Գլխավոր Հիմնական Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել

Արհավիրք, որ պետք է անհապաղ կասեցնել

Օրերս հանդիպեցի մի խումբ բնապահպանների հետ: Երևանում օդի աղտոտվածությամբ պայմանավորված մի շարք քրոնիկ ծանր և մահացու հիվանդությունների աճի դինամիկան ուղղակի սարսափելի է: Սա արհավիրք է, որը պետք է անհապաղ կասեցնել: Ես սա ասում եմ նաև որպես լրագրող, ով երկար տարիներ զբաղվել է այս խնդրով:
Ներկայացնում եմ հրաշալի բնապահպան Կարինե Դանիելյանի կողմից արված շատ լուրջ հետազոտության ընդամենը մի քանի դրվագներ, որպեսզի պարզ լինի, թե այս աղետն ինչ զարհուրելի հետևանքներ կարող է ունենալ: Առաջիկայում նախատեսում ենք հրավիրել մեծ համաժողով ՝ այս լրջագույն խնդիրը բոլոր շահարգրգիռ կողմերի հետ քննարկելու համար:
Եվ, ուրեմն ՝ ըստ անցկացված գիտական մի շարք հետազոտությունների ՝ աշխարհում հայտնի բնական վտանգներից Հայաստանին հատուկ են շուրջ 110 տեսակի վտանգներ, իսկ բնական աղետների /հատկապես երկրաշարժերի և սելավների/ նկատմամբ պոտենցիալ առավել ռիսկային գոտի է Երևանը: Սա ՝ վերջին տասնամյակների քաղաքի խիտ կառուցապատման, դրենաժային համակարգի խաթարման հետևանքն է: Բավականին մտահոգիչ է նաև այն, որ քաղաքը սելավներից պաշտպանող համակարգն ամբողջությամբ շարքից դուրս է բերված ` Գետառ գետը կառուցապատվել է, Ավանում և քաղաքամերձ հյուսիսային վայրում հնարավոր սելավային ջրերը ընդունող ջրամբարները կիսով չափ կառուցապատված են, կիսով չափ ծածկված շինարարական աղբով: Փորձագիտական հանրությանն իրավացիորեն անհանգստացնում են հատկապես անտառների հրդեհների աճը և անապատացման ռիսկերը երկրում, քանզի անապատացման ենթարկվող տարածքներում օրինաչափորեն աճում է կարիճների, օձերի քանակը, հետևաբար ՝ մարդկանց, ուստի և երեխաների խայթոցների քանակը: Այդ երևույթն առավելապես արտահայտված է հենց Երևան քաղաքում: Լուրջ խնդիր են հանդիսանում մի շարք պոլիգոն¬ներում կուտակված տոքսիկ թափոնները։ Մասնա¬վորա¬պես, Երևանի արվարձանում, սողան¬քային գո¬տում գտնվում է թափոնների գերեզմանոցը, որտեղ պահվում են 60 անվանումով 512 տոննա թունա-քիմի¬կատներ (առավելապես ժամկետանց պեստիցիդներ): Գերեզմանոցն ան¬հրա¬ժեշտ ձևով մեկու¬սացված չէ շրջակա միջավայրից և շատ վտանգավոր է: Վտանգավոր է նաև Երևան քաղաքի մթնոլորտային օդում կապարի պարունակությունը, որը հասնում է 1,5-4,5 մկգ/մ3: Սա լրջագույն խնդիր է ՝ ծանր մետաղները, նորմալ կարգավորման սահմանը գերազանցող, բարձր կոնցետրացիայի դեպքում վերածվում են ֆերմենտների ինգիբիտորների և օրգանիզմների վրա ունենում են տոքսիկ, ալերգիկ, քաղցկեղածին ազդեցություն: Երեխաները, որպես առավել խոցելի խումբ, առավել մտահոգության, ուշադրության և պաշտպանության կարիք ունեն նշված տոքսիկ նյութերի խիստ բացասական ազդեցությունից:
