Գլխավոր Տնտեսություն Ես չեմ նկատում, որ որևէ էական տեղաշարժ լինի բյուջետային կամ ծախսային քաղաքականության...

Ես չեմ նկատում, որ որևէ էական տեղաշարժ լինի բյուջետային կամ ծախսային քաղաքականության մասով. Բ. Ասատրյան (տեսանյութ)

Տնտեսական քաղաքականության առումով մենք դեռ ունենք բազմաթիվ բացեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

«Ես, ցավոք, չեմ նկատում, որ որևէ էական տեղաշարժ լինի բյուջետային կամ ծախսային քաղաքականության մասով: Մեր բյուջեն լցված է անիմաստ ավելորդություններով:

Անարդյունավետ ծախսերի խնդիրը շատ սուր է: Երբ նայում ենք սոցիալական ծախսերի ծավալներին, մենք չպետք է ունենանք 30 տոկոս աղքատություն: Սա նշանակում է, որ այս սոցիալական քաղաքականության, ծախսերի մեջ ունենք բազմաթիվ բացեր»,- նշեց նա:

Բագրատ Ասատրյանը նաև անդրադարձավ Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին՝ նշելով, որ հարկային քաղաքականության հեղափոխական փոփոխությունը պետք է լինի փուլերով՝ առաջիկա 3-5 տարիների ընթացքում.

«Ես գիտեմ, որ մշակումներ են ընթանում: Ես այստեղ տեսնում եմ մեծ ոգևորություն, բայց նաև ունեմ մեծ անհանգստություն: Հարկային օրենսդրությունն անհնար է կարճ ժամանակահատվածում փոխել, այս գործընթացը պետք է բաժանել փուլերի: Ընդ որում, լուծումները պետք է լինեն շատ խոր քննարկված, վերլուծված»:

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թ-ի առաջին կիսամյակում, ըստ ԱՎԾ-ի տվյալների, կազմել է 8․9%։ Այս տարվա հունիսին նույն ցուցանիշը կազմել է 9․6%: Աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում։

2018 թվականի հունվար-հունիսը 2017-ի հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.7%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 5.5%-ով, շինարարության ծավալը՝ 3.5%-ով , առևտրաշրջանառությունը՝ 9.1%-ով, ծառայությունների ծավալը (առանց առևտրի) 8.1%-ով։

Ամենալավն այս ցուցանիշներում, ըստ Բ. Ասատրյանի, շինարարության աճի բարձր տեմպն է, ինչպես նաև ժողովրդագրական պատկերի դրական փոփոխությունը. «Կտրուկ նվազել են մեկնողների և ժամանողների միջև տարբերությունը: Եթե այս պատկերը փորձենք տարվա արդյունքներով նայել, ապա արդեն նշմարվում է մի երևույթ, որը երկար տարիներ մեր կյանքում չէր եղել. հնարավոր է, որ մենք տարին ամփոփենք ներգաղթով: Սա ես համարում եմ ամենալավ ցուցանիշը: Սա մեր տնտեսության առողջացման առաջնային հատկանիշներից, ցուցիչներից մեկն է»:

«Անհանգստացնող բաներ կան. դա, իհարկե, արդյունաբերության աճի տեմպերի դանդաղումն է: Բոլորս հասկանում ենք, որ այստեղ հիմնական գործոնը լեռնաարդյունաբերությունն է:  Կան խնդիրներ, որոնք հենց այսօրվանից պետք է լուծվեն: Այս կիսամյակում դրսևորվեց մի երևույթ, խոսքը արտահանման և ներմուծման ծավալների մասին է: Թիվ մեկ թիրախային հարցը Կառավարության համար պետք է դառնա սա»,- նշեց նա:

Comments
SHARE