Գլխավոր Քաղաքականություն Մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև գտել ենք բոլոր...

Մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին. Ն. Փաշինյանը՝ տավուշցիներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ աշխատանքային այցի հանդիպումներից առաջինը Բերդում էր։ Վարչապետն իր ելույթում ասաց, որ այստեղ վերջին անգամ եղել է «նախահեղափոխական Հայաստանում», 2017-ի մարտին, և հիմա մարդկանց դեմքին տեսնում է ժպիտներ, որն ամենակարևոր բանն է համարում։

«Ինչի՞ համար եմ եկել, ի՞նչ ունեմ ձեզ ասելու: Ձեզ ունեմ ասելու մի շատ կարևոր բան, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են: Ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,-տավուշցիներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ բանալին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացատրությամբ, այն է, որ ավելի քան 20 տարի Հայաստանում ժողովուրդն ուզում էր փոփոխություններ և դրանք տեղի չէին ունենում. եկավ 2018 թվականը և այդ փոփոխությունը տեղի ունեցավ:

«Մենք լուծեցինք մի հարց, որը 23-24 տարի համարվել է անլուծելի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա հարց տվեց՝ ինչո՞ւ էր մնում անլուծելի ու պատասխանեց՝ որովհետև 23-24 տարի մարդիկ մտածում էին, որ քաղաքական փոփոխություն պետք է անեն՝ ընդդիմության այս՛ լիդերը, ա՛յն առաջնորդը և ամեն անգամ, երբ տեղի չէր ունենում փոփոխությունը, նեղանում էին այդ առաջնորդից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, այլ ոչ թե ինչ-որ առաջնորդ: Ամեն մեկը պետք է լինի առաջնորդ:

«Ես նույն մարդն էի մարտի 31-ին և մայիսի 8-ին: Նույն մարդն եմ՝ վերջին 20 տարվա ընթացքում: Մի քանի գիրք ավել եմ կարդացել, մի քիչ տեսքս է փոխվել: Բայց ի՞նչը փոխվեց: Փոխվեց ձեր ընկալումը, փոխվեց այն, որ հասկացաք, որ ամեն ինչ դուք եք որոշում»,-բացատրեց Նիկոլ Փաշինյանը:

Նախքան ելույթ ունենալը Նիկոլ Փաշինյանը զրուցեց մարդկանց հետ, սեղմեց իր հետ հանդիպման եկած տղամարդկանց ձեռքերը:

Այսօր վարչապետը կլինի նաև Նոյեմբերյանում, իսկ վաղն արդեն կհանդիպի Իջևանի և Դիլիջանի բնակիչների հետ։

Comments
SHARE