Գլխավոր Քաղաքականություն Մեր նախընտրական ցուցակում կլինեն անհատներ, որոնք պարտադիր չէ` «քայլած լինեն», կլինի նաև...

Մեր նախընտրական ցուցակում կլինեն անհատներ, որոնք պարտադիր չէ` «քայլած լինեն», կլինի նաև նախարարների ու մարզպետների մեծ մասը. Հ. Աղազարյան (տեսանյութ)

Արդեն իսկ կա «Իմ քայլը» դաշինքը և որևէ կարիք չկա այլ քաղաքական ուժերին միացնելու արդեն իսկ գործող դաշինքին, նրանք կարող են այլ ուժերի  հետ միավորվել, ստեղել ուրիշ դաշինքներ. Tert.am -ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հովիկ Աղազարյանը, իհարկե, ներկայացնելով իր անձնական կարծիքը:

Նա նշեց, որ թեև կուսակցության վարչությունում չի քննարկվել ԱԺ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին կուսակցության նախընտրական ցուցակը, սակայն միանշանակ է, որ դրանում պետք է լինեն անկուսակցական հասարակական գործիչներ, արվեստագետներ:

«Ինչ վերաբերում է նախարարներին, մարզպետներին, կարծում եմ, որ մեծ մասը կլինեն ցուցակում, ուղղակի, ընտրություններից հետո յուրաքանչյուրը, անցած ժամանակահատվածը հաշվի առնելով, կկողմնորոշվի, թե որտեղ ավելի օգտակար կլինի, դրանից հետո կլինեն ճշգրտումներ»,-ասաց Հովիկ Աղազարյանը:

Հարցին էլ, թե որքան էլ երկիրը շարժվում է արտահերթի ռեժիմով, այսուհանդերձ, կառավարության հրաժարականից առաջ լինելո՞ւ է առաջ այսպես կոչված՝ ընդունում -հանձնում, վերլուծություն, թե որքանով լավ աշխատեցին նախարարները, մարզպետները, որքան էլ այդ ժամանակաշրջանը ցնցումնալի և ընդհատումներով էր, Աղազարյանը պատասխանեց. «Ճիշտ է՝ դժվար ժամանակաշրջան է, բայց, բոլոր դեպքերում, և՛ մենք, և՛ իրենք գնահատում են իրենց ուժերը, թե որտեղ իրենք ավելի օգտակար կլինեն: Բնականաբար, մասսայական փոփոխություններ չեն լինի, որովհետև ինքներդ նշեցիք, որ ժամանակն այնքան էլ երկար չի, որ գնահատականներ տանք, բայց փոփոխություններ կլինեն: Կարծում եմ՝ դրանք անխուսափելի են»,-  ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Ներկայացնելով, թե ինչ չափանիշներով են այդ անհատներն հրավիրվելու ՔՊ-ի նախընտրական ցուցակ, ԱԺ պատգամավորը նկատեց, որ նրանք այն մարդիկ են, որոնք պատրաստ չեն լինել այս կամ այն կուսակցության անդամ լինել, բայց ճանաչելի ու ընդունելի են հասարակության կողմից:

«Չէի ասի, որ նրանք պետք է անցած լինեն հեղափոխության բովով, որովհետև մեր հեղափոխությունը տարբերվում է դասական հեղափոխություններից և չափել այս կամ անհատի մասնակցության աստիճանը, բավականին դժվար կլինի: Չվերցնենք, այն փոքր խումբը, որն ամեն ինչ նախաձեռնեց, բոլորն էլ իրենց մասնակցությունը բերել են  հեղափոխության հաղթանակին և այդ արժեքները կրում են շատերը:

Այդ իմաստով, պարտադիր չէ, որ նրանք հեղափոխական բովով անցած լինեն, քայլած լինեն, պառկած լինի, ոչ, դա պարտադիր չէ»,-որպես անձնական կարծիք ներկայացրեց Հովհաննես Աղազարյանը:

Հարցին՝ ովքե՞ր կարող են լինել ՔՊ-ի բնական դաշնակիցները, դիտարկո՞ւմ են ՀԱԿ-ին որպես այդպիսին և արդյոք այս համատեքստում նրանք չեն կարող հրավիրվել դաշինք, Հովհաննես Աղազարյանը նշեց. «Մենք արդեն իսկ ունենք «Իմ քայլը» դաշինքը: Այսինքն՝ այդ իրավաբանական անվանումով դաշինքը, ամենայն հավանականությամբ, մնալու է անփոփոխ»:

Հրաժարականի մասին հստակ ժամկետով հայտարարությունը վկայո՞ւմ է այն մասին, որ ՔՊ-ում այլևս չեզոքացված են համարում հակահեղափոխության վտանգը, Հովիկ Աղազարյանն ի պատասխան ասաց.««Բարգավաճ Հայաստանի» հետ հուշագրի ստորագրումից հետո, ՀՀԿ մի շարք անդամների համաձայնության պայմաններում, իհարկե, հավանականությունը բավականին նվազել է, բայց անձամբ ես, օրինակ, գտնում եմ, որ 0-ական չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Comments
SHARE