և փառաբանել են Աստծուն: Եվ շատ լուսավոր մի տեսարան է եղել ամբողջ Արցախի վրա, և ողջ Արցախի տարածքով երկնքում գրվել է ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՎԱՏՔ:

Երբ եղբայրները վերադարձել են Երևան և տեսիլքը պատմել Գուրգեն սարկավագին, որն այն ժամանակ ծառայում էր Սբ. Էջմիածնում, նա տեսիլքը մեկնել է, թե, նախ, որոշ չափով արյուն պետք է թափվի Արցախում, ապա մեծ ուրախությամբ և ոգևորությամբ ասել, որ դրանից հետո Գանձասարը պետք է բացվի և այնտեղից պետք է օրհնությունը տարածվի ամբողջ Արցախով մեկ: Հավատքը վերելք պետք է ապրի, և Արցախը պետք է միանա Հայաստանին կամ պիտի դառնա Հայաստանի մի մասը: Եվ տեսիլքը ուրախությամբ մեկնելուց հետո, Գուրգեն սարկավագն իր կարծիքն է հայտնել, թե գուցե տասնյակ տարիներ հետո միայն այս ամենն իրականանա: Քանի որ այդ օրերին ո՞վ կմտածեր, թե երեք տարի անց շարժումը պիտի սկսվեր: Գուրգեն սարկավագի մեկնությունը լսելով, եղբայրներից փոքրը, որպես տեսիլքի շարունակություն, ժպտալով ասել է նրան` դու էլ Արցախի առաջնորդը պիտի լինես:

«Երբ քսան-երեսուն տարի հետո եպիսկոպոս դառնամ, միգուցե և Արցախի առաջնորդը լինեմ»,- պատասխանել է սարկավագը:

Սակայն, Աստված նախօրոք է տնօրինում ամենայն բարին, և ահա տեսիլքից ընդամենը երեք ամիս անց սարկավագին աբեղա են ձեռնադրել, իսկ երեք տարի անց էլ, երբ եպիսկոպոս են ձեռնադրել, շարժումն արդեն սկսվել էր: Այնժամ Գուրգենը, որը վերանվանվել էր Պարգև և արդեն եպիսկոպոս էր, հասկացել է, որ տեսիլքում զգուշացվածը շատ արագ էլ պետք է կատարվի, և ոչ թե` տասնյակ տարիներ հետո: Ե՛վ արյուն պետք է թափվի, և՛ պատերազմ պետք է լինի, և՛ պետք է պատերազմում Արցախը հաղթի և միանա Հայաստանին: Եվ իսկապես էլ, ամեն բան, ըստ Աստվածածնի տեսիլքի, արագ ընթացավ: Եվ Պարգև եպիսկոպոսը առաջնորդ կարգվեց համայն Արցախ աշխարհին:

Իր «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքում այս պատմությունը մեզ է փոխանցել Աշոտ Հունանյանը: Բոլոր նրանց, ովքեր կհետաքրքրվեն «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» գրքով, տեղեկացնենք, որ այն վաճառվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրախանութների ցանցում, «Շողակաթ» գրախանութում, Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութում:

 

Արթուր Հովհաննիսյան

Comments
SHARE