Գլխավոր Ամենաընթերցված Կտեսնեք տղամարդկային արժանապատվության մեր ակցիան. Ա. Ախոյանը և ազգայնական կազմակերպությունները պահանջում են...

Կտեսնեք տղամարդկային արժանապատվության մեր ակցիան. Ա. Ախոյանը և ազգայնական կազմակերպությունները պահանջում են ԼԳԲՏ ֆորում չանցկացնել

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի նախկին խորհրդական ու ներկայումս «Ալյանս» կուսակցության անդամ Արագած Ախոյանն անդրադառնում է  նոյեմբերի կեսերին Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումի դեմ իրենց հնարավոր գործողություններին: Առայժմ կոչ են անում գնալ և նման համաժողով անցկացնել մեկ այլ երկրում, օրինակ, Չեչնիայում: «Կարո՞ղ են Չեչնիայում նմանատիպ ժողով անցկացնել: Գլուխնե՛րը կպոկեն: Եթե ակցիան ՀՀ-ում անցկացվի՝ Արագած Ախոյանը խոստանում է, որ այստեղ ևս թեժ կլինի: ««Նոր սերո՞ւնդ», կտեսնեք տղամարդկային արժանապատվության մեր ակցիան»,- խոստանում է Արագած Ախոյանը:

-Պարո՛ն Ախոյան, հայտարարել էիք, որ ազգային-պահպանողական մի շարք կազմակերպությունների հետ միասին պատրաստվում եք հուժկու հակահարված տալ նոյեմբերի կեսերին Երևանում անցկացվելիք ԼԳԲՏ քրիստոնյաների ֆորումին:

 Կոնկրետ ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել:

– Նախ ուզում եմ ասել, որ սա հանկարծակի չեմ որոշել:  Ես հայկական ավանդական արժեքների պահապաններից մեկն եմ և մեր  պառլամենտում ներկայացրել եմ ուղղափառ երկրների միջպառլամենտական վեհաժողովի խորհուրդը: Միջազգային այդ կառույցում ունենք նաև կայացված որոշումներ, և մենք միշտ քննադատել ու դատապարտել ենք նման երևույթները: Եվ չպետք է նման միջոցառումներ անցկացնել ժամանակակից երկիր դառնալու համար, և Բուլղարիայում՝ Վառնայում իմ ունեցած իմ ելույթի ժամանակ ես ասացի, որ «եթե եվրոպական ինտեգրման ճանապարհին մենք պետք է շեղվենք մեր ավանդական արժեքներից, ուրեմն թքած ունենամ նման  ինտեգրման վրա»:

Ցավոք, փաստ է, որ աշխարհով մեկ կա այդ երևույթը՝ իմ գնահատմամբ՝ շեղված լինելու, բնության օրենքներին դեմ գնալու փաստը: Եվ նորից եմ ասում, ես միշտ դեմ եմ եղել դրան, նաև որպես հայ տղամարդ, և այսօր հանկարծակի որոշել են, որ մեր տան մեջ այն, ինչ անբարոյական է, բերեն, սարքեն բարոյական: Ու այս ամենում ամենամեծ զավեշտն այս հասարակական կազմակերպության վերնագիրն է՝ «Նոր սերունդ»: Իսկ ավելի զավեշտալին այդ համաժողովի վերնագիրն է՝ քրիստոնյա ֆորում: Ո՞վ է թույլ տվել այդ այլասերվածությունը բերել, կպցնել քրիստոնյա արժեքներին:

-Ի դեպ, որոշ կաթոլիկ եկեղեցիներում թույլատրված են նույնասեռական պսակադրությունները եկեղեցով:

-Ուրեմն ես նույնիսկ դեմ եմ այդ եկեղեցիներին, որոնք կարող են քարոզել այլասերվածություն: Դա իրենք են որոշել, իրենց բարքն է, Հայ առաքելական եկեղեցում նման բան ո՛չ կա, ո՛չ էլ կարող է լինել: Եվ արվում է փորձ ավանդական արժեքները խստորեն պահպանող ժողովրդին բերել, ներքաշել էդ այլանդակությունների մեջ: Դրա համար մենք բացատրություն ենք պահանջելու…«Նոր սերունդ» անվանումով նոր սերունդը անբարոյականություն է, իրենք կտեսնեն՝ ես խոստացել եմ, կլինեն տղաներ, որոնք պատրաստ կլինեն որպես տղամարդ իրենց ինքնասիրության ու արժեքների համար ցույց տալ իրենց հնարավորությունները: Իրենք կտեսնեն՝ նոր սերունդը որն է:

