Գլխավոր Տնտեսություն Տարին պետք է փակենք առանց ֆինանսական պարտավորությունների. ԱՀ պետնախարարն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն...

Տարին պետք է փակենք առանց ֆինանսական պարտավորությունների. ԱՀ պետնախարարն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 26-ին ֆինանսների, քաղաքաշինության, գյուղատնտեսության նախարարների և շրջանային վարչակազմի ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել:

Այս մասին տեղեկացնում են պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական նախարարը նախ հետաքրքրվել է հանրապետության շրջաններում քաղաքաշինական ընթացիկ աշխատանքներով, ապա նշել, որ կոմունալ տնտեսությունների բարեկարգման և ճանապարհների նորոգման ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ 30 տոկոսով կավելացվեն վարչակազմերի ենթակայության տակ գործող շինարարական կազմակերպություններին հատկացվող ֆինանսկան միջոցները: «Տարին պետք է փակենք առանց ֆինանսական պարտավորությունների, և փաստացի աշխատանքները պետք է չգերազանցեն հատկացված միջոցները: Ինչ վերաբերում է շրջաններում իրականացվող կապիտալ շինարարական աշխատանքներին, ցանկանում եմ տեղեկացնել, որ 2019թ.-ի պետական բյուջեով նախատեսում ենք ծախսերի ավելացում: Մասնավորապես՝ 2018թ.-ին հատկացված 2 մլրդ 200 մլն դրամի փոխարեն ծրագրում ենք հատկացնել 3 մլրդ դրամ»,- ասել է պետնախարարը և ավելացրել, որ հատկապես գյուղական համայնքներում Կառավարության համար առաջնահերթ է մնում խմելու ջրի ամբողջական համակարգի կառուցումը:

Գ. Մարտիրոսյանն անդրադարձել է նաև միջնաժամկետ ծախսային ծրագրին՝ նշելով, որ եռամյա կտրվածքով ներկայացվող նախագծերը 2019թ.-ի մասով պետք է կազմվեն նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, իսկ 2020-21թթ-ի առումով՝ կանխատեսումների վրա արված գնահատականներով:

Գործընթացին հետևելու համար համապատասխան հանձնարարություններ են ստացել քաղաքաշինության և ֆինանսների նախարարները:

Խոսելով գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքների մասին՝ պետնախարարն ընդգծել է, որ Կառավարությունը խստացնում է պետական աջակցության մեխանիզմները, և այսուհետ գործող ծրագրերից հնարավորություն կունենան օգտվել այն հողօգտագործողները, ովքեր կատարում են ցանքաշրջանառություն: «Խնդիրը սկզբունքային նշանակություն ունի մեր գյուղատնտեսության համար: Առաջատար փորձը ցույց է տվել, որ բարձր արդյունք ապահովելու համար անհրաժեշտ է պարբերաբար փոխել ցանվող մշակաբույսերը: Բայց քանի որ մեր հորդորներին հողօգտագործողների մեծ մասը չի հետևում, ստիպված ենք շահագրգռող այլ մեթոդների դիմել»,- ասել է Գ. Մարտիրոսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև շրջաններում աշխատող գյուղատնտեսների և անասնաբույժների մասնագիտական վերապատրաստումների հարցը: Պետնախարարի խոսքով՝ այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել, քանի որ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգով դրված պահանջերը իրականացնելու համար անհրաժեշտ է բարձր որակավորմամբ մասնագետներ ունենալ:

Հաջորդիվ Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է հանրապետության շրջաններում քաղաքացիական պաշտպանությանն ուղղված որոշ հարցեր՝ նշելով, որ մինչև տարեվերջ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական հատկացումներ կլինեն, որոնք կուղղվեն գործող ապաստարանների վերականգնմանն ու պահպանմանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև պետական ֆինանսավորմամբ հանրապետությունում իրականացվող այլ ծրագրեր, ինչպես նաև առաջարկություններ են եղել 2019թ.-ի պետական բյուջեի նախագծի շրջանակում պլանավորվող ծրագրերի վերաբերյալ:

 

Comments
SHARE