Գլխավոր Հիմնական Չենք ցանկանում որևէ մեկին նեղացնել, ահաբեկել, ուզում ենք ազնվացնել մեր հարաբերությունները․ Փաշինյանը՝...

Չենք ցանկանում որևէ մեկին նեղացնել, ահաբեկել, ուզում ենք ազնվացնել մեր հարաբերությունները․ Փաշինյանը՝ Ֆրանսիայի գործարարների հետ հանդիպմանը

Հայաստանում տեղի է ունեցել ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և ես ուզում եմ ասել, որ այն ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքների հեղափոխություն է: «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության անդամների հետ հանդիպմանն իր ելույթում այսպես ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց նաև շատ կարևոր է ընդգծել, որ մեծ հաշվով այս հեղափոխությունը արդյունք չի ունենա, եթե մենք չհասնենք նաև տնտեսական հեղափոխության»,- միևնույն ժամանակ նկատեց նա՝ հավելելով, որ այդ առումով Հայաստանի համար հիմա ամենակարևոր շրջափուլն է, երբ պետք է ապահովվի տնտեսական ճեղքում:

Նիկոլ Փաշինյանը համաձայն է այն խոսքի հետ, որ շատ հստակ կանոններ են պետք տնտեսական գործունեության համար: «Մենք այդ կանոնների մասին բազմիցս հայտարարել ենք, բայց ենթադրում եմ, որ տնտեսական ավանդույթների բերումով Հայաստանում դեռևս ոչ բոլորն են դրան հավատում»,- ասաց նա:

Ներկայացրեց, որ իր՝ վարչապետ ընտրվելուց հետո ինքը հրավիրել է գործարարների շրջանակի և արել հայտարարություն, որ որևէ գործարար, որևէ ընկերություն ազատված է կոռուպցիոն պարտավորվածություններից: «Մենք ներդրողների հետ հարաբերություններում երկու պայման ենք առաջ բերել․ գործունեությունը պետք է լինի օրինական, օրենքին լիարժեք համապատասխան, և մենք բոլորին կաջակցենք, որ նրանք հնարավորինս շատ աշխատատեղեր ստեղծեն, և, իհարկե, նրանք էլ պետք է հարկեր վճարեն»,- ասաց նա:

Վարչապետը նաև հավելեց, որ իրենք նաև ի գիտություն են ընդունել բիզնեսից եկած այն ազդակները, որ հայաստանյան հարկային օրենսգիրքը խառնիճաղանջ է և բարդացնում է տնտեսական գործունեություն ծավալողների գործը: Ըստ նրա՝ դա հաշվի առնելով է, որ նախաձեռնել են Հարկային օրենսգրքի փոփոխություն:

«Բայց մենք բախվում ենք նաև մեկ այլ խնդրի հետ, որը կապված է նախկինում գոյություն ունեցած քաղաքական համակարգի հետ: Որևէ ընկերություն չի կարող գործել տվյալ երկրի իրականությունից կտրված: Եվ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ բազմաթիվ ընկերություններ, որոնք գործել են ՀՀ-ում, ստիպված են եղել գործել այն խաղի պայմաններում, երբ գոյություն են ունեցել կոռուպցիան և մենաշնորհների հովանավորչությունը»,- ասաց նա:

Այս համատեքստում նա ֆրանսիացի ներկայացուցիչներին պատմեց, որ վարչապետ ընտրվելուց հետո իր առաջին քայլերից մեկը եղել է «Քարֆուր» սուպերմարկետ այցելելը, որը միակն էր իր վարչապետ ընտրվելու պահին, որ գործում էր օրենքի շրջանակներում: «Այդ պայմաններում հսկայական սուպերմարկետը սկսել էր փոքրանալու գործընթաց, և հիմա կարող եմ ասել, որ փոքրանալու գործընթացը կանգնել է, և երաշխավորված է նրա ընդլայնվելու գործընթացը, որովհետև հիմա բոլոր սուպերմարկետները գործում են օրենքի շրջանակներում, և այլ բան լինել չի կարող»,- հավաստիացրեց ՀՀ վարչապետը:

