Գլխավոր Քաղաքականություն Գագիկ Ծառուկյանը «Մարտի 1»-ին կանխել է ժողովրդի վրա կրակելը. Արարատ Զուրաբյան

Գագիկ Ծառուկյանը «Մարտի 1»-ին կանխել է ժողովրդի վրա կրակելը. Արարատ Զուրաբյան

«Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ որեւէ քայլ կատարի ժողովրդի դեմ»,- «Հայելի» մամուլի ակումբում ասաց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը: Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս է հայտարարել, որ օլիգարխները մասնակցություն են ունեցել «Մարտի 1»-ի դեպքերին: «Ես ձեզ առաջարկում եմ ընթերցել «Հայկական ժամանակ» օրաթերթը, որտեղ սեւը սպիտակի վրա հստակ գրված է, որ երբ հավաք էր տեղի ունենում, որտեղ որոշվում էր, որ պետք է կրակել ժողովրդի վրա, Գագիկ Ծառուկյանի միակ միջամտությունն էր, որ կանխեց նման որոշումը, ինչը դուր էր եկել նույնիսկ Սերժ Սարգսյանին»,-ասաց Արարատ Զուրաբյանը: Դիտարկմանը`հակառակի մասին հրապարակումներ եւս եղել են՝ Արարատ Զուրաբյանը հակադարձեց. «Բայց նկատի ունեցեք՝ ապրում ենք ՀՀ-ում, նման իրավիճակներում տեղի է ունենում հայկական իրականությանը հատուկ մի բան՝ ով ում հետ չունի, փորձում է մի բան գցել դիմացինի գրպանը, ինչպես 1995 թ-ին մարդիկ մի բան էին անում , ասում էին՝ «Երկիր» թերթն են գցել գրպանը»: Անդրադառնալով օլիգարխների թիկնազորը զինաթափելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին էլ, Արարատ Զուրաբյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանը ունի պայմանագիր, որում նշվում է, որ ամբողջ կազմը, որը սպասարկում է նրան, նրա բիզնեսները, անվտանգությունն է ապահովում, ոստիկանության աշխատակիցներն են: Ընդ որում՝ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել պահպանության վարչություն՝ կնքելու պայմանագիր իր եւ բիզնեսների անվտանգության ապահովման համար»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/09/14/980844/

Comments
SHARE