Գլխավոր Ամենաընթերցված Պահանջում եմ յուրաքանչյուրիցդ ամենօրյա բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու աշխատանք. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն...

Պահանջում եմ յուրաքանչյուրիցդ ամենօրյա բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու աշխատանք. ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այցով Սյունիքում է

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ս/թ օգոստոսի 9-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Սյունիքի մարզային բաժին:

Կապանում անցկացված խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Սյունիքի մարզային բաժնի խնդիրներին, լսել մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային բաժնում վերջերս անցկացված տեսչական ստուգման արդյունքները:

Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող մի շարք հարցերի պարզաբանմանը, նշել, որ քաղաքացիների հետ հարկ է տանել հետևողական շարունակական բացատրական աշխատանք՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները. «Որպես Ծառայության ղեկավար՝ սա իմ առաջին մարզային այցելությունն ու աշխատանքային խորհրդակցությունն է մարզում:

Կարևորում եմ Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցող այս խորհրդակցությունը նման ձևաչափով: Ուզում եմ արձանագրել, որ Ծառայությունը շարունակելու է որդեգրած քաղաքականությունը՝ իր գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հրապարակային դարձնելու ուղղությամբ: Մենք վեր ենք հանում խնդիրներ, առաջադրում դրանց լուծման ուղիներն ու միջոցներ ձեռնարկում հետագայում խախտումներն ու թերացումները բացառելու և նվազեցնելու ուղղությամբ: Պահանջում եմ ձեզանից յուրաքանչյուրիցդ ամենօրյա բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու աշխատանք, ազնվություն և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ծառայությունը ողջունում է առողջ և ողջամիտ քննադատությունը, սակայն խստորեն դատապարտում է բոլոր այն անհիմն հայտարարությունները, որոնցով Ծառայության կողմից կատարվող օրենքով սահմանված կատարողական գործողություններին տրվում են ոչ հիմնավոր և ոչ իրավաչափ գնահատականներ:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է նաև օրենսդրական նախատեսվելիք փոփոխություններին՝ նշելով, որ դրանք միտված են հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը խոսել է ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշակված օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին՝ պարտապանի հետախուզման հետ կապված, որն էական փոփոխություն է նախատեսում:

Հակոբ Հակոբյանը խորհրդակցության ընթացքում խոսել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացի մասին՝ նշելով, որ Ծառայության կողմից կատարվելու են կոնկրետ քայլեր՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը հնարավորինս լուսաբանելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Սյունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Ասլան Գարաքյանին պարգևատրել է շնորհակալագրով:

Մարզային այցի շրջանակներում Կապանում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր կատարողական վարույթների ընթացիկ հարցեր: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը դրանց վերաբերյալ բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ կարգադրելով սեղմ ժամկետում զեկուցել դրանց կատարման ընթացքի մասին:

Մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքում:

 

Comments
SHARE