Գլխավոր Միջազգային Ֆրանսերենը խաղաղության երկխոսության լեզու է. ԱՄԷ-ն առաջին անգամ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին...

Ֆրանսերենը խաղաղության երկխոսության լեզու է. ԱՄԷ-ն առաջին անգամ մասնակցում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին որպես ասոցացված անդամ

Արաբական Միացյալ Էմիրությունները հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին կմասնակցի որպես ասոցացված անդամ։

Սա առաջին անգամն է, երբ ԱՄԷ-ն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցում է որպես ասոցացված անդամ, քանի որ նախկինում նրա մասնակցությունը եղել է որպես դիտորդ-անդամ։ Այս զարգացումը արժևորում է Արաբական Միացյալ Էմիրությունների ջանքերը անվտանգության, խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և մշակութային բազմազանության արժեքների ամրապնդման հարցում։

ԱՄԷ պատվիրակությունը՝ պետնախարար Զաքի Նուսեյբայի գլխավորությամբ,  նախորդ երկու օրերին մասնակցել է նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության  նախարարական հանդիպումներին, որոնք անցկացվել են «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում» խորագրով։ Հանդիպումներին մասնակցել են նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ հանդիսացող մի շարք երկրների պաշտոնական պատվիրակություններ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Զաքի Նուսեյբան նշեց, որ ԱՄԷ-ն 2010թ.-ից սկսած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդ-անդամ է՝ հավելելով, որ Երևանում կայանալիք գագաթնաժողովին իր երկիրն  առաջին անգամ կմասնակցի որպես ասոցացված անդամ։

ԱՄԷ պետնախարարը նաև բարձր գնահատեց հայ-էմիրաթական ամուր հարաբերությունները՝ ընդգծելով, որ առկա են մեծ հնարավորություններ առաջիկայում ևս ամրապնդելու մշակութային հարաբերությունները երկու երկրների միջև։

«Մեզ համար ֆրանսերենը չափազանց կարեւոր է, քանի որ այն տարբեր մշակույթների երկխոսության լեզու է, և ինչպես շատերն են ասում՝ ֆրանսերենը խաղաղության երկխոսության լեզու է»,- նշեց Զաքի Նուսեյբան։

ԱՄԷ պետնախարարը նաև մեծ ցավ հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ, ով մշակութային հսկայական ժառանգություն է թողել և մեծ ներդրում է ունեցել ողջ աշխարհում Հայաստանի համբավը տարածելու գործում, ինչի շնորհիվ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նրան շնորհել է պատվավոր քաղաքացիություն։

 

 

Comments
SHARE