Գլխավոր Հասարակություն Ապամոնտաժե՞լ, թե՞ նորոգել․ ինչպե՞ս լուծել հին շենքերի խնդիրը

Ապամոնտաժե՞լ, թե՞ նորոգել․ ինչպե՞ս լուծել հին շենքերի խնդիրը

Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս նշել էր, որ Երևանի բնակֆոնդի մեծ մասը վթարային է կամ շինություններն արդեն հին են և նշել էր, որ այդ շենքերը պետք է քանդվեն և դրանց փոխարեն կառուցվեն նորերը։ Սա, բնականաբար, առաջին հերթին մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում, սակայն հարց է առաջանում՝ հին շենքերի փոխարինումը նորով՝ արդյո՞ք բացասական ազդցություն չի ունենա և չի՞ «աղտոտի» քաղաքաշինական միջավայրը։

Վերոնշյալ և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց «Հին Երևան» նախագծի հեղինակ, ճարտարապետ Լևոն Վարդանյանի հետ։

-Պարո՛ն Վարդանյան, վթարային շենքերի խնդրի լուծման ի՞նչ տարբերակներ կան։ Արդյո՞ք լուծման ճանապարհը միայն քանդելն է։

-Ոչ միայն վթարայինները, այլև ԽՍՀՄ բոլոր շենքերը հաշվարկված են 7 բալի համար, իսկ Սպիտակի երկրաշարժից հետո բալային համակարգը և ռեգիոնի վտանգավորությունը ցույց տվեցին, որ մեր երկրում 9 բալից ներքև նախագծեր չեն կարող լինել։ Բացի դա, ժամանակի ընթացքում  բնակիչներն իրենց ապօրինի շինարարություններով շատ վնասներ են հասցրել շենքերի աշխատող կոնստրուկցիաներին։ Սա վաղուցվա հարց է, նոր չէ։ Երկրաշարժից հետո այդ հարցը կա, ուղղակի ինչպես է դա իրականցնելու քաղաքապետը՝ դժվար հարց է․ բնակելի ֆոնդը պետք է ապահովվի, որ թարմացվեն շենքերը։

-Ինչպիսի՞ ֆինանսական ծախսերի մասին է խոսքը:

-Խոսքն ահռելի ֆինանսական ծախսերի մասին է։ Դրան տարբեր լուծումներ կան, բայց քաղաքապետի փոխարեն չեմ կարող ասել. դա արդեն իր ներքին խոհանոցն է։

– Այդ շենքերի ապամոնտաժումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ քաղաքի տեսքի վրա։ Հնարավո՞ր է՝ այն քաղաքաշինական միջավայրի վրա բացասական ազդեցություն ունենա:

– Արդեն 30 տարի է՝ կարծիքներ եմ լսում տարբեր մտավորականներից, որոնք կարոտախտի մեջ են և ասում են՝ մեր քաղաքի կերպարը փոխեցին և այլն, ու ոչ մեկը դրական կարծիք չունի, այսինքն՝ 30 տարվա մեջ ոչ մի լավ բան չի՞ արվել քաղաքում, միայն վա՞տն է արվել։ Քաղաքի կերպարը ո՞րն է, որ Մաշտոցի պողոտայից սկսած՝ ամբողջ քաղաքը ոնց որ ննջարանային կորպուս լիներ, առաջին հարկում բնակարանների լուսամուտները՝ միշտ վարագույներով փակ, ոչ մի հանրային տարածք։ Դա այն Երևանն է, որն իրենք կարոտե՞լ են։ Խոսքն այս դեպքում գնում է Խորհրդային միության շենքերի մասին, որոնք քաղաքի կենտրոնում են, բարձրահարկ շենքեր են՝ 11-12 հարկանի, և ճարտարապետորեն ոչ մի արժեք չունեն, բառիս բուն իմաստով՝ կառուցվել են բնակելի ֆոնդ ապահովելու համար։ Ես գտնում եմ, որ բոլոր այդպիսի շենքերը պետք է ապամոնտաժել և նոր նախագծեր անել։

-Իսկ հնարավո՞ր է չքանդել, այլ՝ փրկել:

-Դա շատ ավելի թանկ է։ Բոլոր բնակիչներին բնակելի շենքերից պետք է հանեն, ժամանակավոր կացարաններով պետք է ապահովեն։ Սկսած հիմքերից՝ շենքերն ամբողջությամբ ամրացվում են՝ որն անիմաստ է։ Ավելի հեշտ է այդ շենքերն ապամոնտաժել, քանդել, քան հներն ամրացնել։ Այլ բան է՝ եթե հուշարձան է, կամ  թամանյանական շրջանի շենքեր են, որոնք, իսկապես, ստեղծում են Երևան հասկացողությունը: Դա պատմական շրջադարձ է, հուշարձանային արժեք ունի, բնականաբար, այդ շենքերում պետք է կատարվեն ամրացման աշխատանքներ։

Արմինե Արմենակյան

Comments
SHARE