Գլխավոր Հիմնական Քաղաքապետարանում բոլոր պրոֆեսիոնալները, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, կարող են...

Քաղաքապետարանում բոլոր պրոֆեսիոնալները, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, կարող են իրենց ծառայությունը մատուցել․ Հ․ Մարության (տեսանյութ)

Բոլոր այն պրոֆեսիոնալները, որոնք պատրաստ են աշխատել նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել։ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով կադրային քաղաքականությանը։

«Բնականաբար, լինելու է անհատական մոտեցում բոլոր կադրերին և ես որոշում եմ կայացնելու է այն փաստերի վրա, թե արդյոք այդ մարդիկ կկարողանա՞ն աշխատել նոր Հայաստանի կանոններով, թե՞ ոչ»,- նշեց քաղաքապետը՝ ավելացնելով, որ խոսքը և՛ փոխքաղաքապետերի, և՛ թաղապետերի, և՛ վարչության պետերի մասին է։

Հարցին, թե առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ պատկերացնում եք համագործակցությունը, Հ․ Մարությանը նշեց․ «Նորից եմ ասում, բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են իրականում ծառայել, եթե նրանք ոչ մի օրենքի հետ չունեն խնդիրներ, ես պատրաստ եմ աշխատել՝ բոլորի հետ»։

Հարցին, թե «Իմ քայլը» դաշինքը կադրերի խնդի՞ր ունի, որ հին կադրերին փորձում է ամեն կերպ պահել քաղաքապետարանում, քաղաքապետը պատասխանեց․ «Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ ինստիտուցիոնալ հիշողություն, և եթե մարդն ունի այդ ինստիտուցիոնալ հիշողությունը և պատրաստ է ծառայել, իրեն հանելն այդտեղից և բերել նոր մարդ, որը թեկուզև շատ լավ մասնագետ է, բայց մինչև խորանա խնդիրների մեջ ժամանակ կանցնի, ես չեմ տեսնում դրա պատճառը։ Այսինքն՝ չկա ինքնանպատակ փոխելու մարդուն, միակ ինքնանպատակն է, որպեսզի Երևանի բնակիչները գոհ լինեն իրենց քաղաքային ենթակառուցվածքներից»։

Հայկ Մարությանի խոսքով՝ քաղաքապետի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին քայլը լինելու է աղբահանության հարցի լուծումը․ «Մենք պետք է բանակցենք «Սանիթեք» ընկերության հետ, պահանջենք իրենցից, որպեսզի ծառայությունները մատուցեն պատշաճ որակով։ Եթե իրենք օբյեկտիվ պատճառներով չկարողանան դա անել, մենք երկրորդ օպերատորի մասին կմտածենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է քաղաքապետարանի հետ գծատերերի պայմանագրերին, Հայկ Մարությանը նշեց, որ հարգվելու են բոլոր կնքված պայմանագրերը․ «Բայց եթե պայմանագրերի պայմանները խախտված են և դրանից տուժում են մեր բնակիչները, մենք վերանայելու ենք բոլոր պայմանագրերը և արդեն գործելու ենք ի շահ բնակիչների»։

Հայկ Մարությանը նաև հայտնեց, որ իրենք օգտագործելու են Տրանսպորտային ցանցը բարեփոխելու նախորդ քաղաքային իշխանության ծրագիրը․ «Նախ ուսումնասիրենք, հասկանանք՝ ինչքանով է այն համապատասխանում Երևանի պայմաններին, բնակիչների պահանջներին և չկա՞ն արդյոք այդտեղ կոռուպցիոն ռիսկեր։ Եթե այս ամենին համապատասխանում է, իհարկե, մեր փոքրիկ շտկումները կմտցնենք և կիրականացնենք»։

Քաղաքապետ Մարությանը վստահեցրեց, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը Երևանի տրանսպորտային խնդիրը լուծված է լինելու։

Comments
SHARE