Գլխավոր Տնտեսություն ՀՀ-ում տարեկան գոյանում է 7 մլրդ խմ վերականգնվող ջրային պաշար, դա բավարար...

ՀՀ-ում տարեկան գոյանում է 7 մլրդ խմ վերականգնվող ջրային պաշար, դա բավարար է ոռոգելու համար, Սևանին պետք է ձեռք չտալ․ Ս․ Մինասյան

Նախորդ կառավարություններն իրենց վատ աշխատանքի հետևանքները քողարկելու համար մշտապես Սևանից ջուր են վերցրել՝ առանց հաշվի առնելու, որ Սևանը էկոհամակարգ է, որին չի կարելի այդպես վերաբերվել։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտ. թեկնածու Սեյրան Մինասյանը։

Փորձագետը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը, որովհետև մշտապես Սևանի կառավարմանը մասնակից կառույցները Սևանին նայել են որպես ջրի տարայի։

«Սևանի նկատմամբ ամենաբարբարոս վերաբերմունքը, որքան էլ ցավալի է, անկախ Հայաստանի ժամանակաշրջանում է, ոչ մի նվաճող Սևանին այդպես չի վերաբերվել։ Կարծում եմ՝ վարչապետի հանձնարարականը շատ տեղին է, ուղղակի այստեղ հարց է, թե ինչքան արդյունավետ այդ հանձնարարականը կիրականացնեն»,- նշեց նա։

Սեյրան Մինասյանի տվյալներով՝ Հայաստանում տարեկան գոյանում է մոտ 7 մլրդ խմ վերականգնվող ջրային պաշար, որը բավարար է բոլոր կարիքները հոգալու, ոռոգում իրականացնելու համար՝ առանց վնասելու Սևանին։

«Պարզապես փնթի, վատ կառավարման արդյունքում այն աստիճանի են եղել ջրի կորուստները՝ 70-80 տոկոս, որ ջուրը չի բավականացրել որոշակի հատվածներ ոռոգելու համար, և անընդհատ դիմել են Սևանին, որովհետև դա ամենահարմար միջոցն է, համ էլ հոսանք են ստանում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին վարչապետի գլխավորությամբ տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները:

Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել.

«Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիք կամ ջրի տարա: Դա բացարձակապես անթույլատրելի է»։

Ն․ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանի խոսքով՝ այս տարի նոր կառավարությունը պետք է թույլ չտա Սևանից լրացուցիչ ջրառ իրականացնել, որովհետև լիճը գտնվում է կրիտիկական վիճակում։ Ըստ նրա՝ նույնիսկ օրենքով նախատեսված 170 մլն խմ-ը պետք բաց չթողնվի։

«Դեռևս 1960-ական թթ․-ին կանխատեսվել էր, որ ջրի ցածր մակարդակը կհանգեցնի լճի ճահճացման, որի համար Խորհրդային Միությունը միլիարդավոր գումարներ ծախսեց, որպեսզի ջրի մակարդակը բարձրացվի։ Այժմ ջուրը ազոտով, ֆոսֆորով և կենսածին այլ նյութերով խիստ հարստացած է, և այս տարի ջերմաստիճանն այնքան բարձր էր, որ դա բերեց նրան, որ ինտենսիվ կերպով գնացին կենսածին պրոցեսներ, և լիճն արագ գնաց ճահճացման»,- նշեց նա։ 

Comments
SHARE