Գլխավոր Հասարակություն Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանության ներառումն է, բայց դա առանց հավասարության...

Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանության ներառումն է, բայց դա առանց հավասարության արժեք չի կարող ունենալ. Շվեյցարիայի նախագահ

Աշխարհը Ֆրանկոֆոնիայի կարիք ունի. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին իր ելույթում ասաց Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն:

Նա նշեց, որ այս վեհաժողովն ընձեռում է հրաշալի հնարավորություն՝ կիսվելու այն մարտահրավերների շուրջ, որոնք իրենց անհանգստացնում են:

«Շատ-շատ բաներ փոխվել են, բայց, այնուամենայնիվ, հիմնական տենդենցները դեռ ներկա են, և որոշ տենդենցներ ամրապնդվում են: Դիմակայելով առճակատումներին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք միջազգային համագործակցության արժեքները, լինի կլիմայական հարցերի շուրջ հավաքներ, այս բոլոր միջամտությունները պետք է լինեն արդյունավետ և ճշմարտացի, և դրանք կլինեն ճշմարտացի և արդյունավետ, եթե մենք կարողանանք բազմաբևեռ պատասխաններ բերել»,-ասաց նա:

Ալեն Բերսեն նկատեց, որ այսօր իրենք տեսնում են հակառակ տենդենցը, որը տանում է պետություններին փակուղի և իզոլացման:

«Այո, մենք այսօր ապրում ենք ժամանակներ, որտեղ առկա է բազմաբևեռ համագործակցության վստահության պակասը: Այս պարագայում ես վստահ եմ, որ Ֆրանկոֆոնիան մեծ արժեք է»,-ասաց նա:

Շվեյցարիայի նախագահը նշեց, որ ֆրանսերենը ոչ միայն հաղորդակցման միջոց է, այլ մի գործիք, որը կառուցում է միտքը: «Ֆրանկոֆոնիայի հսկայական ուժերից մեկն էլ բազմազանությունը հաշվի առնելը և  ներառելն է, բայց բազմազանությունն առանց հավասարության արժեք չի կարող ունենալ: Հաշվի առնելով այս բազմազանությունը՝ Ֆրանկոֆոնիան ունի շատ մեծ կարևորություն միջազգային ասպարեզում` ժողովրդավարության և խաղաղության նպաստելու երևույթներ, Ֆրանկոֆոնիան նաև ամբողջ ցանցն է օգտագործում, որպեսզի կիսի երիտասարդության և մշակութային արժեքները: Մշակութային կարևորագույն խաղացող է Ֆրանկոֆոնիան»,-ասաց նա:

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսենի խոսքով` Ֆրանկոֆոնիան չի կարող անմասն մնալ  ռեֆորմներին ու փոփոխություններին: Ըստ նրա՝ կարևոր է, որ Ֆրանկոֆոնիան նաև ընդունի նոր անդամների: Շվեյցարիայի ղեկավարը կարևոր առանցք համարեց մարդասիրական արժեքները, կին-տղամարդ հավասարությունը, ազատ ընտրությունները, օրենքի գերակայության և հավասարության հարգանքը:

«Եթե Ֆրանկոֆոնիան կարող է ներդրում ունենալ այս գործառույթներում, ապա դա հետևյալն է. մատնանշել խնդիրները և հաղթահարել դրանք: Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվելու են, ամբողջովին արտահայտում են «Միասին ապրելու» Երևանի գագաթնաժողովի ուղերձը»,-ասաց նա:

Շվեյցարայի նախագահը ևս հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի հիշատակին:

Comments
SHARE