Նա նշեց նաև, որ իրենք ստիպված են եղել և հիմա էլ ստիպված են որոշակի հարցեր պարզաբանել մի շարք ընկերությունների հետ, որոնք ունեն տարբեր ծագումնաբանություն, ինչպես օրինակ՝ գերմանական, ռուսական, իտալական, ֆրանսիական և այլն: «Բայց մեր գործողություների նպատակը որևէ բան ավերելը չէ, մեր գործողությունների նպատակը այդ ընկերությունների հետ մեր համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելն է: Եվ ինչպես ՀՀ-ի, այնպես էլ այդ ընկերությունների շահերը պաշտպանելն է, այդ թվում՝ չարաշահումներից»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ երբ մենք ինչ-որ ոլորտում ունենք խնդիրներ, մենք պետք է հասկանանք՝ ինչ սխալ է արել կառավարությունը, և ինչ սխալ է արել մեր գործընկերը: «Շատ դեպքերում ընկերությունների և կառավարությունների միջև կնքված գործարքներում ՀՀ-ի և ՀՀ ժողովրդի շահը հաշվի չի առնվել: Եվ սրանում ընկերությունների մեղքը ես ընդհանրապես չեմ տեսնում, որովհետև այն պետք է իր շահերից հանդես գա: Պետության և ժողովրդի շահերը պետք է ներկայացնեն այն իշխանությունները, որոնք բանակցում են պայմանագրերի շուրջ:

Մի շարք պայմանագրեր ուսումնասիրելով՝ մենք հասկանում ենք, որ ցավոք, Հայաստանի ներկայացուցիչները ոչ թե Հայաստանի շահերից են հանդես եկել, այլ իրենց անձնական, կլանային և, կներեք, նույնիսկ մաֆիոզ շահերից: Այս իրավիճակները պարզելու համար մենք պետք է հասկանանք այդ հարցերը, գտնենք պատասխանները: Հակառակ դեպքում մենք կունենանք վերնագիր՝ առանց բովանդակության»,- ասաց նա՝ ըստ երևույթին խոսքի այս հատվածում նկատի ունենալով ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերությանը հետ կապված նոր իշխանությունների բացահայտումները:

Նա անգամ օրինակ բերեց՝ նշելով, որ չի ցանկանում կոնկրետ դեպքը մատնանշել: «Առնվազն մի քանի դեպք կա, որտեղ մենք  ունենք հիմնավոր կասկածներ, որ հենց այդպես էլ կա իրականությունը: Կան ընկերություններ, որոնք ՀՀ-ում մեծ ներդրումներ անելու պարտավորություն ունեն: Հաշվապահության թղթերով նրանք շատ մեծ ներդրումներ են արել, բայց երբ նայում ենք, որ տեսնենք, թե  ներդրումներ են դրանք, պարզվում է, որ գոյություն ունեցող ենթակառուցվածքը A կետից քանդել են, հիսուն կիլոմետր այն կողմ գտնվող B կետում գտնվող տեղում՝ նորից տեղադրել»,- նշեց նա:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այս գործընթացում իրենք չեն ցանկանում որևէ մեկին նեղացնել, վախեցնել, ահաբեկել, գործունեության հեռանկարը փակել: «Մենք ուզում ենք ազնվացնել մեր հարաբերությունները: Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր ընկերություն պետք է պաշտպանի իր շահերը, բայց ուզում ենք նաև ընդգծել, որ ՀՀ-ի շահերը ներկայացնողի աթոռն այլևս ազատ չէ: Որովհետև, եթե ամեն ինչ այդպես շարունակվի, նաև այդ ընկերությունների գործունեությունը շարունակվի, այդ ընկերությունների գործունեության ապագան շատ մշուշոտ կլինի, որովհետև փոսեր են առաջացել, որոնցից դուրս գալու համար մենք պետք է իրար օգնենք»,- ասաց նա:

Comments
SHARE