Գլխավոր Քաղաքականություն Դուրս եկեք փողոց, տեսեք, թե որքան դրական էներգիա է կուտակվել «Թավշյա հեղափոխությունից»...

Դուրս եկեք փողոց, տեսեք, թե որքան դրական էներգիա է կուտակվել «Թավշյա հեղափոխությունից» հետո. նախարարը՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին

«Քայլ դեպի տուն» ծրագրի բացման արարողությանը ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական սփյուռքի տարբեր օջախների ներկայացուցիչներին կոչ արեց հայրենիքում պատմամշակութային վայրեր այցելելուն զուգընթաց դուրս գալ փողոց, շփվել մարդկանց հետ և տեսնել, թե հեղափոխությունից հետո Հայաստանում դրական ինչ էներգետիկա է կուտակված:

«Մեր պետությունը ևս ձեզ սիրելու է: Բայց ուզում եմ, որ դուք բացի այն, որ այցելելու եք տարբեր պատմաշակութային վայրեր, երբեմն դուրս գաք և շփվեք մարդկանց հետ: Տեսնեք, թե որքան դրական էներգետիկա է կուտակվել «Թավշյա հեղափոխությունից» հետո: Խոսե՛ք, զրուցե՛ք, կիսվե՛ք, ճանաչե՛ք ձեր հայրենակիցներին: Դուք կսիրեք իրենց»,- կոչ արեց Մխիթար Հայրապետյանը:

Նա հավելեց, որ չգիտի՝ երբ՝ 1-2-3 տարի անց, Հայաստանում, թե այլուր, նրանց մի մասի հետ դեռ հանդիպելու է:

Բայց գիտի, որ անձամբ ու իր թիմն անելու են ամեն բան, որ դահլիճում նստած սփյուռքահայերից շատերը տեղափոխվեն Հայաստան:

«Բայց նրանք, ովքեր կրկին կվերադառնան իրենց երկրներ, նրանց ուղղակի մի բան եմ ուզում ասել: Եթե գա մի օր, երբ դուք կկարոտեք և դուք նեղացած կլինեք աշխարհից, տխուր կլինեք, ուղղակի ուզում եմ՝ մի բան լավ հիշեք ու մտաբերեք՝ դուք այստեղ հյուրեր չեք: Դուք տանտիրոջ կարգավիճակով եք: Եվ որ կա մի փոքր պետություն, բայց մեծ ներուժով, 42 հազար կիլոմետր տարածքով, որը սպասելու է ձեզ: Շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ»,-Մխիթար Հայրապետյանի այս հուզական ելույթը մի քանի անգամ ընդհատվեց բուռն ծափողջյուններով:

Այնուհետև սփյուռքի նախարարի եղբայր «Հայկ Ստվերը» կատարեց «Թավշյա հեղափոխության» հիմնը դարձած «Իմ քայլը» երգը:

Հիշեցնենք, որ այսօր Հայ-ռուսական համալսարանում մեկնարկեց «Քայլ դեպի տուն» ծրագրի բացման միջոցառումը: Ծրագիրը, որն իրականացվելու է օգոստոսի 10-24-ը իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը,նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար և ունի 2 բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ:

Նախատեսված են հանդիպումներ պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:

Comments
SHARE