Գլխավոր Հիմնական Գերմանիան ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար՝ ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի...

Գերմանիան ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար՝ ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի հասնելու համար. Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մենք քննարկեցինք և համաձայնության եկանք հետևյալի շուրջ, որ այս այցի արդյունքներով գործողությունների համատեղ օրակարգ կունենանք, որոնք կվերաբերվեն ամենատարբեր ոլորտներին, և կոնկրետ աշխատանք կիրականացնենք՝ այդ օրակարգի հարցերը քննարկելու և իրականություն դարձնելու համար: Այս մասին այսօր հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններից հետո ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ շատ բովանդակալից բանակցություններ տեղի ունեցան Գերմանիայի և Հայաստանի պատվիրակությունների միջև, որոնք վերաբերում էին Հայաստան-Գերմանիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարցերին, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին:

«Ուրախ եմ արձանագրել, որ այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն:

Գերմանիան առևտրաշրջանառության ծավալով Հայաստանի երրորդ գործընկեր երկիրն է, իսկ ԵՄ-ում՝ առաջին: Հույս ունենք, որ այդ համագործակցության ծավալները ոչ միայն քանակական, այլև որակական առումով էական փոփոխություններ կկրեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր խոսքում ընդգծեց, որ շատ ուրախ է առաջին անգամ Հայաստանում գտնվելու համար:

«Ես այսօր այցելել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մենք գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայերի նկատմամբ, այս փաստը չպետք է մոռացվի»,- հայտարարեց կանցլերը:

Անգելա Մերկելը նաև նկատեց, որ Հայաստանը բարձր մշակութային և պատմական ավանդույթներ ունեցող երկիր է, բայց նաև բաց է նոր ապագայի առջև: Նա հայտնեց, որ Գերմանիան մեծ ուշադրությամբ հետևել է հայաստանյան իրադարձություններին՝ «թավշյա հեղափոխությանը»:

«Մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են ավելի ընդլայնվել: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն: Կցանկանանք համագործակցել թվայնացման, պաշարների կրթության ոլորտներում, ինչպես նաև գիտական համագործակցության մեջ շատ լավ օրինակներ ունենք»,- ասաց նա:

Գերմանիայի կանցլերը հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել է Գերմանիայում ապաստան խնդրող հայերի խնդիրը. «Այս առումով մենք լավ համագործակցում ենք, բայց կարելի է ավելին անել, որ ՀՀ քաղաքացիները կարողանան բուժական օգնություն ստանալ Գերմանիայում»:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման հարցին, կանցլերը նշեց. «Վրաստանի և Ուկրաինայի հետ կապված վիզաներն ազատականացվել են:  Մենք մեր կողմից անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի հետ ևս վիզաների ազատականացման հասնելու համար»:

Անգելա Մերկելն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի կնքմանը՝ ընդգծելով, որ Գերմանիան իր հերթին ներդրում կունենա համաձայնագրի կիրարկման հարցում:

«Հայաստանը կարող է օրինակ լինել այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն ունենալ և՛ Ռուսաստանի, և՛ ԵՄ-ի հետ: Բայց մերձավոր ապագայում բանակցություններ դժվար թե տեղի ունենան ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»,- պատասխանելով լրագրողների հարցին ասաց նա:

Արցախյան հակամարտության մասով Ա. Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ԼՂՀ հակամարտության  խաղաղ ճանապարհով լուծմանը:

Անգելա Մերկելը նաև հավելեց, որ Ադրբեջանի կողմից մուտքի արտոնագիր չստացած գերմանացի պաշտոնյան կփոխարինվի մեկ ուրիշով: Նրա խոսքով՝ այս հարցը պետք է լուծել բանակցելու միջոցով, առանց լարվածության: «Որոշել ենք, որ համապատասխան պարոնի աշխատանքը մեկ այլ պատգամավորի միջոցով կիրականացվի: Այս որոշմանը եկել ենք, որպեսզի հարցը լուծենք բանակցությունների միջոցով. եթե մարդիկ չեն խոսում, կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել»,- ասաց Մերկելը:

Comments
SHARE