Մենք լրիվ այլ պատկերացումներ ունենք նոր սերնդի մասին: Մենք տեսել ենք, թե ապրիլին ինչ արեց նոր սերունդը՝ երիտասարդությունը, հեղափոխությունը, այլ ոչ թե իրենց այլասերվածությունը բերեն, անցկացնեն:

-Երբ աշխարհահռչակ Էլթոն Ջոնն իր ամուսնու հետ եկավ Հայաստան, Դուք նման ակտիվություն չցուցաբերեցիք:

-Էլթոն Ջոնի այցը մասնավոր այց էր, բայց ոչ նման միջոցառում Հայաստանում անցկացնել, որն ինչ-որ տեղ կարող է նախանշան լինել: Մենք դեմ ենք և նույնիսկ մեր ուղեղում չի կարող տեղավորվել նման հավաքի անցկացում Հայաստանում:

-Պարո՛ն Ախոյան, ՀԿ-ն , որը կազմակերպում է այդ համաժողովը, վայրը գաղտնի է պահում, իրենք որևէ մանրամասն չեն հայտնում:

-Հայաստանում ոչ մի գաղտնի բան չկա, անպայման կիմանանք: Ես ուզում եմ իրենց առաջարկել՝ թող գնան, այլ երկրում նման հավաք անցկացնեն: Կարո՞ղ են, օրինակ,  Չեչնիայում նմանատիպ ժողով անցկացնել:Գլուխնե՛րը կպոկեն: Թող գնան մի այնպիսի երկիր, որտեղ դա հնարավոր է:

-Իսկ նախքան արմատական գործողություններին անցնելը իրենց հետ կապվե՞լ եք, Ձեր պահանջները ներկայացրե՞լ եք։

– Առայժմ բավարարվում ենք հայտարարություններով, մինչև կազմկոմիտե կստեղծվի, բնականաբար, ամեն ինչի կդիմենք, իսկ հիմա խորհուրդ ենք տալիս, որ ուղղակի գնան այստեղից:

-Իսկ ինչի՞ կդիմեք, պատրա՞ստ եք ոստիկանությունում հայտնվել:

-Այդ թվում՝ դա:

-Իսկ հնարավո՞ր է, որ այդ ակցիային միանա նաև ՀՀԿ-ն, որը մշտապես վերջին շրջանում հայտարարում է, որ դեմ է պղծության ու միասեռականության քարոզին:

-Այս ակցիան կուսակցություն չի ճանաչում: Այս ակցիան տղամարդկային արժանապատվության և ազգի արժանապատվության խնդիր է, մեր երեխաների վաղվա օրվա, դաստիարակության խնդիրն է: Եթե մենք համաձայնենք ու աչքներս փակենք՝ վաղը մեկ այլ բան կանեն, մյուս օրը՝ մեկ այլ բան: Մենք չմոռանանք, թե մեր ազգն ինչով է պահպանվել: Ամբողջ աշխարհը նախանձում է մեզ, ինչո՞ւ են հայ ընտանիքներին գրկաբաց  ընդունում ողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում: Որովհետև հայ ազգի նման  ընտանիքի մոդել ունեցող ազգ չկա, որն առաջնահերթ դնի երեխայի դաստիարակության խնդիրը:  Ոչ մի ազգ իրեն այնպես չի զրկել՝ հանուն երեխայի դաստիարակության:

-Քաղաքական վերջին իրադարձությունների հետ կապված ի՞նչ կասեք:

-Ցավով եմ նայում ամենին, ինչ տեղի է ունենում: Ես միշտ ասել եմ՝ մի՞թե այսքան ատելություն կար, որը կա՛մ չէր երևում, կա՛մ երևում էր, չէինք տեսնում: Ես, բնականաբար, երբևիցե իշխանության մաս չեմ կազմել և ներկայումս «Ալյանս» կուսակցությունով փորձելու ենք մեր խոսքն ասել և մասնակիցը լինել մեր պետականաշինության կայացմանը: Եվ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններն արդեն պահանջված թեմա է, որովհետև այդ ամենից հետո սա անխուսափելի է:

-Իսկ ՀՀԿ-ական Ձեր նախկին գործընկերները, ըստ Ձեզ, ճիշտ չէ՞ին գնահատում իրավիճակը՝67 հոգով կազմակերպելով հայտնի քվեարկությունը:

-Կարծում եմ՝ ոչ: Ես բազմիցս իրենց ասել եմ, հարազատորեն, մտերմորեն, ասում էի՝ լսե՛ք՝ խնդիր կա: Ցավոք սրտի, էդ խնդիրը ոչ ոք չէր ուզում տեսնել:

 

Comments
SHARE