Գլխավոր Տնտեսություն ՌԴ-ի հետ կնքված գազային ստորացուցիչ պայմանագիրը պետք է վերանայվի․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

ՌԴ-ի հետ կնքված գազային ստորացուցիչ պայմանագիրը պետք է վերանայվի․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Պետք է ուշադրություն դարձնել 2013-ի դեկտեմբերին ԱԺ-ում Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված «գազային» ստորացուցիչ պայմանագրին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Նորից եմ կրկնում՝ այդտեղ ստորացուցիչ դրույթներ կան, որոնցից մեկը հետևյալն է, որ առաջիկա 27 տարիների համար մենք պետք է «Գազպրոմի» համար ապահովեինք շահութաբերություն: Այսինքն՝ ինչքան ուզում ես այլընտրանքային էներգետիկայի միջոցով ստանալ ավելին, գինը իջեցնես, միևնույնն է, «Գազպրոմի» բաժինը պետք է պահվի»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ այդ դրույթն անպայման պետք է վերանայվի: Եվ երկրորդ՝ Իրան-Հայաստան գազատարի մոտ 170 կիլոմետրը անցկացնել է «Գազպրոմը», այսինքն՝ ամբողջ ներդրումների ծավալը մտած է սակագնի մեջ, ինչը թույլ չի տալիս իջեցնել սակագինը:

«Իսկ մենք պետք է ՌԴ-ի հետ ունենանք պայմանագրային կետեր, որ նման հնարավորություն լինի: 2 թիվ եմ հնչեցնում՝ գազի համակարգում 139 դրամը 134 դրամ դարձնելու համար մեզ պետք է 17 միլիարդ դրամ խնայել»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Հարցին, թե որքանով արդյունավետ կգործի հանձնաժողովը, վերջինս ասաց. «Ամեն ինչ կախված է մեր հանձնաժողովի արդյունավետությունից, եթե մենք կարողանանք 3-4 անգամ արագ աշխատել, իսկ դուք տեսնում եք, որ մեկ շաբաթում արդեն երկրորդ նիստն ենք անում:

Միքայել Մելքումյանը լրագրողներին հիշեցրեց, որ երկու օր առաջ, երբ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն էր քննարկվում, ինքը հարց է ուղղել վարչապետի պաշտոնակատարին, և վերջինս հայտարարել էր, որ ՌԴ նախագահը հետաքրքրություն է  ցուցաբերում, և որ կա պայմանավորվածություն, «որ մենք կգնանք, փաստաթղթավորված կտեսնենք, թե ինչպես է ստացվում, որ սակագինը 2 անգամ թանկանում է սահմանից մինչև սպառող հասնելու ընթացքում, և եթե մենք հիմնավորումները  փաստաթղթավորված ներկայացնենք, հարցը քննարկման առարկա կդառնա:

Comments
SHARE