Գլխավոր Հիմնական ՀՀԿ-ն ուզում էր սեպ խրել ԲՀԿ-ի և ՔՊ-ի միջև, բայց կարողացանք արագ...

ՀՀԿ-ն ուզում էր սեպ խրել ԲՀԿ-ի և ՔՊ-ի միջև, բայց կարողացանք արագ հիասթափեցնել այդ շահառուներին. Սերգեյ Բագրատյան

Բոլորին հասկանալի դարձավ, որ այս հուշագրից հետո քաղաքական դաշտն իրական տեսք ստացավ. ասուլիսին հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Հարցին, թե ԲՀԿ-ն հոկտեմբերի 2-ին վարչապետի կողմից որակվեց հակահեղափոխական, կարելի՞ է ասել՝ այլևս հեղափոխական չէ, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ այդ ժամանակ պայմանական բաժանումների շրջան էր, որն իրականության հետ կապ չուներ:

«Չկան սևեր, սպիտակներ, կա հանրության մի հատված, որը նախընտրում է, որ առաջիկա ընտրությունները և ընդհանրապես  քաղաքական դաշտի զարգացումները գնան համախոհության և ներդաշնակության սկզբունքով: Բնականաբար, այն քաղաքական ուժը, որ կխանգարի այդ ընթացքին, կհամարվի հակառակորդ կամ մրցակից, ինչպես կուզեք անվանեք, բայց հասարակության մի մասը մյուսին  հակադրելը մեր ձեռագիրը չէ»,-ասաց նա:

Ըստ Բագրատյանի՝ որոշ քաղաքական ուժեր ժամանակից շուտ հրճվում էին, որ կարողացան սեպ խրել իշխող քաղաքական ուժի և մնացած բոլոր ուժերի միջև: «Այսինքն՝ առճակատման հնարավորություն ստեղծեցին քաղաքական դաշտում, բայց մենք կարողացանք շատ արագ հիասթափեցնել այս շահառուներին, որոնց՝ հեռուն գնացող կամ չմտածված քայլերը մեր քաղաքական ուժի կողմից չեն դիտարկվել որպես հնարավորություն»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ակնարկո՞ւմ է ՀՀԿ-ին, Բագրատյանը հաստատեց՝ այո:

Իսկ թե ովքեր էին իրենց ստիպել ԱԺ կանոնակարգ-օրենքի նախագծում առաջարկություն անել կամ կողմ քվեարկել օրինագծին, որպեսզի հետահայաց այդպիսի հայտարարություն անեն, ասաց, որ իրենց ունեցել են խմբակցության որոշում և չեն վիճարկում այդ որոշումը: «Ցանկացած պարտաճանաչ խմբակցության պատգամավոր պետք է այդ որոշումն իրացնի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչով էր ՀՀԿ-ն ուզում սեպ խրել իրենց և ՔՊ-ի միջև, Բագրատյանը նշեց, որ չի կարծում, որ դա միայն օրինագծին է վերաբերում: «Քաղաքական գործընթացներում կան որոշակի շահեր և, բնականաբար, քաղաքական դաշտում իրենց արտացոլումն են ունենում: Իմ ընդհանուր դիտարկումը հետևյալն էր, որ ՀՀԿ-ն մեծ ցանկություն ունի «Ելք» դաշինքին մղելու անկյուն, և, բնականաբար, եթե որոշակի գործընթացներ կային, որ կարող էր դիտարկվել նման երևույթ, արագ փարատվեց հուշագրի ստորագրումով, և հասկացան, որ ԲՀԿ-ին հնարավոր չէ այդ դաշտում տեսնել:

«Իհարկե, քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, լինում են հարցեր, որ քաղաքական ուժերը տարբեր կարծիքներ են ունենում, և դա նորմալ ընթացք է, բայց գլխավոր հարցում սպասարկել հանրության շահերը պետք է լինի քաղաքական ուժի կարևոր մեսիջը, հակառակ դեպքում այդ քաղաքական ուժի գոյությունը դառնում է ինքնանպատակ»,-եզրափակեց նա:

 

Comments
SHARE