Գլխավոր Հասարակություն Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը. Հովհաննես Ազոյան. armtimes.com

Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը. Հովհաննես Ազոյան. armtimes.com

Դերասան Հովհաննես Ազոյանը դիմում էր գրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: ՔՊ խոսնակը հաստատել էր այս տեղեկությունը՝ նշելով, որ Ազոյանը դիմում է գրել, որը դեռ չի հաստատվել:

Այսօր armtimes.com-ի հետ զրույցում Ազոյանն ասաց, որ իր մտադրությունները չեն փոխվել, սակայն ՔՊ-ից դեռ ոչ մի պատասխան չի ստացել: Դերասանը նշեց, որ որոշել է քաղաքականություն մտնել եւ շատ լուրջ նպատակներ ունի:

«Ուղիղ տասը տարի է՝ ինչ զբաղվում եմ հասարակական գործունեությամբ, որն արդեն փոխակերպվել է քաղաքականության: Այս ընթացքում ես անուղղակի զբաղվում էի նաեւ քաղաքականությամբ, այդ ռեսուրսն իմ մեջ կուտակվել է, որը պետք է ռեալիզացվի: Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը: Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»,-ասաց Հովհաննես Ազոյանը:

Վերջինիս խոսքով՝ ինքն էլ է այսօր ինչ-որ չափով պատասխանատվություն կրում հասարակության առաջ: «Հիմա ուզում եմ այդ պատասխանատվությունը կրել դե յուրե, ոչ թե՝ դե ֆակտո, բացի դրանից իմ ունակությունները եւ իմ տեսակը կարելի է օգտագործել Քաղաքացիական պայմանագրի ներսում որպես ընդդիմություն: Ես շատ լավ ընդդիմություն կլինեմ հենց ՔՊ-ի ներսում, որպեսզի կուսակցությունը չլճանա, չճահճանա»,- վստահեցրեց Ազոյանը:

Մեր հարցին, թե այդ ինչ մտքեր են, որոնք վերջինս ուզում է ռեալիզացնել եւ միայն քաղաքականություն մտնելո՞վ է դա հնարավոր, Հովհաննես Ազոյանն ասաց. «Ես շատ եմ ուզում շեշտը դնել մարդու իրավունքների, մարդու ազատության վրա՝ բոլոր առումներով»:

Վերջինս նշեց, որ սոցիալական տարբեր շերտերի, փոքրամասնությունների շահերն է ուզում պաշտպանել: Ազոյանը հայտնեց, որ նպատակ ունի անպայման լինել Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Comments
SHARE