Գլխավոր Հասարակություն Վարչապետը խնդրում է՝ Ֆրանկոֆոնիայի օրերին հնարավորինս խուսափել մեքենայով երթևեկելուց

Վարչապետը խնդրում է՝ Ֆրանկոֆոնիայի օրերին հնարավորինս խուսափել մեքենայով երթևեկելուց

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգի ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ին, արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության և Շահումյանի հրապարակներում, Վազգեն Սարգսյան փողոցում, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցում՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ վարչապետի հանձնարարականով ներկայացնելով, թե երթևեկության ի՞նչ սահմանափակումներ են լինելու հոկտեմբերի 11-ին ու 12-ին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին:

Վալերի Օսիպյանը հայտնեց, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8։30-ից մինչև 10։30-ն, արգելվելու է երթևեկությունն Աճառյան փողոցից դեպի Կենտրոն, Մյասնիկյան պողոտա-Հերացի-Կորյունի փողոցներով, Ազատության պողոտայով՝ Ազատության պողոտա-Բաբայան խաչմերուկից, Սարալանջի, Տերյան, Կորյունի փողոցներում։

Ամբողջությամբ երթևեկության համար փակ են լինելու՝ Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին։ Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 5-ից մինչև միջոցառման ավարտը արգելվելու է երթևեկությունը Վազգեն Սարգսյան փողոցում, իսկ ժամը 8։30-ից փակ է լինելու Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Մաշտոց խաչմեչուկից դեպի Հանրապետության հրապարակ, Իտալիայի, Բեյրութի և Զաքյան փողոցները, Խորենացի փողոցը՝ Ագաթանգեղոսի խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծ- Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Հանրապետության փողոցը՝ Հանրապետություն-Վարդանանց խաչմերուկից դեպի Տիգրան Մեծ պողոտա, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ հատվածում, Արամի փողոցը՝ Արամի-Խանջյան խաչմերուկից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հստակեցրեց, որ հոկտեմբերի 11-ին առավոտյան 8։30-ից Երևանի կենտրոնը երթևեկության համար ամբողջությամբ փակ է լինելու: «Մեր հայրենակիցներին խնդրում եմ, որ վաղը հնարավորինս խուսափեն մեքենայով երթևեկելուց, և օգտվեն մետրոյից: Պետք է ակնկալել, որ մետրոպոլիտենը շարժակազմերի քանակը կմեծացնի: Պարոն Արշակյան (Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար), կարծում եմ, որ այս ուղղությամբ արժե հատուկ հանձնարարական տալ», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վալերի Օսիպյանն էլ անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա-համերգին՝ դրան մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիներին հորդորեց հրապարակ գալ համերգից 2-3 ժամ շուտ, քանի որ անվտանգության նկատառումներով բոլորին զննելու են։

Comments
SHARE