Գլխավոր Քաղաքականություն «Երկրում մտքի տեռոր է տեղի ունենում»․ Հ․ Մարգարյանը՝ Ռ․ Քոչարյանի միջնորդությունից հետո...

«Երկրում մտքի տեռոր է տեղի ունենում»․ Հ․ Մարգարյանը՝ Ռ․ Քոչարյանի միջնորդությունից հետո ՀՅԴ-ի հասցեին հնչող քննադատությունների մասին

Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում։ Եթե չենք ուզում` թողնենք, ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին, իսկ եթե ուզում ենք` ժամանակին պետք է հիշեցնենք՝ ինչից խուսափի, որ ճանապարհով չգնա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը՝ անդրադառնալով 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունից հետո Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։

«Ես զարմանում եմ, որ Դաշնակցությանը քննադատում են, որովհետև մենք ուզում ենք, որ նոր Հայաստանի այս շարժումը հաջողի։ Եվ հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն։ Հակառակը` ոնց որ մտքի տեռոր լինի, երկրում մտքի տեռոր է տեղի ունենում։ Այսինքն` մտահոգվելու իրավունք էլ չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն չունե՞նք։ Եթե գործընկեր ենք, այդպես ենք կարող գործընկերություն անել, ոչ թե լռելով և համակերպվելով։ Մոտեցումը բարյացակամ է, մենք երկրի ապագայի համար ենք մտահոգ, բայց թույլ չենք տա ոչ մեկին մտքի տեռոր անել։ Տեռորը, տեռոր է, ուզում ես` կրակի, ուզում ես՝ միտքն արգելակի»,- հայտարարեց Հրանտ Մարգարյանը։

Հիշեցնենք, որ 45 պատգամավոր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, այդ թվում՝ 3 ՀՅԴ-ական պատգամավոր։ Դաշնակցության այս քայլը քննադատվեց այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ կոալիցիայի մեջ լինելով՝ «Մարտի 1-ի» գործի շրջանակում ձերբակալված Ռ․ Քոչարյանի ազատ արձակման միջնորդություն էին ներկայացրել։

Comments
SHARE