Գլխավոր Տնտեսություն Գյուղատնտեսության ապագան սակավահող և սակավաջուր երկրում ինտենսիվ և բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությանն է....

Գյուղատնտեսության ապագան սակավահող և սակավաջուր երկրում ինտենսիվ և բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությանն է. նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը օգոստոսի 8-ին այցելել է Կոտայքի մարզում գտնվող Նոր Գեղի վարչական համայնքի մի շարք ջերմոցային տնտեսություններ և ինտենսիվ այգիներ: Նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Նոր Գեղի վարչական համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը և այլ պատասխանատուներ: Այս մասին տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարությունից:

Այցը մեկնարկել է «Էդար Ֆուդ» ՍՊԸ ջերմոցային տնտեսությունից: 1 հա տարածքում մշակելով լոլիկ և վարունգ՝ տարեկան ստանում են 200-ից 250 տոննա բերք, որն ամբողջությամբ իրացնում են ներքին շուկայում: Ընկերության գյուղատնտես Վլադիմիր Պողոսյանի խոսքով՝ ստանում են որակյալ բերք ոչ միայն բարձրակարգ սածիլներ օգտագործելու, այլև ներդրված ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ:

Ոռոգումն իրականացնում են կաթիլային համակարգով:

«Կաթիլային ոռոգման համակարգի առավելությունն այն է, որ քիչ և նպատակային ես օգտագործում ջուրը: Նաև ավելի որակով բերք ես ստանում»,-նշել է Վլադիմիր Պողոսյանը:

Ապա նախարար Խաչատրյանն այցելել է խնձորի ինտենսիվ այգի: 2016թ. հիմնված այգին այս պահին զբաղեցնում է 30 հա, սակայն տարածքն ընդլայնվելու  է ևս 20 հեկտարով: Այգու համասեփականատեր Միքայել Լազարյանի խոսքով՝ խնձորից բացի տնկելու են  նաև տանձի, սալորի և կեռասի ծառեր:

«Ինտենսիվ այգին ավելի վաղ ժամկետում է անցնում բերքատվության, քան ավանդական այգին: Ինտենսիվ այգիների դեպքում 1 հա հողատարածքում տնկվում են ընդհուպ տասն անգամ ավելի տնկիներ»,-ասել է Միքայել Լազարյանը՝ հավելելով, որ թեպետ նոր են շուկա դուրս գալու, սակայն համոզված են, որ իրացման խնդիր չեն ունենա, որովհետև  ստացել են որակյալ բերք՝  շնորհիվ տնկված  գաճաճ ծառերի,  կաթիլային ոռոգման համակարգի և կարկտապաշտպան ցանցերի, որոնք ինտենսիվ այգու բաղադրիչ մասն են կազմում:

Նոր Գեղի համայնքում Արթուր Խաչատրյանն այցելել է նաև «Օզեմ» ՍՊԸ ջերմոցային տնտեսություն, որտեղ արդեն ինը տարի   զբաղվում են լոլիկի և վարունգի մշակությամբ: Ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ հետաքրքրված է նախարարության կողմից առաջարկվող մասնակի սուբսիդավորվող վարկային ծրագրերով, մասնավորապես ցանկանում է դիմել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:

«Ագրոպարենային արտադրության բնագավառի ցանկացած ձեռնարկություն, լինի դա սպանդանոց, չորանոց, ջերմոց, կաթի մթերման արտադրամաս, կարող է ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ: Շուկայական տոկոսադրույքը 11 տոկոս է, 7-ը սուբսիդավորում է պետությունը, այսինքն՝ 4 տոկոսով կարելի է ձեռք բերել սարքավորում»,-նշել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ վարկը տրամադրվում է 8 տարի մարման ժամկետով:

Արթուր Խաչատրյանի հաջորդ կանգառը ելակի արտադրությամբ զբաղվող «Էկոբերի» ընկերության ջերմոցային տնտեսությունում էր: 1,5 տարի առաջ հիմնված ջերմոցը զբաղեցնում է 3 հա, ելակն աճեցվում է հիդրոպոնիկ եղանակով, իրացվում է թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկայում:

Հիդրոպոնիկ մշակությամբ է զբաղվում նաև մոտ 5 տարի առաջ հիմնված «Արմֆուդ» ընկերությունը, որը նախարարի հաջորդ կանգառն էր: 4 հա տարածքում մշակում են լոլիկ: Յուրաքանչյուր տարի սածիլները փոխարինվում են: Նոր սածիլները հատ առ հատ մշակվում են, ապա՝ տեղափոխվում ջերմոց: Ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Կարապետյանը նախարարին տեղեկացրեց, որ արդեն նոյեմբերին կունենան նոր սածիլների առաջին բերքը, որը շուկայում որակապես մրցունակ կլինի:

«Գյուղատնտեսության ապագան սակավահող և սակավաջուր երկրում, իհարկե, ինտենսիվ և բարձր տեխնոլոգիական գյուղատնտեսությանն է: Մենք պետք է օգնենք թե նրանց, ովքեր այդ ճանապարհով առաջին քայլերն են անում, թե մեր գյուղացիներին ու գյուղացիական տնտեսություններին, որպեսզի նրանք կարողանան ավելի բարձր մակարդակի հասցնեն իրենց տնտեսությունները, ավելի ճիշտ կարողանան զբաղվել գյուղատնտեսությամբ»,-նշել է Արթուր Խաչատրյանը:

Նոր Գեղի վարչական համայնքում Արթուր Խաչատրյանը հանդիպել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները: Գյուղացիները տեղեկացրել են, որ համայնքում առաջնային է ոռոգման ջրի հարցը: Անդրադառնալով թեմային՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ իրականում Կոտայքում ոչ թե ոռոգման ջրի, այլ՝ ոռոգման ռեսուրսների կառավարման խնդիր ունեն:

«67 մեծ, միջին և մանր համայնք ունեցող մարզում բոլոր բնակավայրերին մեկ միությամբ հավուր պատշաճի սպասարկելն իրականում անհնար է: Միայն տարալուծման, ապակենտրոնացման ճանապարհով մենք կարող ենք կառավարչական իմաստով մեղմել իրավիճակը»,-ասել է մարզպետը՝ հավելելով, որ արդեն հաջորդ տարի խնդիրը կկարգավորվի:

Մարզպետը նաև դրական է գնահատել գյուղատնտեսական տարին՝ բնական աղետներից չեն տուժել, առատ և բարձրորակ բերք են ստացել, այժմ էլ մտածում են, թե ինչ քայլեր ձեռնարկեն, որ օգնեն գյուղացուն իրացման հարցում:

Comments
SHARE