Գլխավոր Հիմնական Ռ. Քոչարյանի կալանավորման մասին ՀՅԴ հայտարարությունն իրենց արևելյան և արևմտյան ափի թևերում...

Ռ. Քոչարյանի կալանավորման մասին ՀՅԴ հայտարարությունն իրենց արևելյան և արևմտյան ափի թևերում տարբեր կերպ է մեկնաբանվել. Մ. Հայրապետյան

Սփյուռքում, ինչպես ՀՀ-ում, ցանկացած քաղաքացի, այդ թվում՝ ես, սպասում են արդարացի որոշումների՝ մեկնարկած իրավական գործընթացների արդյունքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը` անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տրամադրվածության կա սփյուռքում վերջին իրավական գործընթացների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ «Դաշնակցության» հայտարարությունը սփյուռքի ներկայացուցիչների վրա, Մխիթար Հայրապետյանն ասաց.

«ՀՅԴ հայտարարությունը քննարկել ենք Դաշնակցության՝ արևելյան և արևմտյան ափի ներկայացուցիչների հետ, տարբեր կերպ է մեկնաբանվել, խոսքը մտավախությունների մասին է, ես զերծ կմնամ այս թեմայով խոսելուց: Չեմ ցանկանա ավելի մանրամասնել, կարող եք կապ հաստատել սփյուռքի դաշնակցական կառույցների հետ, ճիշտ կլինի, որ իրենք պատասխանեն ձեզ:

Սփյուռքում կա մեծ վստահություն թե´ վարչապետի, թե´ նոր կառավարության գործելաոճի նկատմամբ: Բացի այդ, սփյուռքում հստակ կա այն զգացողությունը, որ քաղաքական թևը տարանջատված է դատական իշխանություններից, և դատական, իրավական կառույցները որևէ կաշկանդվածություն չունեն, ուղղորդում չեն ստանում քաղաքական թևի կողմից»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչներին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է սփյուռքի ներկայացուցիչներին ներգրավել ընտրական գործընթացներում, տալ քվեարկելու հնարավորություն՝ նախարարն ասաց, որ արտահերթ ընտրություններին սփյուռքի ներկայացուցիչների քվեարկության հարց այս պահին օրակարգում չկա:

«Առաջիկա արտահերթ ընտրությունների մասին մենք չենք կարող խոսել տեխնիկապես, սփյուռքի մեր հայրենակիցները հիմնականում խոսում են ՀՀ քաղաքացիներին սփյուռքում մեխանիզմներ, հնարավորություններ ընձեռելու մասին, նախկինում դեսպանատներում դիվանագիտական կորպուսն է ապահովել, այժմ չի ապահովում: Սրա մասին պետք է խոսենք, ես առաջիկայում վարչապետի հետ հանդիպում ունեմ, ներկայացնելու եմ զեկույց –հաշվետվություն՝ թե´ պաշտոնական, թե´ աշխատանքային այցերի հետ կապված, հետո կետ առ կետ կանդրադառնանք հարցերին»,-ընդգծեց նա` հավելելով, որ հարցը քննարկվում է նաև Արտաքին գործերի նախարարության հետ:

Մանրամասները` տեսանյութում:

Comments
SHARE