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» մասնագիտացված հասարակական կազմակերպությունը լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացրել «Էնդոկրին քայքայիչները և դրանց վտանգը մարդու առողջության համար» ոլորտում: Գոյություն ունեն բավականին համոզիչ ուսումնասիրություններ, որոնք որոշակի հիվանդությունների աճը կապում են այդ քիմիկատների ազդեցության հետ: Թվարկեմ հորմոնալ քայքայիչների պատճառած առողջական խնդիրներից մի քանիսն ընդամենը ` բնածին արատներ. վաղաժամ ծնունդներ, մեռելածնություն, ինչպես նաև ՝ կրծքի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն, ճարպակալում, շաքարախտ:
Երեխաները, գտնվելով առավել ռիսկային գոտում, ունեն մեր պաշտպանության կարիքը: Հայաստանում «Թույներից ազատ խաղալիքներ» ծրագրի շրջանակում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի (AWHHE) » ՀԿ-ի կողմից նմուշառված 68 խաղալիքի մոտ 20 %-ը պարունակել է առնվազն 1 ծանր մետաղ, որի խտությունը գերազանցել է ՍԹԽ-ն: Ամենից հաճախ հանդիպող խնդիրներից է խաղալիքներում կապարի բարձր պարունակությունը: Սնդիկի, կադմիումի և մկնդեղի պարունակությունը նույնպես առանձին նմուշներում գերազանցել է ՍԹԽ-ն: Տոքսիկ մետաղներ պարունակող խաղալիքների մեծ մասն արտադրված է Չինաստանում, Թուրքիայում, իսկ վտանգավոր խաղալիքներից երկուսը հայկական արտադրության են: Փաստերը մտահոգիչ են, քանզի երեխաներն, ամեն ինչ բերանը տանելու ցանկությամբ պայմանավորված, ենթարկվում են ծանր մետաղների լրացուցիչ ազդեցության: Ընդ որում, մտահոգիչ է, որ երեխաների մոտ տեղի է ունեցել քաղցկեղով և բնածին շեղումներով հիվանդացության զգալի աճ 1990-2014թթ. ժամանակահատվածում, թեև ընդհանուր հիվանդացությունը ֆիքսել է անկում: Եվ, չնայած այն պարզ հանգամանքին, որ ամեն մարզ ունի ռիսկային համարվելու պատճառների իր ուրույն բնութագիրը, Երևանում, կարծես, խաչվում են գրեթե բոլոր հայտնի ռիսկերը /Նուբարաշենի տոքսիկ նյութերի գերեզմանոցը, որից տարածվում են կայուն օրգանական աղտոտիչները, քաղաքի աղբավայրերը, ներառյալ Երևանի կենտրոնում տեղաբաշխված անվերահսկելի աղբանոցը, դրենաժային համակարգի անկատարությունը, քաղաքամերձ տարածքում և նույնիսկ կենտրոնում գործող հանքերը, որոնք շռայլորեն «մատակարարում» են քաղաքի օդային ավազանը փոշով, լանջերի անտառազրկումը/ և այդ իրավիճակը վատթարանում է անկախության տարիներին իրականացված հակաէկոլոգիական քաղաքաշինության շնորհիվ: Մասնավորապես, մեծ բացասական դեր է կատարել Կենտրոնի կառուցապատման խտացումը բարձրահարկ շենքերով, հաճախ կանաչ տարածքների հաշվին, ինչը խոչնդոտ է դարձել օդային ավազանի ինքնամաքրման համար, սելավատար Գետառի կառուցապատումը/փակումը և համապատասխան ջրհավաք պաշտպանիչ կառույցների վերացումը: Քննարկվող թեմայի համատեքստում հատուկ պետք է ընդգծել մի շարք դպրոցների անմիջական հարևանությամբ կանաչ գոտիների և սպորտային տարածքների հաշվին բարձրահարկ շենքերի կառուցումը, ինչը նաև սեյսմիկ վտանգն է խորացրել այդ դպրոցների նկատմամբ: Նշենք նաև, որ շինանյութերի այդպիսի կենտրոնացումը հղի է ռադիոակտիվ ֆոնի բարձրացմամբ։

Comments
SHARE